Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրական փակուղի

Նոյեմբեր 18,2020 10:00

Նրանք, ովքեր կարծում են, որ Արցախում կրած աղետալի պարտությունից հետո իշխանությունը պետք է փոխվի, քիչ շանսեր ունեն իրենց նպատակները սահմանադրական ճանապարհով իրագործված տեսնելու: Վարչապետը, ինչպես երեւում է, մտատանջություններ չունի, որ մենք կորցրել ենք Արցախի կեսը, որ մյուս կեսի եւ Հայաստանի գլխին վտանգ է կախված, որ մենք ունենք հազարավոր զոհեր եւ տասնյակ հազարավոր գաղթականներ: 1915 թվականից հետո այս՝ ամենախոշոր ազգային ողբերգության համար նա իրեն, որքան հասկանում եմ, ամբողջական պատասխանատու չի համարում:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, որոնց միջոցով կարող է տեղի ունենալ իշխանափոխությունը, նույնպես վստահ են, որ խոշոր պատմական պարտության մեջ մեղավոր են «նախկինները», «դավաճանները», վատ գեներալները, վատ զինվորները, Ծառուկյանը, դաշնակցությունը՝ ով ասես, բայց ոչ իրենց առաջնորդը եւ անձամբ իրենք: (Ենթադրում եմ, որ մեր քաղաքացիների մի հսկա զանգված այս պահին կիսում է այդ կարծիքը):

Մի խոսքով, վարչապետը չի ուզում հրաժարական տալ, խորհրդարանական մեծամասնությունը չի ուզում նրան պաշտոնանկ անել: Չեմ պատկերացնում, թե ինչպես է հնարավոր ազդել նրանց խղճի կամ բանականության վրա:

Իշխանափոխության խաղաղ սահմանադրական ճանապարհները դրանով սպառվում են: Կա տարբերակ, որը կիրառվել է 2018 թվականի ապրիլին, երբ փողոցը պարտադրեց իր իշխանությունը: Շեշտեմ՝ փողոցը, ոչ թե հեղինակություն չունեցող կուսակցությունները: Բայց այսօրվա իրավիճակում այդ ճանապարհն ինձ չափազանց վտանգավոր է թվում, քանի որ վստահ եմ՝ այս անգամ ամեն ինչ թավշյա չի լինելու, եւ իրավիճակի սրման դեպքում պետական եւ քաղաքական համակարգը չի կարողանա զսպել բռնությունները: Փաշինյանը Տեր-Պետրոսյան չի, որ քաղաքացիական բախումների տեսական սպառնալիքի դեպքում անգամ հրաժարական տա՝ նա կշարունակի մեղադրել, խարազանել, սպառնալ՝ «կջարդեմ, կփշրեմ» եւ այլն: Ինչպես որ պարտված պատերազմի ընթացքում խոստանում էր կոտրել հակառակորդի ողնաշարը:

Հանրապետության նախագահը, բնականաբար, պարտավոր էր առաջարկել սահմանադրական լուծումներ՝ դա պատասխանատու պետական գործչի կեցվածք էր: Բայց մեր պետական համակարգն այնպիսին է, որ ո՛չ նախագահը, ո՛չ նախարարները, ո՛չ պատգամավորները որեւէ բան չեն որոշում: Որոշում է միայն մեկ մարդ, եւ այդ մարդը կարող է նախագահի առաջարկները բանի տեղ չդնել:

Եթե այս իրավիճակից մենք, այնուամենայնիվ, կարողանանք դուրս գալ, անհրաժեշտ կլինի, հավանաբար, փոխել կառավարման համակարգը՝ վերադառնալ կիսանախագահական համակարգին (որի տարբերակները, ինչպես հայտնի է, շատ են), ինչպես նաեւ 100 տոկոսանոց մեծամասնական համակարգին՝ եթե Հայաստանը բաժանվի փոքր ընտրատարածքների, ապա այնտեղ կարող են ընտրվել իրական քաղաքական գործիչներ: Բոլոր դեպքերում, այն վիճակը, երբ կուսակցապետն է նշանակում պատգամավորների, որոնք ամեն ինչով պարտական են իրեն եւ ոչ թե ընտրողներին, այդ վիճակը շարունակվել չի կարող:

Ներկայիս ավտորիտար համակարգից պետք է անցնել ոչ թե ռազմական դիկտատուրային, ինչպես ոմանք են առաջարկում, այլ ժողովրդավարությունը: Գիտեմ, որ դա իրականում շատ քչերին է հուզում, բայց, ինձ թվում է, մենք այլ ճանապարհ չունենք:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Hay says:

    Այժմ ՆՓ-ի հրաժարականը պետք չի, որովհետև 100%-ով իշխանության են գալու նախկինները, հիմա նա պիտի կարգավորի վիճակը և մի որոշ ժամանակ հետո հրաժարական տա, ընտրվի մի խելքը գլխին, ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ վարչապետ, իսկ ինքը, եթե դուխը հերիքի, ինքնավերանա:

  2. Նարեկ says:

    Նախ Hay-ին խնդրեմ նախկինների վերադարձի մասին սարսափ հեքիաթները դադարեցնել:

    Իսկ ձեզ Պարոն Աբրահամյան հիշեցնեմ մի լավ երգ.

    Երբ չի մնում ելք ու ճար
    Խենթերն են գտնում հնար
    Այսպես ծագեց, արեգակեց
    Սարդարապատի մարտը մեծ

    Հաջող լուծում հաստատ կգնտվի: Ուղղակի վախենամ Նիկոլը ուժեղացնի վաղուց սկսած բռնությունները:

  3. Hay says:

    Նարեկ հավատացեք որ էս պահին ամենասարսափելի բանը դա էն խորհրդարանը ջարդող կենդանիների պապայի վերադարձն է:

  4. Ruben says:

    Որպես Հայաստանի երիտասարդ հանրապետության քաղաքացի ՝ ես հարց եմ տալիս ժողովրդի ծառաներին. Ինչո՞ւ կառավարությունը չընդունեց Արցախի անկախությունը:
    Թուրքիան կանգնած էր Ադրբեջանի թիկունքում:
    Ռուսաստանը կանգնած էր Հայաստանի թիկունքում:
    Թուրքիան հաղթեց Ռուսաստանի՞ն:
    Հանցագործները, ովքեր հանցագործություններ են կատարել պետականության և ազգի դեմ, Հայաստանում երբեք չեն դատվում և չեն դատապարտվում:
    Ալեքսանդրապոլի (թուրք.՝ Gümrü, ռուսերեն ՝ Гюмри, հայերենում ՝ Գյումրի), պայմանագիրը (թուրք.՝ Gümrü Antlaşması) 1920 թվականի դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այն ստորագրել է Ալեքսանդր Խատիսյանը։
    «Մի’ դատեք, որ չդատվեք…» հա՞:

  5. Ruben says:

    Այսօրվա հանրահավաքները Երևանում հիմք են հանդիսանում արձանագրելու, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական պատերազմի նախապատրաստություն է սկսվել (18 նոյեմբերի, 2018 թ.):
    Եթե ազգային անվտանգության ու ոստիկանության ծառայությունները չկատարեն իրենց անմիջական պարտավորությունները, կկատարվի անկանխատեսելին:

  6. Լավատես says:

    Չեմ կարծում, որ նույնիսկ գերտերություններն ինքնագլուխ քաղաքականություն են վարում, էլ չասենք մնացած այլ պետությունները: Քանի որ ոչ մի տեղ չի գրվում, թե ո՞րն է այդ քաղաքականությունը, որին ստիպված ենթարկվում են բոլոր անխտիր պետությունները, փորձեմ ենթադրություններ անել սիրողական մակարդակով:
    Համաշխարհային կոռպոռացիաներն ընդդեմ պետականության, պետություններն ընկալվում են որպես ֆեոդալական կառույցներ, որոնք իրենց դարն ապրել են եւ դրանց փոխարեն պետք է գա միջազգային կոռպոռատիվ կապիտալիզմը, որն ավելի արդյունավետ է: Սակայն դրա հետ մեկտեղ գնում է արհեստական բանականության ներդրումը ռոբոտների մեջ, որն էլ շատ հարցերում փոխարինում է մարդուն, օրինակ մարդու ցանկացած ցիկլային գործունեության բնագավառում մտածող ռոբոտը կարող է մարդուն փոխարինել եւ միայն յուրահատուկ իռռացիոնալ հարցերում արհեստական բանականությունը զիջում է բնական բանականությանը: Ֆեոդալիզմն իր տեղը զիջեց կապիտալիզմին եւ հետամնաց մարդիկ ջարդում էին կապիտալիզմի մեքենաները, որոնք ավելի արդյունավետ էին աշխատում, քան մարդիկ:
    Անիմաստ է նաեւ հիմա դուրս գալ մտածող ռոբոտների դեմ, բայց մենք մեր ազգային արժեքները պետք է ամեն գնով պաշտպանենք եւ պահպանենք, ինչպես մեր ժամանակների տեխնիկական առաջընթացը ոչ մի կերպ չվնասեց այսօրվա ճապոնացիներին կամ կորեացիներին իրեն դարավոր մշակույթը պահպանելու ու զարգացնելու:
    Դրա համար, որպեսզի նոր տեխնիկական դարաշրջան մտնենք եւ չկորցնենք մեր ազգային ինքնությունը, մենք պետք է շատ ու շատ խորացնենք մեր ազգային արմատները ժողովրդի մեջ, այն միջազգային փոթորիկները, որոնք արդեն սկսվել են, առանց հզոր ազգային արմատների, մեզ կպոկի ու կտարածի աշխարհով մեկ, որն էլ եղավ հարյուր տարի առաջ եւ հիմա, երբ մենք ունենալով հսկայական ազգային տեխնիկական ստեղծագործ ներուժ, այն մենք չօգտագործեցինք մեր ազգի զարգացման ու մրցունակ լինելու վրա, բոլորս զբաղված էինք մանր մունր անձնական ֆեոդալական հետամնաց բիզնեսով: Եթե այսօր էլ շարունակենք մեր ‘ֆեոդալական’ կենսակերպը, մենք ապագայում մեր ազգային տեղը չենք ունենա, կլինենք ուրիշ ազգերի համար տաղանդավոր բայց ծառայող: Կարճ ասած, մենք մեր ‘ֆեոդալին’ պետք է լուծարենք, ընտանիքը որպես ազգային արժեքների տաճար ու ամրոց, պետք է խստորեն կանոնակարգվի, պետք է պահպանվի եւ գրական լեզուն եւ բարբառը, երեխան պետք է սովորի պաշտպանել ընտանիքը,դրա համար պետք է մանկապարտեզից սկսած զենքի արվեստին տիրապետի:
    Դժբախտությունը’ դա նույն բարեբախտությունն է, միայն հակառակ նշանով, իսկ նշանը փոխելու համար մենք ունենք աստծո տված բոլոր շնորհքները, մեզ էդ դեբիլ մանր անձնակենտրոն ֆեոդալն է կամ որ նույնն է ժամանակակից ձեռներեցն է, մեր հերն անիծում, եթե դրան չհաղթահարենք, այդպես էլ շարունակելուենք գելի բաժին լինենք: Իսկ եթե հաղթահարած լինեինք հարյուր տարի առաջ, մենք ոչ միայն ցեղասպանություն չէինք ապրի, այլեւ կլինեինք ոչ պակաս այսօրվա իրենց ֆեոդալին հաղթած ազգերի բախտին:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30