Լրահոս
Օրվա լրահոսը

«Խորհուրդն Անկախության հռչակագրի հարցը չի քննարկել․ եթե ժողովուրդը չուզենա՝ հանրաքվեով նոր Սահմանադրությունը չի ընդունի»․ Դանիել Իոաննիսյան

Նոյեմբեր 08,2026 14:40 Share
Աջակցեք aravot.am-ին

«Առավոտ»-ի զրուցակիցն է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը։

–Պարոն Իոաննիսյան, արդարադատության նախարարի հայտարարություններից հետո Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը նիստ գումարեց և առաջարկություններ ներկայացրեց Սահմանադրության նախագծի վերաբերյալ։ Ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում՝ խորհուրդը շարունակելո՞ւ է աշխատանքը։

– Խորհրդի աշխատանքը շարունակել-չշարունակելը գործադիրի որոշելիքն է, որովհետև սա վարչապետի հրամանով ստեղծված խորհուրդ է։ Բայց խորհրդի յուրաքանչյուր անդամ կարող է որոշում ընդունել իր աշխատանքը շարունակել-չշարունակելու մասով։ Իմ մասով ես աշխատանքը կշարունակեմ այնքան ժամանակ, քանի դեռ տեսնում եմ, որ խորհրդի աշխատանքն իրական է, այսինքն՝ ռեալ հարցեր են քննարկվում ու մոտեցումներ են ձևավորվում։

Խորհրդի նիստի ժամանակ մի շարք հարցեր են քննարկվել։ Մասնավորապես, քննարկվել է մեր առաջարկությանը՝ Սահմանադրության մեջ հակակոռուպցիոն մարմինների անկախության ամրագրման մասին։ Դրական մոտեցում կա, կոնկրետ ինչ սահմանում տալ, դա դեռ պետք է քննարկվի։ Մյուս հարցը վիճակագրական մարմինների անկախության ամրագրումն է Սահմանադրությունում։ Զարգացած ժողովրդավար երկրներում իշխանության գնահատման ամենակարևոր ինֆորմացիան վիճակագրությունն է, տնտեսության վիճակն է։ Եվ շատ կարևոր է, որ այդ մարմինն իշխանությունից անկախ լինի, շահագրգիռ չլինի իշխանությանը հաճո վիճակագրություն տալ հանրությանը։

Մյուս առաջարկը Ազգային ժողովում քննիչ հանձնաժողովների ստեղծման և գործունեության կառուցակարգերին է վերաբերում։ Այսօր դա կա, բայց իշխանությունը կարողանում է բլոկավորել քննիչ հանձնաժողովների աշխատանքը։ Խորհրդի մոտեցումն այն է, որ համակարգումներն այնպիսին պետք է լինեն, որ իշխող մեծամասնությունը չկարողանա բլոկավորել քննիչ հանձնաժողովների ստեղծումն ու նաև աշխատանքը։

Քննարկվել է նաև հարցը՝ մարդու իրավունքները ոնց ամրագրել Սահմանադրությունում։ Երկու մոտեցում կա, դրանց շուրջ է բանավեճը, մեկը գործող Սահմանադրությամբ առկա մոտեցումն է, մյուսը՝ արդարադատության նախարարության առաջարկած մոտեցումը։ Խոսքը բովանդակային տարբերության մասին չէ, բովանդակայի տարբերությունները նախկինում քննարկել ենք, և մի շարք լավարկումներ կան։ Օրինակ՝ անձնական տվյալների պաշտպանության հետ կապված լավարկումներ կան։ Քննարկումը շարադրանքի ձևի հետ էր կապված, մասնագետներն ասում են, որ շարադրանքի ձևը կարևոր է այդ հարցում։

Քննարկված հարցերից մեկն էլ Կենտրոնական բանկի հետ կապված կառուցակարգերն են՝ ԿԲ դերի և նպատակների մասին։

-Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարեց, որ նախատեսում են նոյեմբերի ընթացքում հրապարակել նախագիծը։ Եվ ասաց, որ Սահմանադրության նախագիծը կհրապարակվի Արդարադատության նախարարության անունից, քանի որ խորհուրդը պատրաստ չէ ստանձնել Սահմանադրության տեքստի պատասխանատվությունը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։

-Թե ում անունից է հրապարակվելու Սահմանադրության նախագիծը, դա երկրորդական հարց է։ Կարևորն այն է, թե արդյոք խորհուրդն ունի՞ ազդեցություն բովանդակության վրա, թե ոչ։ Եթե խորհուրդն ունի ազդեցություն բովանդակության վրա, ապա խորհրդի աշխատանքն իմաստ ունի։ Եթե խորհուրդը բովանդակության վրա ազդեցություն չունի, այդ դեպքում խորհրդում մնալն իմաստ չունի։ Ես նայում եմ իմ տեսանկյունից՝ ես Հայաստանում ամենահայտնի ՀԿ-ներից մեկի ղեկավարն եմ, եթե ես խորհրդի անդամ լինեմ կամ չլինեմ և իմ ազդեցությունը Սահմանադրության տեքստի վրա նույնքան է լինելու, էլ ինչո՞ւ եմ մնում խորհրդում։ Բայց այս պահին զգում եմ, ուրբաթ օրվա քննարկումն էլ ցույց տվեց, որ տարբերություն կա։

-Այսինքն՝ դուք կարծում եք, որ խորհրդում աշխատանքը շարունակելն իմաստ ունի՞։

-Այն պահին, երբ մտածեմ, որ իմաստ չունի, նույն պահին համապատասխան դիմում կներկայացնեմ և հանրությանն էլ կտեղեկացնեմ, որ դուրս եմ գալիս խորհրդից։ Քանի դեռ իմաստ ունի, ես խորհրդում մնալու եմ։

-Իսկ ինչո՞ւ խորհուրդը պատրաստ չէ ստանձնել Սահմանադրության տեքստի պատասխանատվությունը։

-Ես չէի ասի, որ խորհուրդն իր անունից չի ուզում հրապարակել նախագիծը։ Հարցեր կան, որոնք խորհրդում քննարկվել են, բայց որոշում չի կայացվել։ Խորհրդում գործընթացները դանդաղ են տեղի ունենում, այդ խնդիրը կա։ Ես այդ մասով նախարարությանը հասկանում եմ։ Նաև հասկանում եմ, երբ արդարադատության նախարարն ասում է՝ խորհրդում շատ անդամներ կան,որոնք չեն կիսում այս բեռը։ Այո, խորհրդում կան մարդիկ, որոնք «моя хата с краю» ռեժիմն ունեն։ Կան մարդիկ, որոնք խորհրդի անդամ են, որպեսզի խանգարեն գործընթացին։ Նախարարի այդ խոսքերը, որ խորհրդի անդամները պատրաստ չեն ստանձնել պատասխանատվությունը, բնավ չեմ վերցնում ինձ վրա։ Ինձ թվում է՝ դա վերջին հերթին է վերաբերում ինձ և մի քանի գործընկերներին։

-Նոր Սահմանադրության համատեքստում ամենաքննարկվող հարցը Սահմանադրության նախաբանից Անկախության հռչակագրին հղումը հանելն է։ Իսկ Անկախության հռչակագրում իր հերթին հղում կա Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմանը։ Այս հարցով ի՞նչ քննարկում է եղել խորհրդում, ի՞նչ տեսակետներ կան, ընդունո՞ւմ եք իշխանության տեսակետը, որ պետք է Անկախության հռչակագրին հղում չարվի Սահմանադրության նախաբանում։

-Խորհուրդն այս հարցը չի քննարկվել, ես չգիտեմ՝ խորհուրդը երբևիցե այդ հարցը քննարկելու է, թե՞ ոչ։ Բայց ես ուզում եմ, որ մենք հիշենք՝ խորհուրդն ինչ էլ քննարկի, Սահմանադրության նախագիծը պետք է հավանության արժանանա կառավարության կողմից, այնուհետև՝ Ազգային ժողովի 2/3-ի կողմից, խոսքը 70 պատգամավորի մասին է։ Այնուհետև Սահմանադրության նախագիծը պետք է հավանության արժանանա ժողովրդի կողմից՝ հանրաքվեի միջոցով։ Հետևաբար, եթե կա որոշում, որտեղ կառավարությունը հաստատակամ ասում է՝ սա այսպես պետք է լինի, մեծ հաշվով խորհուրդն այդտեղ շատ որոշելու բան էլ չունի։ Եթե կառավարությունն ասի՝ Սահմանադրության նախագծում Անկախության հռչակագրին հղում չի լինելու, սա Ազգային ժողովի 2/3-ի և ժողովրդի կողմից հանրաքվեով որոշելիք հարց է դառնում։ Վերջնական խոսքը ժողովրդինն է։ Ինչ նախագիծ էլ մենք գրենք, կառավարությունն ինչ որոշում էլ ընդունի, Ազգային ժողովի 2/3-ն ինչ էլ հաստատի, եթե ժողովուրդը չուզենա, հանրաքվեով դա չի ընդունի։ Կներեք, 2015 թվականը չէ, որ դիտորդներին ուղիղ եթերում տեղամասից ֆիզիկական ուժի գործադրմամբ դուրս շպրտեն ու լցոնում անեն։ Այդ ժամանակներն անցել են։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել