Մեկ տարի է անցել այն օրվանից, երբ հայտնի դարձավ, որ «Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտը» 2020–2025 թվականներին Հայաստանի պետական բյուջեից՝ ՀՀ քաղաքացիների վճարած հարկերի հաշվին, ստացել է ավելի քան կես միլիոն դոլար՝ շուրջ 207 միլիոն դրամ։ Գումարները հատկացվել են առանց մրցույթի, կառավարության գաղտնի որոշումներով, որոնց մասին հանրությունը տեղեկացել է միայն դրանց գաղտնազերծումից հետո։
Բայց ինչի՞ համար է պետական բյուջեից հատկացվել ավելի քան կես միլիոն դոլար, և ի՞նչ է իրենից ներկայացնում Աշոտ Հովհաննիսյանի անվան ինստիտուտը։
Ո՞վ է Աշոտ Հովհաննիսյանը, և ի՞նչ է Հովհաննիսյան ինստիտուտը
Աշոտ Հովհաննիսյանը (1887–1972) Շուշիում ծնված մարքսիստ պատմաբան էր, խորհրդային պետական գործիչ։ 1922–1927 թվականներին նա զբաղեցրել է Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնը։ Հետագայում ենթարկվել է ստալինյան բռնաճնշումների։
Նրա անունը կրող «Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտը» հիմնադրվել է 2014 թվականին Երևանում։ Կազմակերպությունն իր առաքելությունը սահմանում է որպես հումանիտար գիտությունների ոլորտում քննադատական հետազոտությունների իրականացում և խթանում՝ առաջնահերթ ուշադրություն դարձնելով հայկական պատմությանը, արդիականությանը, քաղաքական ու հասարակական գաղափարների ձևավորմանը։ Ինստիտուտն իրականացնում է հետազոտական, հրատարակչական և գիտաժողովային ծրագրեր։
Կարդացեք նաև
Կես միլիոն դոլարից ավելի պետական ֆինանսավորում և 15 տարով անհատույց տարածք
«Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը 2020–2025 թվականներին Հայաստանի պետական բյուջեից ստացել է ընդհանուր 207 միլիոն դրամ՝ շուրջ 550 հազար ԱՄՆ դոլար։
Ինչպես բացահայտել են Factor TV-ն և CivilNet-ը, գումարները հատկացվել են առանց մրցույթի՝ կառավարության գաղտնի որոշումներով, որոնք հրապարակային են դարձել միայն 2025 թվականին՝ գաղտնազերծումից հետո։
Գաղտնազերծման հիմնավորումը
Վարչապետի աշխատակազմի պարզաբանմամբ՝ 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրողությունների հետևանքով ուսումնասիրված խնդիրների զգայունությունն ու հրատապությունը էապես նվազել էին։
Մինչդեռ հրապարակված տեղեկություններից հստակ չի երևում, թե հատկապես որ հետազոտություններն էին պահանջում գաղտնի ընթացակարգով պետական ֆինանսավորում։
Պետական աջակցությունը, սակայն, միայն դրամաշնորհներով չի սահմանափակվել։ ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 8-ի N 1123-Ա որոշմամբ ինստիտուտին 15 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է Երևանի Խանջյան 19 հասցեում գտնվող 348.4 քմ տարածքը։ Որոշման համաձայն՝ անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքը կազմել է 162 միլիոն 768 հազար դրամ։
Այսպիսով, ինստիտուտին տրամադրված պետական աջակցությունը ներառել է երկու առանձին բաղադրիչ՝ 207 միլիոն դրամի ուղղակի բյուջետային դրամաշնորհներ և պետական անշարժ գույքի 15-ամյա անհատույց օգտագործման իրավունք։
348,4 քմ տարածք վարձակալությունը Երևան քաղաքի կենտրոնում՝ Խանջյան փողոցում ամսական արժի միջինում մոտավորապես 1 միլիոն 800 հազար դրամ։ 15 տարվա համար այս գումարը կկազմի 306 միլիոն դրամ։
Ստացվում է, որ Կառավարությունը Հովհաննիսյանին ինստիտուտին ավելի քան 1 միլիոն դրամով է ապահովել իր գործունեության համար։
Բայց այդ ի՞նչ գործունեություն է մի երկրում, որտեղ գիտությանը հատկացնում են բյուջեից ընդամենը 0,84% են տալու, իսկ Հովհաննիսյան ինստիտուտին այդ ողջ գումարից 1%-ի չափ բաժին է հասնում։
Ի՞նչ համար են այդքան գումար տվել
Factor TV-ի հարցին, թե ինչի համար է ստացել շուրջ 207 միլիոն դրամ պետական ֆինանսավորում, Հովհաննիսյան ինստիտուտը կոնկրետ հաշվետվություն չի ներկայացրել՝ առաջարկելով ծանոթանալ modernities.am կայքում հրապարակված հետազոտություններին։
Հերոսականության վերաիմաստավորում. ազգային զոհաբերությունից դեպի անհատի բարեկեցություն
Պետական ֆինանսավորում ստացած «Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտի» հրապարակած աշխատանքների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանց մի մասը միավորված է ընդհանուր գաղափարական հարցադրմամբ՝ վերանայել հայկական պետականության այն պատմական ընկալումները, որոնց հիմքում ազգային բարձրագույն նպատակները, հերոսականությունն ու անձնազոհությունն են։ Դրանց փոխարեն հետազոտական ծրագրի ուշադրության կենտրոնում է հայտնվում պետության՝ մարդկանց առօրյա կյանքն ու բարեկեցությունն ապահովելու գործառույթը։
Այս մոտեցումն առավել հստակ ձևակերպված է «Պետությունը բաղձանքի և կենցաղի միջև» ծրագրի հայեցակարգում։ Հեղինակները գրում են, որ «հարկ կա վերանայելու պետության՝ որպես կորսվածը վերականգնելու բաղձանքի մեր ավանդական ըմբռնումը»։
Նրանց գնահատմամբ՝ ազգային պետության՝ որպես պատմական կորուստների վերականգնման և համազգային փրկության նպատակի ընկալումը, որը ժամանակին նպաստել է անկախության ձեռքբերմանը, այսօր կարող է խոչընդոտել դրա պահպանմանն ու զարգացմանը։
Այս ընդհանուր հայեցակարգի շրջանակում Նարե Սահակյանի՝ «Ավարայրի ճակատամարտը՝ պետության հիմքում. հայ գրագետի սուրբն ու ժողովրդի դյուցազունը» ուսումնասիրությունում հակադրվում են «երկու իրար հակառակ հերոսականության իդեալներ»։ Մի դեպքում հերոսը գիտակցաբար գնում է նահատակության՝ հանուն սրբազան գաղափարի, մյուս դեպքում պայքարում է մարդկանց կյանքն ու համայնքը պաշտպանելու համար։ Հեղինակը նաև քննարկում է, թե ինչպես է Ավարայր–Սարդարապատ–Արցախ խորհրդանշական շղթայի միջոցով զոհաբերության գաղափարը դարձել ժամանակակից հայկական պետականության ինքնընկալման բաղադրիչ։
Նույն խնդրին այլ տեսանկյունից է անդրադառնում «Սրբազան պատերազմ և ստալինյան պետականություն. Դերենիկ Դեմիրճյանի Եղիշեն 1940-ականներին» հետազոտությունը։ Այստեղ նահատակության գաղափարի պատմական շարունակականությունը դիտարկվում է մինչև Արցախյան առաջին պատերազմ՝ ներառյալ Վազգեն Սարգսյանի՝ 1992 թվականին 500 մահապարտների ջոկատ ձևավորելու կոչը։ Այսպիսով, քննության առարկա է դառնում ոչ միայն պատմական հերոսի կերպարը, այլև ազգային ինքնության այն մոդելը, որում հայրենիքի համար զոհվելու պատրաստակամությունն առանձնահատուկ նշանակություն է ստացել։
Աշոտ Գրիգորյանի՝ Արդարությունը՝ սովորական զգացում, թե՞ արտակարգ հանձնառություն» հետազոտությունն այս հարցադրումը տեղափոխում է քաղաքական բարոյագիտության հարթություն՝ ուսումնասիրելով բարձրագույն բարոյական գաղափարին ծառայելու պարտքի դերը հայկական քաղաքական մտքում։ Վարդան Ազատյանի՝ «Դարձ և թարգմանություն. ազգային պետականության մշակութային տրամաբանությունը» աշխատանքն էլ անդրադառնում է այն պատմամշակութային հիմքերին, որոնց միջոցով հայկական պետականությունը ձեռք է բերել ազգային և հոգևոր նշանակություն։
Առավել անմիջականորեն Արցախյան խնդրին է անդրադառնում Լուսին Շաբոյանի՝ «Անկախությունը՝ «գործոն» ղարաբաղյան խնդրի լուծման հարցում. անկախության ըմբռնումները 1980-ականների վերջի և 1990-ականների սկզբի Հայաստանում» հետազոտության ուրվագիծը։
Հեղինակը քննարկում է, թե ինչպես է Հայաստանի անկախությունը դիտարկվել որպես Արցախյան խնդրի լուծման քաղաքական միջոց, և այդ մոտեցումը բնորոշում է հետևյալ կերպ. «Սա [Արցախյան հարցի լուծումը] Հայաստանի անկախության հիմքում ընկած հիմնարար մի հակասություն է, որ մեր պետության գոյության օրից իսկ ծվատել է մեզ»։
Հետազոտության ուրվագծում քննարկվում է անկախության այնպիսի ընկալման պատմական հնարավորությունը, որը կապվում է Հայաստանի 29,743 քառակուսի կիլոմետր տարածքում նյութական կյանք ապրելու և դրա համար պայմաններ ստեղծելու հետ։
Այս աշխատանքները համադրելով՝ նկատելի է փոխկապակցված հարցադրումների մի ամբողջություն։ Մի դեպքում վերանայվում է նահատակության իդեալը՝ որպես ազգային ինքնության չափանիշ, մյուսում՝ բարձրագույն բարոյական պարտքի դերը պետական մտածողության մեջ, իսկ երրորդում՝ Հայաստանի անկախության և Արցախյան խնդրի փոխկապակցվածությունը։
Ընդհանուր ուղղությունը հայկական պետականության՝ պատմական կորուստների վերականգնման և ազգային բարձրագույն նպատակների իրականացման վրա հիմնված ընկալման քննադատական վերանայումն է՝ հօգուտ պետության, որի առաջնային գործառույթը մարդկանց գործնական կյանքի պայմանների ապահովումն է։
Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն է ստանում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ ինստիտուտի հետազոտությունները կարևոր են եղել կառավարության քաղաքականությունների մշակման համար։
Հետևաբար առաջանում է հարց՝ արդյո՞ք այս հետազոտություններում ձևակերպված մոտեցումները օգտագործվել են Հայաստանի իշխանությունների՝ ազգային անվտանգության, Արցախի և պետականության նպատակների վերաբերյալ քաղաքականության մշակման ընթացքում։
Նկատի ունենալով զոհված զինվորների նկարները ջնջել, 2020-2023թթ պատերազմներում զոհվածների ամբողջական ցուցակները չհրապարակելը, Մոնթե Մելքոնյանի անունը Ֆեյսբուքում գրաքննությանը չդիմադրելը, Զորավար Անդրանիկի նկարի հեռացումը, Քաղաքացիական պայմանագրի և, իհարկե, Նիկոլ Փաշինյանի կոստյումի վրայի նարնջագույն քարտեզի սոսնձումը, կարող ենք եզրակացնել, որ Հովհաննիսյան ինստիտուտը մեր հարկերից կես միլիոն դոլար է ստացել և 15 տարով անհատույց վարձակալությամբ տարածք, որպեսզի այս ամենը մտցնի գործադիր ղեկավարի գլուխը։
Բայց արդյո՞ք արժեք սրա համար կես միլիոն դոլար տային, եթե այս գաղափարները արդեն իսկ գոյություն ունեին։
Հովհաննիսյան ինստիտուտի հետազոտողները՝ պետական և հանրային հաստատություններում
Հովհաննիսյան ինստիտուտի համահիմնադիր և նախագահ Վարդան Ազատյանը միաժամանակ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորն է։ Նա այդ պաշտոնը զբաղեցնում է 2024 թվականից։
Ինստիտուտի հետազոտող և խորհրդի անդամ Իրինա Շախնազարյանը 2024 թվականի օգոստոսի 20-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ։ Այս մարմինն ապահովում է Հայաստանի հանրային հեռուստատեսության և ռադիոյի կառավարումն ու վերահսկողությունը։
Հովհաննիսյան ինստիտուտի մեկ այլ հետազոտող՝ Նարե Սահակյանը, որը զբաղվում է ազգային հերոսականության, նահատակության և Վարդան Մամիկոնյանի կերպարի ուսումնասիրությամբ, ղեկավարում է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Բոյաջյան ցուցասրահը։ Այսպիսով, ինստիտուտի նախագահ Վարդան Ազատյանն ու հետազոտող Նարե Սահակյանը ղեկավար պաշտոններ են զբաղեցնում նույն պետական բուհում։
Այս փաստերը ցույց են տալիս, որ պետական ֆինանսավորում ստացող ինստիտուտի գործունեությունը չի սահմանափակվում անկախ հետազոտական միջավայրով։ Նրա ղեկավարն ու հետազոտողներից մի քանիսը միաժամանակ պաշտոններ են զբաղեցնում պետական կրթական և հանրային հեռարձակման հաստատություններում։
Հետևաբար հարց է առաջանում՝ որքանո՞վ են ինստիտուտի հետազոտություններում մշակվող գաղափարները մնում ակադեմիական քննարկումների շրջանակում, և արդյո՞ք դրանք որևէ դեր են ստանում այն հանրային հաստատությունների գործունեության մեջ, որտեղ ներգրավված են հետազոտողները։
Ռուբեն Վարդանյանը՝ որպես Հովհաննիսյան ինստիտուտի գաղափարական հակադրություն
2022 թվականի սեպտեմբերին գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը, որի կարողությունն այդ ժամանակ գնահատվում էր շուրջ 1.3 միլիարդ դոլար, հայտարարեց Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու և Արցախ տեղափոխվելու որոշման մասին։
Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆ
Շարունակությունը՝ Մաս 2-ում




















































Շնորհակալություն