«Սահմանազատման հաջորդ փուլի աշխատանքների ժամանակացույցի հետ կապված դեռ չունենք պայմանավորվածություն, բայց կարծում եմ շուտով կլինի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին՝ ընկալելի չէ, թե գործնականում ի՞նչն է խանգարում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման -սահմանագծման գործընթացի շարունակությանը։
Հարցին՝ հնարավո՞ր է Սյունիքի հետ ճանապարհի ԹՐԻՓՓ-ի հատվածն առաջնային սահմանազատվի-սահմանագծվի, Մհեր Գրիգորյանը պատասխանեց․ «Ես կարծում եմ, որ շատ հավանական է, որ արտահերթ իրականացվեն սահմանազատման աշխատանքներ, որոնք վերաբերելի կլինեն ԹՐԻՓՓ ենթակառուցվածքներին, որպեսզի հնարավոր լինի և կազմակերպել աշխատանքները և իրականացնել»:
Նա մանրամասնեց՝ չսպասելով ԹՐԻՓՓ-ի ձևավորմանը, ուզում ենք մեկնարկել նախագծային աշխատանքները․ «Էլեկտրահաղորդման լարերի, ավտոճանապարհ․․․ այդ երեք ենթակառուցվածքն էլ պիտի կառուցվեն Սյունիքում։ Ամենաօպտիմալ տարբերակը պետք է գտնել, որպեսզի ներդրումը արդյունավետ լինի եւ որպեսզի ենթակառուցվածքը մրցունակ լինի տարածաշրջանում, որովհետև ամեն ինչ հնարավոր է կառուցել, բայց դա պիտի կառուցված լինի այնպես, որ ինքը մրցունակ լինի միջազգային լոգիստիկայի առումով։ Մեծ հավանականությամբ, սահմանազատման հաջորդ փուլը գործնականում կտեսնենք ԹՐԻՓՓ-ի հատվածում։ Ես կարծում եմ, հավանականությունը մեծ է, որ այդպես կլինի, որովհետև ԹՐԻՓՓ-ը պիտի արագացնենք»։
Մհեր Գրիգորյանը համաձայն է՝ մյուս հատվածներում աշխատանքները դանդաղ են ընթանում, բայց կա կանոնակարգ․ «Կա իրավական բազա և աշխատանքը հիմա ավելի շատ պիտի լինի տեխնիկական և տոպոգրաֆիկ քան այն բարդ իրավական գործընթացները, որոնք փառք Աստծո անցել ենք արդեն»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































