«Տիկին Բաթոյան, դուք ներկայանում եք որպես նախագծի համահեղինակ, բայց իրականում մենք տեղեկացված ենք, որ այս նախագծի իրական հեղինակը դուք չեք, այլ վարչապետի հետ ժամանակ առ ժամանակ ապրող մի կին է՝ Աննա Հակոբյան անունով։ Եվ նա է հայտարարել, որ ինքն է այդ նախաձեռնության հեղինակը, այս նախագծի իրական հեղինակը»,- ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանին դիմեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։
Միջամտեց ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը․ «Տիկին Գալստյան, խնդրում եմ՝ նիստի մասնակիցներին հորդորեք, որ իրենց չափի մեջ մնան, հակառակ դեպքում ես եմ միջամտելու»։
Էդգար Ղազարյանը շարունակեց հարցադրումը․ «Մանրամասն պատմեք՝ այս նախագիծը ո՞նց է հայտնվել ձեր ձեռքում, և արդյոք որևէ մեկը ստիպել է ձեզ, որպեսզի այս նախագիծը դնեք շրջանառության մեջ»։
Զարուհի Բաթոյանն ի պատասխան ասաց․ «Առաջինը ձեզ հորդորում եմ հարգանքով արտահայտվել վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մասին։ Երկրորդ, ի՞նչ պատահեց ինձ հետ, երբ մի օր տանը նստած էի՝ պատահեց մի բան, որ Էդգար Ղազարյան անունով անձը հայտնվեց Ազգային ժողովում, ով չգիտի, որ ես տարիներ շարունակ զբաղվել եմ ընտանեկան բռնության հիմնահարցերով»։
Կարդացեք նաև
Անդրադառնալով Աննա Հակոբյանի առնչությանն այս նախագծին՝ Բաթոյանն ասաց․ «Նախագիծը մշակվել է կառավարության հետ սերտ համագործակցությամբ, ես նույնիսկ կարող եմ ասել, որ, այո, այն համատեղ նախագիծ է, հատկապես ՆԳՆ հետ։ Ինչ վերաբերում է Աննա Հակոբյանի հետ քննարկումներին ու հանդիպումներին մեր խմբակցության հետ, ես հիշեցնեմ, որ տիկին Հակոբյանը հանդիպման առաջարկ է արել բոլոր խմբակցություններին, քանի որ ընտանեկան բռնության թեման քաղաքական չէ։ Եվ Աննա Հակոբյանի առաջարկն ընդունել է միայն ՔՊ խմբակցությունը։ Անկախ մեր քաղաքական հայացքներից, անկախ մեր սեռային պատկանելությունից, եկեք նույն մոտեցումը ցուցաբերենք այս խնդրի վերաբերյալ և կողմ քվեարկենք այս նախագծին՝ հասկանալով, թե ինչպիսի չարիք է սա, և ինչպես մենք կարող ենք միասին պաշտպանել մեր ընտանիքներն այս չարիքից»։
Մանրամասները՝ տեսանյութում
Էդգար Ղազարյանն արձագանքեց․ «Ձեր դիտողությունը տեղին չէ, ես չգիտեմ, թե դուք ինչ տեղեկություններ ունեք Աննա Հակոբյանի կարգավիճակի մասին, բայց վարչապետն ու տիկին Հակոբյանը հայտարարել են, որ իրենք ամուսնացած չեն»։
«Ուզում եմ իմանալ՝ այդ նախագծի հեղինակը դուք եթ, թե դուք չեք։ Դուք ասում եք, որ կառավարության հետ համատեղ եք աշխատել, կառավարությունը, եթե օրենսդրական նախաձեռնության ցանկություն ուներ, ցանկացած պահի ինքը կարող էր նախաձեռնություն ցուցաբերել։ Դուք ազնվորեն ասեք, թե այս նախաձեռնությունը ձեր ձեռքին ոնց է հայտնվել: Դուք հաստատեցիք, որ Աննա Հակոբյանի հետ ՔՊ-ն հանդիպում է ունեցել։ ԱԺ կանոնակարգը նման հնարավորություն տալի՞ս է, որ ուղղակի որևէ քաղաքացի ամբողջ խմբակցության հետ հանդիպում նախաձեռնի»,- ասաց Էդգար Ղազարյանը։
Զարուհի Բաթոյանն արձագանքեց․ «Ես և գործընկերներս ենք հեղինակը, կարծում եմ՝ ավելին պատմելու կարիք չկա։ Մեր նախագիծն արձագանքում է Աննա Հակոբյանի նախաձեռնած արշավին։ Եվ ես շատ ուրախ եմ, որ տիկին Հակոբյանը մեծ ուշադրություն է դարձնում այս խնդրին»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ





















































