COP 17-ի նախագահ, Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանության և վերականգնմանն ուղղված ծրագրի հաստատման պաշտոնական արարողությանը։ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը (GEF) Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի հիմնադրամի (GBFF) միջոցով հաստատել է Հայաստանին 1,4 միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհի տրամադրումը։
Շրջակա միջավայրի նախարարության կողմից՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ մշակված ծրագրով նախատեսվում է բարելավել «Սևան» ազգային պարկի կառավարումը, վերականգնել վնասված բնական միջավայրերը և ամրապնդել կենսաբազմազանության մոնիթորինգը։
Նախարարն առանձնահատուկ կարևորել է համայնքների մասնակցությունը․ շուրջ 300 հազար ԱՄՆ դոլար նախատեսվում է ուղղել տեղական նախաձեռնություններին՝ բնության պահպանությունն ու համայնքների համար կայուն եկամտի հնարավորությունները համատեղելու նպատակով։
«Սևանի պահպանությունը մեր առաջնահերթություններից է, և այս աջակցությունը ևս մեկ գործնական քայլ է այդ ուղղությամբ»,- նշել է նախարարը։
Կարդացեք նաև
Նախարարը շնորհակալություն է հայտնել գլոբալ էկոլոգիական հիմնադրամին և Ասիական զարգացման բանկին՝ գործընկերության ու աջակցության համար։
ՀՀ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


















































