«Մեր տնտեսական դիմակայունությունը մեծացնելու առումով շատ էական է, որպեսզի մենք կարողանանք հնարավորինս շուտ հասնել տարածաշրջանային հաղորդակցությունների բացմանը։ Եվ երեկվանից Ազգային ժողովում դե յուրե մեկնարկեց ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ՀՀ և ԱՄՆ միջև ստորագրված համաձայնագրի վավերացման գործընթացը»,- կառավարության այսօրվա նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ ԱԺ առաջիկա նստաշրջանում վավերացումը տեղի կունենա։
«Երեկ նաեւ փոխվարչապետ Գրիգորյանի գլխավորությամբ աշխատանքային խումբ է մեկնել Սյունիքի մարզ և տեղում աշխատել է արդեն ԹՐԻՓՓ նախագծի իրագործման գործնական փուլը մեկնարկելու տրամաբանությամբ»,- նշեց նա։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ նախագծման աշխատանքների մեկնարկը կազմակերպելու նպատակով էին այցելել Սյունիք ու տեղում ծանոթանում էին ենթակառուցվածքներին։ «Խոսքն այս փուլում վերաբերում է երկաթգծին, ավտոճանապարհին և էներգետիկ ենթակառուցվածքի լարանցմանը։ Երկաթգծի հետ կապված ամեն ինչ պարզ է, ըստ էության այդտեղ մեզ համար նոր բան չկա, ավելի շատ մենք ուզում էինք տեղում վերջնական մեկ անգամ ևս հասկանալ ամրաշինական կոնստրուկցիաների վիճակը։ Բայց որտեղով է անցնելու երկաթգիծը, կարծում ենք՝ ակնհայտ է, և այդտեղ քննարկելու բան չկա։ Այդ իմաստով նախագծման աշխատանքներն արդեն կմեկնարկեն»,- ասաց Գրիգորյանը։
Ինչ վերաբերում է ավտոճանապարհին՝ փոխվարչապետն ասաց, որ մոդելավորման հարցեր կան դեռևս՝ բարդ անցանելի հատվածներ։ «Վերջնական լուծումը պետք է այնպես լինի, որ ճանապարհը մրցունակ լինի, որովհետև մենք խոսում ենք տրանզիտի մասին։ Իսկ տրանզիտ ճանապարհը մրցունակ կլինի, և մեր ծախսերն արդյունավետ կլինեն միայն այն դեպքում, եթե ինքը շահագործման առավելություն ունենա ռեգիոնալ մակարդակով։ Էլեկտրահաղորդման գծերի հետ կապված, ես կարծում եմ, ամեն ինչ շատ պարզ է։ Եվ կարծում եմ՝ այս երեք ենթակառուցվածքի հարցով լիարժեք կարող ենք սկսել նախագծման աշխատանքները։ Որպեսզի ժամանակ չծախսենք՝ մենք ճիշտ ենք համարում այսօրվանից սկսել նախագծման աշխատանքները»,- նշեց Մհեր Գրիգորյանը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նիկոլ Փաշինյանը հավելեց․ «Հիմա մենք, ըստ էության, պետք է արձանագրենք, որ մտնում ենք գործնականացման փուլ, և մեր տնտեսական դինամիկան շարունակելու համար սա չափազանց կարևոր հարց է»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































