Լրահոս
Օրվա լրահոսը

«Երրորդ երկրներին դիմել ենք՝ կամ հրաժարվել են, կամ ասել են՝ հեռու խաղացեք»․ Միրզոյանը՝ ՀՀ-ի անունից հայ ռազմագերիներին Բաքվում տեսակցելու դիմումների առիթով

Հոկտեմբեր 21,2026 17:21 Share
Աջակցեք aravot.am-ին

«Պատկերավոր ասած՝ ջերմաստիճանն այս ծրագրի շուրջ ավելի իջնում է»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ԹՐԻՓՓ նախագծին։

Հարցին՝ այդ ճանապարհից օգտվող ադրբեջանցիներն առաջինը հանդիպելու են մաքսային և սահմանային ծառայողների՞ն, նա պատասխանեց․ «Կարող է ընդհանրապես չհանդիպեն, կարող է հայտարարագրված եղանակով գան, և ոչ մի բան չանեն»։

Նա վստահեցրեց՝ այստեղ չի լինելու երրորդ կողմ։

Արարատ Միրզոյանը նաև հավաստիացրեց՝ անվտանգության հարցերը վերապահված են ՀՀ-ին։ Հարցին՝ այդ նույն ընթացակարգով ՀՀ քաղաքացինե՞րն են անցնելու Ադրբեջանի տարածքով, Արարատ Միրզոյանը պատասխանեց՝ այս հարցը դեռ ճշգրտման կարիք ունի․ «Իհարկե, այստեղ կան անցյալից եկող զգայուն հարցեր, կոնֆլիկտի բեռը կա»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ Դուք այն կարծիքի՞ն եք, որ Շաքիում կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինվորը մոլորվել է, Արարատ Միրզոյանը պատասխանեց․ «Որևէ նման տեղեկություն չունեմ՝ իրոք մոլորվել է, փախել է։ Ես որևէ այդպիսի տեղեկության չեմ տիրապետում։ Մոլորյալներին մոլորյալներով են փոխարինում, բարի կամքով և կառուցողական մթնոլորտով։ Քիչ առաջ հովվի մոլորվելու մասին տեղեկություն տեսանք։ Ես լուրերով եմ կարդացել, այլ բան չգիտեմ։ Լինում են նաև հայկական կողմից մոլորվող, ճանապարհ կորցնող զինվորներ, հովիվներ, կենդանիներ, դա պատահում է՝ չնայած մեր ընդդիմադիրների ջանքերին կշարունակենք մեր պայմանավորվածությունները։ Ինչ վերաբերվում է Շաքիի դեպքին, դա լրիվ ուրիշ իրավիճակ է։ Տեղեկություն չունեմ, անկախ փաստից՝ քրեական գործ է հարուցված։ ՀՀ օրենսդրության համաձայն՝ բոլոր ընթացակարգերը պետք է պահվեն։ Սա չի գնում մյուս մոլորյալների շարք»։

Խոսելով «Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի գործողությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ կասեցնելու հնարավոր հետևանքների մասին» զեկույցի մասին, որտեղ նշվում է, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար, Արարատ Միրզոյանը նշեց․ «Ժամեր առաջ է հրապարակվել, ծանոթանում, վերլուծում ենք, կձևավորենք ՀՀ-ի դիրքորոշումը։ Մեզ հայտնի չէ որևէ իրավական մեխանիզմ, որով կարող են իքս թվով պետությունները մյուսներին հանել ԵԱՏՄ-ից կամ նույնիսկ սառեցման մեխանիզմ»։

Փաստմանը՝ ընդդիմադիրները գազի գնի բարձրացման դեպքում ապոկալիպտիկ հետևանքներ են կանխատեսում, Արարատ Միրզոյանն այսպես արձագանքեց․ «Վնասներ, անշուշտ կլինեն, եթե ռուսական կողմը որոշի միակողմանի գազի գինը բարձրացնել։ Կլինի իրավիճակ՝ կհասկանանք»։

Հարցին՝ հնարավո՞ր է դիմել եք Շվեյցարիային, որ որպես երրորդ երկիր հյուպատոսական ծառայություն իրականացնի և այցելի հայ ռազմագերիներին Բաքվում, Արարատ Միրզոյանը պատասխանեց․ «Ի՞նչ եք կարծում՝ կա հնարավորություն երրորդ երկրով հարցը լուծելու և մենք չենք անո՞ւմ։ Ամենաշահագրգիռը մենք ենք։ Երրորդ երկրներին դիմել ենք կամ հրաժարվել են, կամ ասել են՝ հեռու խաղացեք»։

Արարատ Միրզոյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031