«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գեւորգյանը տեսաուղերձ է հրապարակել՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի առաջարկի, թե ՏԻՄ ընտրություններում այն թեկնածուներն ու ընտրողները, որոնք ենթարկվել են ճնշումների, անպայման դիմեն իրեն. «Ի՞նչ տարբերություն՝ այս ՏԻՄ ընտրությունները, թե, ասենք, մի քանի ամիս առաջ տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրությունները։
Ես այս իմ վիդեոուղերձով հրապարակայնորեն նշում եմ այն բոլոր անձանց, ովքեր ենթարկվել են ճնշումների և դուրս են մնացել աշխատանքից։ Առաջինը, տեսնում եք այս լուսանկարը՝ Ստեփանավանի Ամալիա Կարապետյանի անվան մանկապարտեզի դաստիարակ Սերինե Մանուկյանը, ում ազատել են աշխատանքից այս լուսանկարի պատճառով՝ պարզաբանելով, որ ում հետ նկարվել ես, թող նա էլ քեզ համար աշխատանք գտնի։ Հաջորդը Մանուշակ Լալազարյանն է՝ 38 տարվա բուժքույր Ստեփանավանի պոլիկլինիկայում, Օլգա Սահակյանը՝ բուժքույր Ստեփանավանի պոլիկլինիկայում։ Նրանք նույնպես ազատվել են աշխատանքից իրենց քաղաքական հայացքների պատճառով կամ ճնշվել են ղեկավարության կողմից, որպեսզի թողնեն իրենց աշխատանքը։
Բազմաթիվ են այս դեպքերը, և ոչ միայն մեր աջակիցները, մեր քաղաքական հայացքները կիսող մարդիկ են ազատվել, աշխատանքից ազատվել են նույնիսկ այնպիսի մարդիկ, ովքեր ընդամենը արմատներով Տաշիրից են։ Վահագն Հովակիմյանին, որ հարցնեք Կարինե Մուրադյանի մասին, ով 20 տարի աշխատել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, նա ձեզ առավել մանրամասն կպատմի»։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել, որում հայտնում է, թե ՏԻՄ ընտրություններում ապօրինի ճնշումների վերաբերյալ իր գրառումից հետո այդ թեմայով 3 նամակ է ստացել. «Մեկը «Ուժեղ Հայաստան» պատգամավորներից մեկն իր հրապարակային ելույթի լինքն է ուղարկել, որտեղ ինչ-որ ահազանգերի մասին է ասում, որ մարդկանց քաղաքական դրդապատճառներով ազատել են աշխատանքից։ Այդ մասով տեսչական մարմնին հանձնարարվել է, որ շտապ կարգով ստուգի և կարծիք տա։
Հաջորդը մի տեսանյութ էր, որտեղ մի երեխա ելույթ էր ունենում քարոզչական, չէր կարդում, անգիր չէր ասում, այլ ելույթ էր, ուղարկել եմ ՀԿԿ։ Եվ մի նամակ, որտեղ հեղինակը որպես աջակից ասում էր, որ աջակցում է իմ վարած քաղաքականությանը, բայց ասում էր, որ համայնքի ղեկավարի վատ թեկնածու ենք առաջադրել։ Այս պահի դրությամբ այսքանն է»։
Նա նաեւ նշում է. «Կանգնած եմ բոլոր այն քաղաքացիների կողքին, ովքեր իրենց իրավունքների համար կպայքարեն, բայց այդ պայքարն էլ պետք է լինի արդարացի, փաստարկված, հիմնավորված, որովհետև բանավոր, մերկապարանոց հայտարարությունների վրա մենք չենք կարող գործել։ Տվեք հիմնավորում, և ես խոստանում եմ, որ կգնամ այդ հիմնավորումների հետևից»։



















































