«Համախմբվում ենք «Սկզբունք» շարժման շուրջ, որ վերջ դնենք այն համակարգին, որն անկախ Հայաստանի գոյության 35 տարիների ընթացքում այս կամ այն չափով վերարտադրում էր ավտորիտարիզմ, անպատասխանատվություն և սահմանադրության ոտնահարում»,- «Սկզբունք» շարժման ստեղծմանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ «Միասնության թևերի» անդամ, հանրային առողջության մասնագետ Ստեփան Ասրյանը ներկայացրեց «Սկզբունք» շարժման հիմնադրման մանիֆեստը։
Նա վստահեցրեց՝ մեր նպատակը ոչ թե մեկ անձի փոփոխությունն է մյուսով, այլ պետության կառավարման փոփոխությունը․ «Այսօրվա իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ վարում է ապօրինի, հակասահմանադրական և հակահայկական գործունեություն, այն չի արտացոլում ժողովրդի մեծամասնության կամքը։ Խնդիրն ավելի խորն է, քան մեկ մարդը։ Վերջին 35 տարիներին ՀՀ-ն այդպես էլ չկառուցեց ժողովրդավարական համակարգ, որտեղ իշխանությունն իրոք պատկանում է ժողովրդին, դատարանն անկախ է, խորհրդարանը՝ վերահսկելի քաղաքացիների կողմից, այլ ոչ թե մեկ ուժային կենտրոնի։ Մենք ասում ենք՝ բավական է, այլևս երբեք․ մեր նպատակն է օրինական և անարյուն, արժանապատիվ հեղափոխությունը։ Մենք օր առաջ խաղաղ ճանապարհով կհասնենք Նիկոլ Փաշինյանի՝ իշխանությունից հեռացմանը, դա լինելու է ժողովրդի կամքի արտահայտություն, որն արթնացել և միավորվել է օրինականության, ոչ բռնության և արժանապատվության սկզբունքների շուրջ՝ բացառելով որևէ արտաքին օրակարգերի սպասարկում»։
Կարդացեք նաև
«Սկզբունք» շարժման ստեղծմանը նվիրված մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ




















































