Եվրահանձնաժողովի պատվիրակությունը, որը գլխավորում էր Ընդլայնման և Արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և Թուրքիայի հարցերով տնօրեն Ադրիեն Կիրալին, այցելել է Նախիջևան, որտեղ ադրբեջանական կողմի հետ քննարկել է տարածաշրջանի տրանսպորտային և էներգետիկ նախագծերի զարգացման հեռանկարները, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Պատվիրակությանն ընդունել է Նախիջևանում Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Ջեյհուն Ջալիլովը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի և Եվրամիության միջև հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Նախիջևանի տրանսպորտային ներուժին և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»։ Ջալիլովը հայտարարել է, որ Նախիջևանը ռազմավարական նշանակություն ունի որպես տարածաշրջան, որը գտնվում է Արևելք–Արևմուտք և Հյուսիս–Հարավ տրանսպորտային ուղղությունների խաչմերուկում։
Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչը պատմել է TRIPP նախագծի մասին, որը Բաքուն դիտարկում է որպես տարածաշրջանային տրանսպորտային կապերի ընդլայնման առանցքային տարրերից մեկը։ Ադրբեջանի կողմի պնդմամբ՝ նախագծի իրականացումը հնարավորություն կտա ապահովել Նախիջևանի ցամաքային կապը Ադրբեջանի մնացած տարածքի հետ։
Կարդացեք նաև
Հանդիպման ընթացքում հայտարարվել է նաև, որ նախատեսվող երկաթուղային գիծը պետք է կապի Նախիջևանը Թուրքիայի հետ։ Ադրբեջանական կողմը այս տրանսպորտային երթուղիների գործարկման հեռանկարները կապել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հետ՝ հայտարարելով, որ դա նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման համար և կբարձրացնի դրանց տնտեսական նշանակությունը։
Կողմերը քննարկել են նաև Նախիջևանի էներգետիկ ներուժը։ Ադրբեջանական կողմը ներկայացրել է վերականգնվող էներգետիկայի ոլորտի նախագծեր, դրանց թվում՝ Տիվինի և Օրդուբադի հիդրոէլեկտրակայանների կառուցումը։
Բացի դրանից, խոսվել է Նախիջևանի էներգետիկ ենթակառուցվածքը Ջաբրայիլի էներգետիկ հանգույցին հնարավոր միացնելու մասին, ինչը, ինչպես հայտարարել են Բաքվում, հնարավորություն կտա տարածաշրջանում արտադրված էլեկտրաէներգիան արտահանել Թուրքիա և հետագայում այն դուրս բերել ավելի լայն էներգետիկ շուկաներ։
Եվրոպական պատվիրակության կազմում էր նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի՝ Թուրքիայի և Կովկասի գծով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտին։ Նա խոսել է ենթակառուցվածքային նախագծերի ֆինանսավորման հնարավորությունների մասին, ներառյալ՝ արտոնյալ վարկերի օգտագործմամբ։
Հանդիպման արդյունքներով կողմերը քննարկել են այն նախագծերի տնտեսական ասպեկտները, որոնք Եվրահանձնաժողովը դիտարկում է տարածաշրջանում առաջիկա տարիներին իրականացնելու համար, ինչպես նաև համագործակցության հետագա զարգացումը։
Թարգմանությունը՝ News.am-ի



















































