Լրահոս
Օրվա լրահոսը

«Վրաստանը մրցակից չի համարում ԹՐԻՓՓ-ը, մեր նպատակն այն չէ, որ մնանք միակ ճանապարհը»․ Ալեքս Պետրիաշվիլի

Սեպտեմբեր 24,2026 16:50 Share

«Վրաստանը ԹՐԻՓՓ նախագիծը չի համարում որպես մրցակից։ Այո, կլինի մրցակցություն, եւ դա լավ է, մրցակցությունը դրական է։ Սակայն Վրաստանն այս մրցակցության մեջ ներդրումներ է կատարելու ենթակառուցվածքներում, ինչն արդեն իսկ կատարվում է։ Եվ մենք համոզված ենք, որ ցանցերի ձեւավորումը, տարածաշրջանային կուռ կապակցվածությունը կբերեն ավելի մեծ կայունություն, միջազգային ավելի մեծ ներդրումներ եւ միջազգային ավելի մեծ ուշադրություն տարածաշրջանի նկատմամբ»,- «Ուրվագծելով փոփոխության ճարտարապետությունը» խորագրով ԱՊՐԻ ֆորումի ժամանակ ասաց Վրաստանի ռազմավարական և միջազգային հետազոտությունների հիմնադրամի ավագ հետազոտող, դեսպան Ալեքս Պետրիաշվիլին։

Նա հավելեց․ «Վրաստանը մնալու է ամենակարեւոր մասերից մեկը, եւ մեր նպատակն այն չէ, որ մնանք միակ ճանապարհն ու միակ ուղին Արեւելքից դեպի Արեւմուտք, այլ մնալ այս ցանցի անփոխարինելի մասը եւ նպաստել այս ցանցերի ձեւավորմանը տարածաշրջանում եւ դրանից դուրս»։

Ալեքս Պետրիաշվիլին ասաց, որ Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանն ունեն հետեւյալ խնդիրները՝ քաղաքականապես համակարգել աշխատանքը, ապահովել լոգիստիկան, սահմաններին ներդնել թվայնացում ու բարելավել ենթակառուցվածքները։

Ալիշեր Աբդրեշեւ

Ղազախստանի ռազմավարական ուսումնասիրությունների ինստիտուտի առաջատար փորձագետ Ալիշեր Աբդրեշեւն անդրադարձավ հարցին, որ ԹՐԻՓՓ-ը ներկայացվում է նաեւ որպես Միջին միջանցքի մի մաս, որքանո՞վ է ԹՐԻՓՓ-ի ստեղծումը նպաստելու Միջին միջանցքի կայացմանը։

Նրա խոսքով՝ Ղազախստանը հետաքրքրված է ԹՐԻՓՓ-ի կապով Միջին միջանցքի հետ։ «Վերջերս Ղազախստանի նախագահ Տոկաեւը նշել է, որ մենք հետաքրքրված ենք ԹՐԻՓՓ-ին մասնակցությամբ եւ Միջին միջանցքի հետ կապելու հարցերով։ Դա շատ պրագմատիկ եւ տնտեսապես շահավետ քայլ է՝ մեր շահերից ելնող, որովհետեւ ԹՐԻՓՓ-ը տալիս է լրացուցիչ տարբերակ նախ եւ առաջ բեռնափոխադրումների համար՝ Կասպից ծովից դեպի Թուրքիա եւ Եվրոպա»,- ասաց նա։

Ըստ Աբդրեշեւի՝ Ղազախստանի համար եւս մեկ ճանապարհ ավելացնելը քարտեզին խնդիր չէ, նպատակն է ունենալ մրցակցային այլընտրանքային ուղի, եւ այդ իմաստով ԹՐԻՓՓ-ը մեծ ներուժ ունի Ղազախստանի համար։

«Նաեւ հաշվի առնելով Հարավային Կովկասում ձեւավորվող նոր իրողությունները, որոնք տեսնում ենք այսօր, սա հնարավորություն է նաեւ ձեւավորելու լավ հարաբերություններ Հարավային Կովկասի հետ»,- հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930