«Մենք համոզված ենք, որ հայ-թուրքական սահմանի բացումը կսկսի խթանել հայ-թուրքական երկկողմ առեւտուրը, կխթանի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների նորմալացումը, հայկական վերականգնվող էներգիայի վաճառքի հնարավորության ուղիներ կբացի դեպի եվրոպական շուկա»,- «Ուրվագծելով փոփոխության ճարտարապետությունը» խորագրով ԱՊՐԻ ֆորումի ժամանակ տեսակապի միջոցով ասաց Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի ներկայացուցիչ, միջազգային հարաբերությունների դոկտոր Մյուհդան Սաղլամը՝ անդրադառնալով հարցին, թե Թուրքիայի հետ սահմանի բացումն ինչպես կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա։
Նա նշեց, որ հասկանալի է, երբ Հայաստանի հասարակությունը նախ եւ առաջ անդրադառնում է այս խնդրի տնտեսական կողմին։
«1990-ականներին, երբ Թուրքիան ԵՄ հետ ստորագրեց Մաքսային համաձայնագիրը, մեր հասարակությունն ուներ նույն մտահոգությունները, որ մեր արդյունաբերությունը կփլուզվի, մենք կունենանք տնտեսական դժվարություններ։ Հիմա մենք դարձանք ԵՄ խոշորագույն առեւտրային գործընկերներից մեկը, նաեւ դիտարկում ենք արդեն Մաքսային համաձայնագրի ընդլայնման հարցը։ Հայաստանը բնականաբար պետք է բարձրացնի այդ հարցերը եւ պետք է պատասխանել դրանց։ Սահմանը բացելով՝ Թուրքիան ուղղակի մուտք է ստանում հայկական շուկա, բայց նույնը վերաբերում է նաեւ Հայաստանին»,- ասաց նա։
Ըստ թուրք գործչի՝ բնականաբար, Հայաստանի հետ սահմանի բացմամբ Թուրքիան ստանում է եւս մեկ կապուղի Հարավային Կովկասի հետ, «սա երկու պետությունների համար բացում է նաեւ նոր հնարավորություններ ոչ միայն առեւտրի, նաեւ արտադրության եւ զբոսաշրջության ոլորտներում»։
Կարդացեք նաև
«Պետք է ուշադրություն դարձնել զարգացման օրակարգին, սահմանների բացմանը զուգահեռ հասարակություններն էլ են մոտենում իրար, հատկապես եթե զբոսաշրջության զարգացում լինի։ Կարս-Գյումրի երկաթուղային ճանապարհը կլրացնի դիվերսիֆիկացիայի հարցը, չի մնա միայն Նախիջեւանով անցնող տարբերակը։ Մեկ ճանապարհը բավարար չէ անվտանգության, առեւտրի ու տնտեսական զարգացման համար, բայց սահմանների բացումով նաեւ մուտք է բացվում դեպի ծովային բեռնափոխադրումներ։ Եվ Կարս-Գյումրի երկաթգծի վերագործարկումը կավելացնի եւս մեկ ճանապարհ Հարավկովկասյան ճանապարհային ցանցում։ Ապրիլին Թուրքիայից ու Հայաստանից մի խումբ հավաքվել ու որոշել է գործարկել Կարս-Գյումրի երկաթուղին։ Մայիսին Վրաստանն ու Թուրքիան խոսել են այն մասին, որ ապրանքները կարող են ուղղակի գնալ Հայաստան, հայկական ծագման ապրանքները կարող են ուղղակի գնալ Թուրքիա՝ շրջանցելով Վրաստանը։ Սրանք կոնկրետ քայլեր են, իսկ մեզ պետք են որոշակի լուրջ քայլեր, որոնք ցույց են տալիս պատրաստակամությունը։ Ես կարող եմ ասել, որ Թուրքիան արդեն սկսել է որոշակի քայլեր ձեռնարկել, որպեսզի ծրագիրը գործարկվի։ Սա շատ կարեւոր է Թուրքիայի համար, մենք էլ ենք տեսնում, որ այդ միակողմանի առեւտուրը կամ մեկ կապակցումը բավարար չէ»,- հավելեց նա։
Մյուհդան Սաղլամի խոսքով՝ Թուրքիայում համոզված են՝ եթե կա լրացուցիչ ուղի Հայաստանի հետ, դա պետք է վերականգնվի։ Միգուցե խաղաղության ժամանակ մեկ ճանապարհը բավարարում է բոլորի կարիքները, բայց առեւտրով զբաղվողները միշտ ուզում են ունենալ այլընտրանք, որ եթե ինչ-որ բան տեղի ունենա այս մի ճանապարհին, իրենք կարողանան օգտվել մյուս ճանապարհից։ Եվ սա արդեն դառնում է Եվրոպայի ընդհանուր տնտեսական մոդելը, ասաց նա։
Հարցին, թե Թուրքիան ցանկանո՞ւմ է մասնակցել ԹՐԻՓՓ նախագծին, Մյուհդան Սաղլամը նման պատասխան տվեց․ «Թուրքիան ցանկանում է դառնալ առեւտրային կենտրոն։ Ամեն բան պայմանավորված է առեւտրով։ Իրանը, Ղազախստանը, Վրաստանը, մյուսները պետք է տեսնեն, որ մենք ոչ միայն հուսալի գործընկեր ենք Եվրամիության համար, այլ նաեւ կարող ենք կամուրջ լինել, որը կապում է Կենտրոնական Ասիան Եվրամիության հետ։ Եվ պատերազմի ժամանակ սա նաեւ այլընտրանքային ուղի է Իրանի համար»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































