Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպական խորհրդարանն ընդունեց զեկույցը․ մաքսային արտոնություններ՝ ՀՀ-ից ԵՄ արտահանվող ապրանքների համար՝ 2 տարի ժամկետով

Սեպտեմբեր 15,2026 15:40 Share

Քիչ առաջ Եվրոպական խորհրդարանը ձայների 583 «կողմ», 49 «դեմ» և 39 «ձեռնպահ» հարաբերակցությամբ ընդունեց «Հայաստանից ԵՄ արտահանվող ապրանքների համար ժամանակավոր առևտրի ազատականացման միջոցների վերաբերյալ» զեկույցը։ 

ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուններին օրինագծի քվեարկությունից առաջ հայտարարեց․ «Եվրոպական հանձնաժողովն առաջարկում է նախատեսել ժամանակավոր առևտրի ազատականացման միջոցների տրամադրում, որոնք կկիրառվեն Հայաստանից ԵՄ արտահանվող ապրանքների նկատմամբ՝ երկու տարի ժամկետով։ Եթե հանձնաժողովը համարի, որ, հաշվի առնելով տվյալ պահին առկա իրավիճակը, նպատակահարմար է երկարաձգել Հայաստանից Եվրոպական միություն ներմուծվող ապրանքների նկատմամբ կիրառվող ժամանակավոր առևտրի ազատականացման միջոցները նշված երկամյա ժամանակահատվածից հետո, ապա Հանձնաժողովն այդ նպատակով համապատասխան առաջարկ կներկայացնի Եվրոպական խորհրդարանին և Եվրոպական Խորհրդին՝ սույն կանոնակարգի կիրառման ժամկետի ավարտից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ»։

Զեկույցում մասնավորապես նշված է․ «Առաջարկով սահմանվում են Հայաստանից ծագող ապրանքների նկատմամբ ժամանակավոր և բացառիկ առևտրի ազատականացման միջոցներ՝ նպատակ ունենալով աջակցել Հայաստանից ԵՄ ապրանքաշրջանառության հոսքերին՝ ի պատասխան հայկական արտահանման վրա ազդող սահմանափակումների և խոչընդոտների։ Առաջարկը հիմնականում նախատեսում է ընտրված ապրանքների նկատմամբ արտոնյալ սակագնային ռեժիմ՝ պայմանավորված ծագման կանոնների, մաքսային ընթացակարգերի, վարչական համագործակցության, ինչպես նաև հնարավոր կասեցման կամ պաշտպանական միջոցների կիրառման հետ կապված պայմաններով։ Հետևաբար, առաջարկը հիմնականում կարճաժամկետ առևտրային քաղաքականության միջոց է և չի սահմանում թվային ծառայությունների, տվյալների կառավարման, ավտոմատացված ընթացակարգերի կամ թվային հանրային ծառայությունների համար նոր կարգավորող շրջանակ»։

Զեկույցի նախաբանում ամրագրված է, որ ԵՄ-ն վերահաստատում ՀՀ-ի հետ իր գործընկերությունն ամրապնդելու և Հայաստանի տնտեսությանն աջակցելու՝ իր հանձնառությունը․ «Այս հանձնառությունը լիովին համահունչ է ԵՄ-ի և ՀՀ-ի  միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, որի նպատակներից է, ի թիվս այլոց, աջակցել Հայաստանի՝ իր տնտեսական ներուժը զարգացնելու և ԵՄ-ի հետ ընդլայնված առևտրային համագործակցություն հաստատելու ջանքերին։ Սույն առաջարկը նույնպես համահունչ է 2025 թվականի դեկտեմբերին ընդունված ԵՄ-Հայաստան գործընկերության ռազմավարական օրակարգին, որով առևտրի դիվերսիֆիկացումը, սոցիալ-տնտեսական զարգացումը, կապակցվածությունը և դիմակայունությունը սահմանվել են որպես առանցքային առաջնահերթություններ։

Մինչև սույն առաջարկի ներկայացումը՝ ԵՄ-ն արդեն իսկ զգալի ֆինանսական և տեխնիկական աջակցություն է մոբիլիզացրել Հայաստանի համար 2024-2027 թվականների «Դիմակայունության և աճի ծրագրի» շրջանակներում՝ 270 մլն եվրոյի չափով։ Այս աջակցությունը մեծապես կենտրոնացած է կապակցվածության, դիմակայունության և բիզնեսի զարգացման ոլորտներում ներդրումների իրականացման, ինչպես նաև Հայաստանի արտահանման դիվերսիֆիկացմանը և նոր շուկաներում հայկական արտադրանքի առաջմղմանն աջակցելու վրա։

Հայաստանի նկատմամբ շարունակվող արտաքին տնտեսական ճնշումների պայմաններում Հանձնաժողովը պատրաստում է աջակցության փաթեթ, որը ներառում է ավելի քան 50 մլն եվրոյի ֆինանսական աջակցություն։ Անհրաժեշտ է այդ միջոցները լրացնել նպատակային առևտրի ազատականացման միջոցներով՝ հայկական արտադրողներին և արտահանողներին արագ և շոշափելի աջակցություն տրամադրելու, Միության շուկա նրանց հասանելիությունը բարելավելու, սահմանափակված երթուղիներից և շուկաներից առևտրային հոսքերի վերակողմնորոշմանը նպաստելու և Հայաստանի տնտեսությունն առավել դիմակայուն դարձնելու նպատակով»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել