Սահմանադրական դատարան դիմողը նշել էր, որ ստացվում է այնպես, որ հետախուզման մեջ գտնվող անձի նկատմամբ կալանավորման ձեւով կիրառված խափանման միջոցը «ցմահ» ենթակա է կիրառման, քանի դեռ անձը հոգեկան եւ ֆիզիկական տառապանքի պատճառմամբ արգելանքի չի վերցվել, նյութական ռեսուրսներ ծախսելով իրեն չեն արտահանձնել Հայաստանի Հանրապետությանը՝ անկախ այն հանգամանքից, որ այդ ամենը կարող էր տեղի չունենալ, եւ անձը չարտահանձնվեր, քանի որ կարող են առկա լինել քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, որոնք հայտնի չեն եղել դատարանին անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ որոշումը կայացնելիս եւ քաղաքակիրթ պայմաններում կարող էին քննարկման առարկա դարձվել դատարանի կողմից՝ դրանց լույսի ներքո վերանայելով նախկինում կայացված կալանավորման որոշման օրինականությունը։
2026 թ. հուլիսի 8-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Էլլին Տոլստովի (ներկայացուցիչ՝ փաստաբան Առնոլդ Վարդանյան) դիմումը, որով դիմողը խնդրել է. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 289 -րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 359 -րդ հոդվածի 4-րդ մասը, 389 -րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 391 -րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը և իրավակիրառ պրակտիկայում դրանց դատարանների կողմից տրված մեկնաբանությունները ճանաչել ՀՀ Սահմանադրության 26-րդ հոդվածով, 27 -րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 5 -րդ մասով, 29 -րդ հոդվածով, 61 -րդ հոդվածի 1-ին մասով, 63 -րդ հոդվածի 1-ին մասով, 78 -րդ, 79 -րդ, 80 -րդ, 81 -րդ 2 հոդվածներով սահմանված պահանջներին հակասող և անվավեր, այնքանով, որքանով որ, ի հակադրումն Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների և միջազգային առաջադեմ չափորոշիչների, անձի նկատմամբ, Հայաստանից բացակայելու պայմաններում, հետախուզման մեջ գտնվելու հիմքով դատարանի կողմից կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելը դիտարկվում է որպես վերջնական որոշում, որի օրինականությունը որևէ ընթացակարգով ենթակա չէ վիճարկման՝ նույնիսկ քրեական հետապնդումը բացառող նոր փաստական հանգամանքների և ապացույցների ներկայացման դեպքում, քանի դեռ անձը ֆիզիկական և հոգեկան տառապանքի պատճառմամբ արգելանքի չի վերցվել և արտահանձնվել Հայաստանի Հանրապետությանը»։
Ըստ դիմողի, անձի՝ ՀՀ իրավազորության ներքո գտնվելը որևէ նշանակություն չունի իր նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու դատարանի որոշման օրինականությունը վիճարկելու և դրա վերանայման պահանջ ներկայացնելու իրավունքը երաշխավորելու համար։ Դիմողը պնդում է` որպես ՀՀ դատարանների կողմից ձևավորված հակասահմանադրական իրավակիրառ պրակտիկայի շարունակություն` վերադաս դատարանները նաև զրկում են անձանց՝ իրենց նկատմամբ կիրառված կալանավորումը վերանայելու հնարավորությունը սահմանափակելու վերաբերյալ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման օրինականությունը վերադաս դատական ատյաններում բողոքարկելու, այդ թվում՝ արդյունավետ դատական պաշտպանություն հայցելու իրավունքից։
Դիմողը նշում է, որ ինչպես քննիչի կողմից ներկայացված միջնորդության հիման վրա վարույթի հարուցումը մերժելու մասին որոշումն է հատուկ վերանայման կարգով բողոքարկման ենթակա, այնպես էլ մեղադրյալի, նրա պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի կողմից ներկայացված միջնորդության հիման վրա վարույթի հարուցումը մերժելու մասին որոշումը։ Նման մեկնաբանությունը, ըստ դիմողի, ուղղակիորեն բխում է դատարանի մատչելիության սահմանադրական իրավունքի էությունից. հակառակ պայմաններում, առանց որևէ օբյեկտիվ հիմքի և իրավաչափ նպատակի վկայակոչման, տարբերակված մոտեցում է դրսևորվում քննիչի և պաշտպանի միջև, իսկ շահագրգիռ անձը զրկվում է իր դատական պաշտպանության իրավունքն արդյունավետորեն իրացնելու և այդ իրավունքի կամայական խախտման դեմ պայքարելու միջոցից՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 389 -րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին տրված հակասահմանադրական մեկնաբանության արդյունքում։
Կարդացեք նաև
Ըստ դիմողի՝ «ՀՀ դատարանների կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 359 -րդ հոդվածի 4-րդ մասին տրված հակասահմանադրական մեկնաբանության պայմաններում ստացվում է, որ հետախուզման մեջ գտնվելու հիմքով կալանավորման վերաբերյալ միջնորդության քննության վերաբերյալ երբևէ պատշաճ ծանուցում չստացած անձը կալանավորման վերաբերյալ դատարանի որոշմանը հասանելիություն ստանալուց և դրա պատճառաբանություններին ծանոթանալուց հետո ևս զրկված է դրա օրինականության վիճարկման շրջանակներում հօգուտ իր պաշտպանության բերվող այնպիսի նոր՝ միջնորդության քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքներ և ապացույցներ ներկայացնելու հնարավորությունից, որոնք նույնիսկ կարող են հանգեցնել քրեական հետապնդման դադարեցման և անհայտ են եղել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը բավարարելիս»։ Նման մոտեցումը, դիմողի պնդմամբ, ոչ միայն խիստ ձևական է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 359 -րդ հոդվածի 4-րդ մասի համատեքստում, այլ նաև անհնար է դարձնում անձի՝ արդյունավետ դատական պաշտպանություն հայցելու սահմանադրական իրավունքը՝ վերջինիս առհասարակ զրկելով հօգուտ իր պաշտպանության նոր փաստեր ներկայացնելու և քննարկման առարկա դարձնելու հնարավորությունից։
Ստացվում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 289 -րդ հոդվածի 2-րդ մասը՝ կալանքը վերացնելու վերաբերյալ միջնորդության հիման վրա վարույթ հարուցելու կամ վարույթի հարուցումը մերժելու հարցի լուծման շրջանակներում, չի պահանջում մեղադրյալի՝ ՀՀ իրավազորության ներքո կալանավորված լինելու և դրանից հետո նոր միայն միջնորդություն ներկայացնելու պահանջ։ Դիմողը պնդում է, որ «անձի վրա դրվել է օրենքով չնախատեսված պարտականություն, և անհիմն կերպով սահմանափակվել են վերջինիս՝ անձնական ազատության և դատարանի մատչելիության իրավունքները»։
Սահմանադրական դատարանը ՍԴԱՈ -189 աշխատակարգային որոշմամբ մերժելով դիմումատուի գործի քննությունը, արձանագրել էր. «Դիմողը սահմանափակվել է իր՝ Սահմանադրության 26, 27, 61 և 63 -րդ հոդվածներով երաշխավորված հիմնական իրավունքների խախտման վերաբերյալ պնդումների պարզապես վկայակոչմամբ՝ բավարար կերպով իրավաբանորեն չհիմնավորելով իր կողմից վիճարկվող դրույթների «իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության» և նման խախտման ընդհանրությունը, դրանց միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայությունը՝ սույն կոնկրետ գործի հանգամանքների և առանձնահատկությունների հաշվառմամբ»։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.09.2026


















































