« … ԵՐԲ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՔՆԻ ՄԷՋ է ԵՒ ՈՉ ԹԷ ՄԵՌՍԾ» …
Վերջին 8-ը տարիներում, Հայաստանում իշխանութիւնը բռնազաւթածների կարելի է ասել՝ ներքին ու արտաքին խոշոր տոկոսի «քաղաքական» ուղղութիւնները (աւելի ճիշտ՝ բեմադրութիւնները ) համահունչ ու համընթաց են եղել ի սկզբանէ հայատեաց ադրբեջանա-թուրքական դաշինքի քաղաքական հաշւարկներին եւ ուղղութիւններին։ Այս կապակցութեամբ խօսուն ու անհերքելի փաստերն առաւել քան երբեւէ ակնբախ են, որոնք արդէն ոչ միայն հայութեան, այլեւ օտարազգի դիտորդների մեղմ ասած՝ զարմանքն են յարուցում…։
Թւարկենք փաստերից մի քանիսը.
- Հաստատապէս առաջին ու գլխաւոր ուղղութիւնը, որն որդեգրեցին «թաւշեայ յեղաշրջիկներն» ու դրանից աշխարհաքաղաքական աներեւակայելի ու մեծագոյն շահեր գրանցեցին Ադրբեջանն ու Թուրքիան, դա հայոց 7 հազարամեայ Արցախի հայաթափումն ու կորուստն էր…։
Այս կորստաբեր ուղղութիւնը, սակայն, շարունակւելու միտում ունի, երբ այսօր իսկ ակնյայտօրէն խնդրոյ առարկայ է Արցախին կից՝ հայրենի Սիւնիքի տարածքային ու ժողովրդագրական անվտանգութիւնը, որոնք արտայայտւում են ինչ-որ «զանգեզուրեան ու թրամփեան միջանցքներով եւ առաւել եւս՝ արեւմտեան Ադրբեջան վերադարձի» ներուժ ու ներգործուն սպառնալիքներով։ Այսպէս ասած՝ «ադրբեջանական անկլաւների» հարցն էլ նոյն համատեքստում պէտք է դիտարկել, որի իրական ու առաջնակարգ զոհն է հանդիսանում հայ-իրանական միջպետական ճանապարհահատւածում գտնւող հայոց Տիգրանաշէնը ( ըստ Ն. Փ.-ի՝ Քեարքի )։
Կարդացեք նաև
- Փաստ է, այն էլ աղաղակող, որ տասնամեակներ շարունակ Հայոց Ցեղասպանութիւնը ժխտող թուրք-ադրբեջանական տանդեմին, այսպէս թէ այնպէս, ձայնակցեց Հայաստանի թիւ 1 իշխանազաւթը, երբ նախորդ տարւայ սկզբներին Շւէյցարիայում կասկածի տակ առաւ բուն Ցեղասպանութեան իրողութիւնն ու զոհերի թւաքանակը։
- Նոյն Շւէյցարիայում, միջեկեղեցական համաշխարհային ժողովի ընթացքում ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը, Արցախի հայութեան էթնիկ զտման, հայաթափման ու կորուստը դատապարտող համարձակ եւ ազդեցիկ ելոյթին անմիջապէս յաջորդում է ադրբեջանա-թուրքական վայնասունը։ Այս վերջնին, սակայն, յաջորդում են Հայաստանում ՔՊ իշխանաւորների զայրոյթն ու Վեհափառ Հայրապետի դէմ նոր սադրանքները, որոնք շարունակւում են ցայսօր՝ հայոց պատմութեան մէջ նախադէպը չունեցող ամենաայլանդակ ոտնձգութիւններով՝ ընդդէմ Հայոց Առ. Ս. Եկեղեցու…։
- Յաջորդ փաստը, որն ապացուցում է Էրդողան, Ալիեւ ու Փաշինեան համընթացութիւնը, դա հայկական Սփիւռքի թիրախաւորումն է՝ ըստ ամենայնի։ Տասնամեակներ շարունակ, Թուրքիայի եւ Ադրբեջանի հակահայկական նպատակները քողազերծող Սփիւռքահայութիւնն , առաջին անգամը լինելով՝ Հայրենի երկրի Ազգային Ժողովի ամբիոնից, ի ուրախութիւն թուրք-ադրբեջանական ոսոխների, ծաղրի ու ծանակի, անւանարկման ու նւաստացման թիրախ դարձաւ՝ նոյն հակազգային ՔՊ-ականների կողմից։
- Ինչպէ ՞ս բնութագրել յաջորդիւ փաստը, ըստ որի՝ Ալիեւի պահանջից յետոյ, Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողի նոյնաբովանդակ պահանջ-նպատակը՝ Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան փոփոխման խնդրում։ Չէ՞ որ նոյն Սահմանադրութեան հռչակագրում ամրագրւած է Արցախի ինքնորոշման իրաւունքը…։ «Արցախը Հայաստան է եւ վերջ » թաւշականները, այժմ Ալիեւից « խաղաղութեան երաշխիքը » մուրալու գնով , ահա,ամենուր բարձրաձայնում են՝ «Արցախը Ադրբեջան է եւ վերջ…»։
- Կարեւորագոյն փաստ է եղել նաեւ ու բազմիցս կրկնւել՝ քաղաքական ընդդիմադիրների դէմ բռնաճնշումը։ Այս մեթոդաբանութիւնը կիրառւել է յատկապէս թուրք-ադրբեջանական տանդեմին այս կամ այն զիջումների ճիշտ նախօրեակներին։
Եւ ահա, Տիգրանաշէնի մօտալուտ յանձնման ցուցանիշ կարելի է համարել վերջին երկու-երեք օրերի ձերբակալութիւնները, դարձեալ «հակակոռուպցիոն» բեմադրութիւնների սցենարներով ու դրանց կից՝ վախի մթնոլորտի սաստկացմամբ…։ Հիմքում, սակայն, առաւել ակներեւը՝ բեմադրողների անթաքոյց վախն է՝ սեփական իշխանութիւնը կորցնելու խնդրում…։
Յ. Գ.- Խիստ այժմէական է հնչում 19-րդ դարավերջի Հայ ազատագրական պայքարի ռահւիրաներից, Արմենական կուսակցութեան գաղափարական հիմնադիր՝ Մկրտիչ Փորթուգալեանի ստորեւ ոերւող խօսքերը…«
« Այս տխուր վիճակի մէջ Քեզ կը մնայ , ո ՜վ հայ ժողովուրդ, համախմբել Քու մէջ գտնուած ուժերը, հաղորդակցութեան միջոցներ ստեղծել շրջահայեաց խոհեմութեամբ, չընկրկիլ դժուարութիւններու առջեւ եւ միութեամբ զօրանալով ցոյց տալ մի օր, թէ հայ ժողովուրդը քունի մէջ է եւ ոչ թէ մեռած, թէ մի կենդանի ազգի իրաւունքները վերջապէս յաղթող դուրս կու գան նոյնիսկ սուինների դէմ, մինչեւ ամգամ երբ իւր գլխաւորները ծախուած եւ ձեռք առնուած ալ լինին »:
Դերենիկ Մելիքեան
Պատմական գիտութիւնների թեկնածու


















































