Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օգոստոսի 24-ին ընդունել է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանին։
🤝Պաշտպանը շնորհակալություն է հայտնել տիկին Ալեքսանյանին` մարդու իրավունքների պաշտպանության տարբեր ոլորտներում, այդ թվում` զինված ուժերում իրավունքների պաշտպանության հարցում իր կողմից իրականացվող կարևոր գործունեության համար:
🔹 Հանդիպման ընթացքում քննարկվել են Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով զինծառայողների կյանքի իրավունքի երաշխավորման, վատ վերաբերմունքի դեպքերի կանխարգելման հարցերին:
🔹Հատուկ քննարկման առարկա են դարձել զինծառայողների մահվան, ինքնավնասումների դեպքերը, դրանց նպաստող հնարավոր պատճառներն ու պայմանները, ինչպես նաև նման դեպքերի կանխարգելմանն ուղղված անհրաժեշտ քայլերը։
Կարդացեք նաև
❗️ Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ զինծառայողի մահվան յուրաքանչյուր դեպք խիստ մտահոգիչ է, և նման դեպքերի կանխարգելումը պահանջում է շարունակական ու համակարգային աշխատանք, արդյունավետ կանխարգելիչ կառուցակարգերի գործարկում, ինչպես նաև իրավասու պետական մարմինների պատշաճ և հետևողական աշխատանք։
✅Պաշտպանը նշել է, որ վերջին շաբաթների ընթացքում զինծառայողների մահվան դեպքերը և զինված ուժերում իրավունքների երաշխավորման համատեքստում առկա խնդիրները վկայությունն են այն հանգամանքի, որ չնայած տարիների ընթացքում իրականացվող աշխատանքներին` ոլորտում դեռևս առկա են հրատապ լուծում պահանջող մի շարք խնդիրներ։
🔹Համակարգային բարեփոխումների կարիք ունեն զինված ուժերում բռնի մահվան դեպքերի, ինքնասպանությունների, ինքնավնասումների, վատ վերաբերմունքի կանխարգելման հետ կապված հարցերը։
✅Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ զինված ուժերում ոչ կանոնադրային հարաբերությունների բացառումն օրակարգային անհրաժեշտություն է, ինչի առնչությամբ իրականացվող քայլերը պետք է լինեն շատ ավելի կոնկրետ ու հայեցակարգային, իսկ կանխարգելման կառուցակարգերը` շատ ավելի ամբողջական:
📌Պաշտպանը շեշտադրել է նաև համապատասխան դեպքերի առնչությամբ քրեական վարույթներով պատշաճ, բազմակողմանի և օբյեկտիվ քննության կարևորությունը, ընդգծել ոլորտային բարեփոխումների անհրաժեշտությունն ու մեղավորներին պատասխանատվության ենթարկելու կարևորությունը:
📌 Քննարկվել են նաև Զինված ուժերում առողջ բարոյահոգեբանական միջավայրի ապահովման, զինծառայողների իրավունքների պաշտպանության, խնդիրների վաղ վերհանման և դրանց պատշաճ արձագանքման մեխանիզմների արդյունավետությանն առնչվող հարցեր։
🤝 Պաշտպանն ընդգծել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ շարունակական համագործակցության և մասնագիտական քննարկումների կարևորությունը՝ Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության առկա խնդիրների վերհանման և դրանց լուծմանն ուղղված արդյունավետ քայլերի մշակման տեսանկյունից։
🔎 Անահիտ Մանասյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը գտնվում են իր անմիջական ուշադրության ներքո։
Մարդու իրավունքների պաշտպան


















































