Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը թույլատրեց, որ դատական նիստերն այսուհետ անցկացվեն առանց Սերժ Սարգսյանի ներկայության

Օգոստոս 20,2026 17:50 Share

Հակակոռուպցիոն դատարանում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստի ժամանակ (նախագահող դատավոր՝ Արամ Գրիգորյան) Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը միջնորդեց, որպեսզի դատական նիստերն այսուհետ անցկացվեն Սերժ Սարգսյանի բացակայությամբ։

Նա դատարանի դահլիճում ասաց․ «Սերժ Սարգսյանը չի առարկում, որպեսզի այդ թվում սույն քրեական գործով դատական նիստերը շարունակվեն իր բացակայությամբ, իսկ իր իրավունքներն իրականացնեն իր պաշտպանները։ Միջնորդությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ պաշտպանական կողմի դիրքորոշումը ձևավորվել է, Սերժ Սարգսյանի շահերը յուրաքանչյուր դատական նիստում ներկայացվել են նրա ընտրված պաշտպանների կողմից։ Յուրանաչյուր դատական նիստին նրա ներկայության ապահովումը ներկայացնում է անհարկի կազմակերպչական բարդություններ։ Սերժ Սարգսյանը որևէ կերպ չի խոչընդոտում գործի քննությանը, պատրաստ է ներկայանալ դատարան, եթե դատարանը որևէ նիստի համար նրա մասնակցությունը պարտադիր համարի։ Օրենքով նախատեսված բոլոր պայմաններն առկա են սույն միջնորդությունը բավարարելու համար»։

Նախագահող դատավորը բավարարեց Սերժ Սարգսյանի պաշտպանի միջնորդությունը։

Գործով մեղադրյալներ Վալերի Գրիգորյանի, Ալեքսան Ալեքսանյանի պաշտպանները ևս այսպիսի միջնորդություն ներկայացրին։ Նախագահող դատավորը այդ միջնորդությունը ևս բավարարեց։

Ասյ գործով հաջորդ դատական նիստը կկայանա սեպտեմբերի 9-ին՝ ժամը 14:30-ին։

Սերժ Սարգսյանի գործով դատական նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել