Երևանի քրեական դատարանում` դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուս 17 արդարների գործով դատավարությունը հասել է գրավոր ապացույցների հետազոտման փուլին։
Դատը սկսվելուն պես՝ մեղադրող կողմը ներկայացրեց մի որսորդական հրացանի փորձաքննության արդյունքները, համաձայն որի՝ այն ողորկափող հրազեն է հանդիսանում, գործարանային արտադրության է, ձևափոխված չէ, պիտանի է կրակելու համար։
Մեղադրող կողմը նշեց, որ պաշտպանները միջնորդել էին դատարան հրավիրել փորձագետներին։
«Այն հրացանը, որը ինչ-որ մեկի տանից հայտնաբերվել է, ի՞նչ կապ ունի Սրբազան պայքարի հետ, ինչ կապ ունի մեզ հետ»,-արձագանքեց ամբաստանյալ Արթուր Սարգսյանը։
Ներկայացվեցին նաև հայտնաբերված ատրճանակների մասին փորձաքննության արդյունքները։
«Պատվարժան դատարան, քանի դատական նիստ է՝ ցանկանում ենք մեղադրանքի կողմից ճշտել՝ այն ապացույցները, որոնք մինչև հիմա հետազոտվել են, ի՞նչ կապ ունեն 18 արդարների հետ, մինչև հիմա էլ պատասխան չենք ստանում, ոմն Սարգիս Հարությունյանի տանից հայտնաբերված ատրճանակները գործին ընդհանրապես չեն վերաբերում, անհասկանալի է, ի՞նչ են սրանով ապացուցում»,- ասաց պաշտպաններից մեկը։
«Հայկին չենք ճանաչում, Սարգիսին չենք ճանաչում, էդ մարդկանց չենք ճանաչում, փորձագետները ի՞նչ կապ ունեն, որ գան։ Քննչականը, ովքեր որ փորձել են այս գործը կարել մեր վրա, շինծու մեղադրանք են ներկայացրել, դրանց պիտի կանչել այստեղ։ Ինչքան զենք են մեզ վրա գրանցել, քննչականին հրավիրեք՝ հասկանանք՝ Սարգիսն ի՞նչ կապ ունի մեզ հետ»,-հավելեց ամբաստանյալներից մեկը։
Փաստաբանն ասաց, որ որևէ կապ այս ապացույցները չունեն՝ ո՛չ իրավական տեսանկյունից, ո՛չ մարդկային։ Ըստ նրա՝ մարդիկ, ում տանը հայտնաբերվել են զենքեր ու պետությունը հսկայական գումարներ է ծախսել՝ պարզելու՝ օրինական է դրանց պահելը, թե ոչ, ի սկզբանե իրենք ասել են, որ այս ապացույցները չպիտի հետազոտվեին։ Սակայն, ըստ փաստաբանի, այժմ լոյալ դիրք են զբաղեցնելու, թող մեղադրող կողմը ներկայացնի իր հետազոտած ապացույցները, իրենք էլ ամեն մի ապացույցի շուրջ կհնչեցնեն իրենց դիրքորոշումը, կանդրադառնան յուրաքանչյուր ապացույցին։
Փաստաբանը նաև նշեց, որ Սարգիս Հարությունյանը, որի տանից զենք է հայտնաբերվել, այդ վկան նախաքննության ընթացքում ցուցմունք չի տվել։
«Կանդրադառնանք յուրաքանչյուր ապացույցին ու կապացուցենք, որ այս մեղադրանքի հետ պետության ծախսած միլիարդավոր գումարները և ծախսած ժամանակը որևէ կապ չունեն», հայտարարարեց փաստաբանը։
Բագրատ Սրբազանն էլ ասաց, որ պատասխանատվություն կա մեղադրողների վրա՝ շատ զգույշ լինելու։ Ըստ նրա՝ ինչո՞ւ պիտի դատարանում մի քանի դատական նիստեր շարունակ քննել օրինական, փաստաթղթավորված զենք պահելը։ Ըստ Սրբազանի՝ սա անընդունելի է, նա ասաց, որ, օրինակ, Հայկ Մաթևոսյանի զենքերի մասին երեք նիստ է եղել, զենքերը բոլորը օրինական են, պարզվում է նա հավաքածու ունի, զենքի «կոլեկցիոներ է»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































