«Ես արդեն ասել եմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղություն են հաստատել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Ալմա-Աթայի հռչակագրի ընդունման դրությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքներն արտահայտող քարտեզներ կան, եւ այդ քարտեզներով է, որ մենք Կիրանցի հատվածում իրականացրել ենք սահմանազատում։ Եվ ըմբռնումն այն է, որ այդ քարտեզներով պետք է իրականացնենք սահմանազատում։ Հիմա այդ քարտեզների վրա Արծվաշենը Հայաստանի տարածք է, Քյարքին Հայաստանի տարածք չէ, Բարխուդարլուն Հայաստանի տարածք չէ։ Սա փաստ է, որի հետ մենք պետք է առնչվենք։ Եվ այսօր տարածքներ կան, որ փոխադարձաբար այդ քարտեզներում այլ կերպ են արտահայտված, գետնի վրա այլ կերպ են։ Բոլորիս հայտնի իրադրությունները Ջերմուկում, Վայոց ձորի մարզում, Տավուշում եւ այլն։ Հիմա մեր ընկալումն այն է, որ այս հարցը կա, այս հարցը պետք է լուծվի, թե՞ չպետք է լուծվի»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով առաջիկայում Տիգրանաշենը հանձնելու մասին հարցին։
«Այո, այս հարցը պետք է լուծվի։ Արդյոք կա՞ տարբերակ այս հարցերը լուծել ռազմական ճանապահով։ Ոչ, չկա այդպիսի տարբերակ՝ հարցերը լուծել ռազմական ճանապարհով, դա անցած ու փակված էջ է։ Ինչպե՞ս լուծել այդ հարցերը՝ լուծել այնպես, որ մարդկանց համար եւ երկու երկրների համար լինի հարմար, այդ թվում՝ այդ տարածքում ապրող բնակիչների համար։ Եվ մենք կոնկրետ այդ թեման չենք քննարկել երբեք, հրապարակային այդ թեմայի շուրջ ավելի շատ բան է ասվել, քան բանակցությունների սեղանի շուրջ։ Եվ սահմանազատման գործընթացում մենք պետք է այդ խնդիրները հասցեագրենք»,- հավելեց Փաշինյանը։
Նա նշեց, որ ՀՀ 29 743 քկմ մեջ Արծվաշենը՝ որպես էքսկլավ, ներառված է․ «Մեր տարածքում գտնվող անկլավները ներառված չեն, հետեւաբար, այդ տարածքներն այդ հաշվարկի մեջ դուրս են։ Բայց սահմանազատման պորցեսների արդյունքում Հայաստանի տարածքը պետք է լինի 29 743 քկմ»։
Կարդացեք նաև
Փաշինյանը նշեց, որ մեկ բան հստակ է՝ այս հարցով այսօր չկա ոչ մի պայմանավորվածություն, ոչ մի արձանագրում։ «Մենք ունենք հստակ ըմբռնում, եւ դա հստակ արձանագրված է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգում։ Սահմանազատման արդյունքում այդ հատվածներում ու գյուղերում ապրող մարդիկ ոչ թե պետք է պրոբլեմներ ունենան, սահմանազատման արդյունքում ոչ թե արծվաշենցիների համար պետք է պրոբլեմներ ստեղծենք, անհանգստություններ, վտանգներ, այլ ընդհակառակը՝ պետք է այնպես անենք, որ մարդիկ երկար տասնամյակներով, հարյուրամյակներով հանգիստ, խաղաղ, առանց կոնֆլիկտային պոտենցիալի ապրեն»,- նշեց նա։
Փաշինյանն ասաց, որ հարցին միայն մեր կողմից ենք նայում, բայց պետք է նայել ընդհանուր համատեքստում․ «Ադրբեջանում էլ կան իրավիճակներ, որ եթե ճշգրիտ քանոնով իրականացնենք սահմանազատումը, առնվազն մի քանի բնակավայրեր ընդհանրապես ճանապարհից զրկվում են։ Եվ քանի որ խաղաղություն է հաստատված, այդ բոլոր հարցերը պետք է լուծվեն խաղաղության տրամաբանության մեջ՝ այն հաշվառումով, որ Հայաստանի 29 743 քկմ տարածքը ֆիքսվի»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































