«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը։
Հայկ Ֆարմանյանն ԱԺ նիստում իր ելույթում ասաց, որ բոլոր պատգամավորների համար պետք է լինի մեկ կարմիր գիծ, այն ՀՀ պետական բյուջեն է։ «Եվ պետական բյուջեն որեւէ մեկի սեփականությունը չէ, այդ թվում՝ կառավարության սեփականությունը չէ։ Ես կարծում եմ, որ պետական բյուջեի կառավարման արդյունավետությանն ուղղված ցանկացած քայլ, ցանկացած օրինագիծ պետք է պատասխանատվության բարձր մակարդակով ընկալվի յուրաքանչյուր պատգամավորի կողմից։ Այսինքն՝ ունեմ ներքին համոզմունք, որ մենք աշխատելու ենք կոնսենսուսային մթնոլորտում։ Եվ ես ունեմ ներքին համոզմունք, որ իմ ընտրվելու պարագայում մենք ունենալու ենք գերարդյունավետ աշխատող հանձնաժողով», – նշեց նա։
Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների այն հայտարարություններին, թե վերջին տարիներին ՀՆԱ-ն ու պետական բյուջեն կրկնապատկվել են, Ֆարմանյանն ասաց․ «Շատ ճիշտ է, համաձայն եմ, բայց պետք է նաեւ բացասական կողմերին անդրադառնանք՝ որքա՞ն է թանկացել պետական պարտքի սպասարկումը։ Վերջին տարիներին միայն տոկոսների սպասարկմանն ուղղված ծախսերը կազմում են պետական բյուջեի ընդհանուր ծախսերի 10 տոկոսից ավելին։ Սա անհանգստացնող երեւույթ է, եւ մենք սրան խիստ ուշադրություն պետք է դարձնենք»։
Հայկ Ֆարմանյանը նաեւ ասաց, որ պետք է երկրում ունենալ արդար եւ կանխատեսելի հարկային համակարգ։ «Վերջին տարիներին անդադար փոփոխվում են հարկային օրենսդրության հետ կապված տարբեր դրույթներ։ Եվ սա չի ապահովում գործարարների գործունեության կանխատեսելիություն»,- նշեց նա։
Կարդացեք նաև
Նա անդրադարձավ նաեւ 2018-ին իրեն ՊԵԿ համակարգից հեռացնելու հարցին․ «Իմ խոսքերը կհաստատեն ՊԵԿ բազմաթիվ նախկին ծառայողներ։ Ինձ ու այլ ծառայողների ուղիղ ասվել է, որ դիմում գրենք, հեռանանք։ Ուղիղ մեկ տարի՝ 2018-ից մինչեւ 2019 թվականի փետրվարը ենթարկվել եմ բազմաթիվ հալածանքների։ Այնուհետեւ դիմել եմ դատարան եւ ներառյալ Վճռաբեկ դատարանը հիմնավորել է, որ ինձ ազատել են ապօրինի»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

















































