Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում ուրախացել էին Եվրամիության մի քանի ուղերձի և հայտարարության վրա․ կարծում էին այս ուղերձներն ու հայտարարություններն իրենց կօգնեն. Իրանի ԱԳ նախկին նախարար Զարիֆի հուշերից

Հուլիս 24,2024 17:28

Իրանի ԱԳ նախկին նախարար Զարիֆը 3+3 ձևաչափով բանակցությունների մասին

(հատվածներ իր հուշերից-4)

«Ղարաբաղի հիմնախնդրի լուծման օրերին երկու անգամ ճամփորդել եմ Ադրբեջան և Հայաստան։ Առաջին փուլում հինգ երկիր այցելեցի և 3+3 ձևաչափի նախաձեռնությանը հետամուտ եղա (Կովկասի երեք երկրներ՝ գումարած Թուրքիա, Իրան ու Ռուսաստան). այդ ձևաչափը Բաքվի հաղթանակի տոնի ժամանակ ներկայացրել էին Էրդողանն ու Ալիևը։ Առաջարկն ամենայն մանրամասնությամբ ներկայացրեցինք հինգ երկրում․ բացի Վրաստանից, մնացած բոլորն ընդառաջեցին։ Ռուսաստանն էլ, համաձայն իր մշտական քաղաքականության, դրական էր վերաբերվում՝ բայց զուսպ, այսպիսով` Իրանը դառնալու էր նախաձեռնության կենտրոն և դա Ռուսաստանի դուրը չէր գալու։

Մեր առաջարկով՝ վեց երկրներից բաղկացած մի կոնսորցիում (consortium) Կովկասի հաղորդակցական ճանապարհները և պատերազմից տուժած տարածքները վերակառուցելու էր։ Ազերիների և հայերի վաղեմի թշնամությունը նկատի ունենալով, ապագա բախումներից խուսափելու համար տարածաշրջանային տնտեսական համագործակցության համար ևս մեխանիզմներ էինք մշակել։ Վրաստանն Եվրոպամետ ու ամերիկամետ էր և այլ ձևաչափ նկատի ուներ՝ 3+1+1, այսինք՝ Կովկասի երեք երկրներ, գումարած Եվրամիություն ու ԱՄՆ․ սա անհնար և երազային մոտեցում էր։

Վրաստանում ինքնավստահության խիստ պակաս տեսա։ 2020-ի պատերազմից հետո Հայաստանում ևս ինքնավստահության կորուստը սաստիկ էր․ նրանք էլ Եվրոպայի վրա սին հույսեր էին դրել։ Ուրախացել էին Եվրամիության մի քանի ուղերձի և հայտարարության վրա․ կարծում էին այս ուղերձներն ու հայտարարություններն իրենց կօգնեն։ Սա մի սկզբունքային թյուրիմացություն է․ չեն զգում, որ մեծ ուժերի այս խաղերում նման հովանավորությունը եվրոպացիների համար ճնշման լծակ է ընդդեմ ախոյանների։ Այդ ախոյանները պարագայաբար կարող են լինել Թուրքիան, Ադրբեջանը կամ Ռուսաստանը․ Արևմուտքի խաղերը Վրաստանին ու Հայաստանին օգուտ չբերեցին և գործնական հովանավորություն չապահովեցին։ Եվրոպացիներն իր տեղին և ժամանակին իրենց ներքին առևտրում օգտագործում են այս լծակները և Վրաստանի ու Հայաստանի կենսական շահերն էլ չեն ապահովում։

Մեր ԱԳՆ-ն առաջին այցի ժամանակ տնտեսական ու տարանցիկ համագործակցության համար (3+3) վեցակողմ կոնսորցիումի առաջարկ ներկայացրեց: Երկրորդ այցի ժամանակ զգացինք, որ տարածաշրջանի աշխարհագրության փոփոխության և Հայաստանի ամբողջականության փլուզման վտանգ կա։ Հայաստանն այդ ժամանակ հոգեպես փլուզվել էր և եթե մի երկիր հոգեպես փլուզվում է, ապա հեռու չէ նաև նրա առարկայական փլուզումը։ Հայաստանում կորցրել էին իրենց ինքնավստահությունը։

Անշուշտ, Իրանում ևս այս հարցում միաձայնություն չկար և որոշները հույս ունեին Ադրբեջանը Նախիջևանի հետ կապ ստեղծելու համար միշտ Իրանից կախված մնա։ Պնդում կար, որ 3+3-ը գումարվի․ բնական է, որ Ռուսաստան-Վրաստան ու Թուրքիա-Հայաստան հակադրության պատճառով միայն Իրանը կարող էր նման հավաքի հյուրընկալը լինել, բայց ափսոս՝ հավաքը չկայացավ։ Մենք պնդում էինք, որ 3+3-ը Իրանում հրավիրենք՝ անգամ եթե Վրաստանը չմասնակցի։ Մեր մոտեցումն առաջնահերթ չհամարվեց, բայց բարեբախտաբար 13-րդ կառավարության ժամանակ (ակնարկում է Ռայիսիի կառավարության- ՏԴ), 3+3ը երկու անգամ գումարվեց՝ մեկը Մոսկվայում փորձագետների մակարդակով և մեկը Թեհրանում՝ նախարարների մակարդակով․ Վրաստանն երկու անգամն էլ չմասնակցեց։

Այդ օրերին Մոսկվայի նոյեմբերի 9-ի համաձայնագրի 9-րդ կետի կապակցությամբ նախարարությունում և փորձագիտական շրջանակների հետ հանդիպումներ էինք ունենում․ այդ հանդիպումներից մեկի ժամանակ այսպիսի միտք հնչեց, որ Ադրբեջանի երկաթգիծը Իրանի տարածքով միացնենք Նախիջևանին, որի համար անհրաժեշտ կլինի նաև երկու նոր կամուրջ․ հետաքրքիր և իրագործելի առաջարկ էր։ Ավելի հետաքրքիրն այն էր, որ նույն օրը Թուրքիայի անվտանգության բարձրաստիճան մի պաշտոնյանի հետ հանդիպում ունեի, որը և նման առաջարկ ներկայացրեց։ Երբ Ադրբեջան այցելեցի, Ալիևը ևս այս առաջարկին հավանություն տվեց․ կարծում եմ 13-րդ կառավարությունը հետամուտ է այս գաղափարն իրագործելու համար։

Այս առաջարկի համար պետք է հրաժարվել Զերոյական գումարով մտածողությունից (Zero-sum thinking, ՏԴ), այսինքն` Ադրբեջանի և Թուրքիայի շահը մեր շահն էլ է։ Եթե Իրանի ռազմավարական ընտրությունը բոլոր առավելություններին միայնակ տիրանալը լինի և մյուս կողմերին ոչ մի շահ չապահովի, այդ դեպքում Իրանը լուսանցքում կմնա։ Հեռավորի վրա նման քաղաքականությամբ կվնասենք մեր երկրին»։

(Դոկտ Ջավադ Զարիֆ «Ճկունության խիզախություն», Audacity of Resilience, հրատարակվել է Թեհրանում՝ պարսկերենով, էջ 288-289)

Տիգրան ԴԱՎՈՒԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031