Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի դատախազի գրությունը՝ 5 ՔՊ-ականի մանդատը վայր դնելու պատճա՞ռ․ նոր մանրամասներ

Հուլիս 22,2024 20:22

Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության միանգամից հինգ անդամներ՝ Հարություն Նիկողոսյանը, Նիկոլայ Ղազարյանը, Հասմիկ Ստեփանյանը, Երվանդ Խանամիրյանն ու Աղասի Մաթևոսյանը վայր են դրել իրենց մանդատները։

Թե ո՞րն է եղել պատճառը, Գյումրիում լուրեր էին շրջանառվում, թե սա կապված է ավագանու որոշ անդամների՝ քրեական աղմկոտ պատմությունների մեջ հայտնվելով։ Մասնավորապես ՔՊ-ական անդամ Աղասի Մաթևոսյանը մեղադրվում է ռուս զբոսաշրջիկներին կողոպուտի ենթարկելու մեջ, իսկ Երվանդ Խանամիրյանն իր մտերիմ ընկերոջ՝ ՔՊ-ական գործարար Մարտին Թորոյանի կողմից նրա տունը վերանորոգող արհեստավորին՝ 50-ամյա Հ․ Մ․-ին, շան բույնը գցելու ու նրան հրազենային վնասվածք հասցնելուն մասնակցություն ունենալու մեջ։

Այս լուրերը, որոնք ավելի շատ ենթադրություն կարելի է համարել, մեզ հետ զրույցում հերքել էր ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը։

Նա վերադասավորումը պայմանավորել էր իրենց խմբակցության ընդդիմադիր գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու հետ։

Aravot.am-ին այլ տեղեկություններ են հասել ավագանու հինգ անդամների՝ մանդատներից հրաժարվելու մասին։ Պատճառը, ըստ մեր աղբյուրների, եղել է Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանի պաշտոնական երկու գրությունները՝ հասցեագրված Գյումրու ավագանու բոլոր խմբակցություններին։

Դատախազը Գյումրու ավագանուն հայց հարուցելու առաջարկություն է արել՝ կապված որոշակի ապօրինի հողահատկացումների ու համայնքային գույքը մասնավորեցնելու հետ, որոնք կատարվել են՝ սկսած 2003 թվականից։ Դրանք, ըստ դատախազի գրության,, կատարվել են թե՛ Վարդան Ղուկասյանի և թե՛ Սամվել Բալասանյանի օրոք։

Դատախազը ավագանուն, որպես քաղաքի շահերը պաշտպանող առաջնային մարմնի, առաջարկել է դիմել դատարան ու պահանջել համայնքին վերադարձնել իր սեփականությունը։

Մեր աղբյուրների ասելով, գրության մեջ ուշագրավը երկու կառույցներ են։ Մեկը վերաբերում է «Հոկտեմբեր» կինոթատրոնի շենքի մասնավորեցմանը, մյուսը՝ այժմ Բալասանյան ընտանիքին պատկանող «Սև Բերդ» ամրոցին, թեև Բալասանյանները մասնավոր անձից են ձեռք բերել ու այդ թեմայի շուրջ մամուլով պարզաբանումներ ներկայացրել են:

Ինչևէ, ըստ մեր լավատեղյակ աղբյուրների, դատախազի գրությունը պատճառ է դարձել ՔՊ-ում խմորումների։

Բանն այն է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կողմ է եղել, որպեսզի արտահերթ նիստ անցկացնեն ու քննարկեն այս հարցը։

Մեզ հասած տեղեկություններով, ՔՊ խմբակցության 5 անդամներ հրաժարվել են դեմ դուրս գալ թե՛ Վարդան Ղուկասյանին և թե՛ Սամվել Բալասանյանին։

Մեր տեղեկություններով, ավագանու որոշ խմբակցություններ ևս դեմ են եղել այս հարցի քննարկմանը՝ պատճառաբանելով, որ վաղեմության ժամկետն անցած է։

Ինչևէ, մանդատից հրաժարված ավագանու 5 անդամներից 4-ը՝ Հարություն Նիկողոսյանը, Նիկոլայ Ղազարյանը, Երվանդ Խանամիրյանն ու Աղասի Մաթևոսյանը, որոնք, ի դեպ, ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ին բավական շատ ձայներն են ապահովել՝ լինելով այսպես ասած՝ թաղային հեղինակություններ, դեմ են եղել այն պատճառով, որ իրենք ապրում են փոքր քաղաքում, և սա վնասում է իրենց հեղինակությանը։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, հուլիսի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած ՔՊ-ի վարչության հերթական նիստում հենց այս հարցն է քննարկվել։

Որոշվել է նրանց հեռացնել ավագանուց՝ փոխարինելով նորերով։

Իսկ թե ինչո՞ւ էր դատախազը գրություն ուղարկում ավագանու խմբակցություններին, բանն այն է, որ բազում համայնքների պարագայում դատախազությունն ինքն է փորձել հայց հարուցել, սակայն դատարանները, հիմք ընդունելով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը, չեն բավարարել դատախազության հայցը, քանի որ ավագանի դերակատարությունն անտեսված է եղել։ Այս դեպքում Շիրակի դատախազությունը պահել է ձևական կողմը՝ նախ լսելով ավագանու կարծիքը։

Արտահերթ նիստը, ըստ մեր տեղեկությունների, հնարավոր է տեղի ունենա հուլիսի 26-ին։

Aravot.am-ն այս թեմայի շուրջ կփորձի պարզաբանումներ ստանալ ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանից, այսօր նրա հետ հեռախոսազրույց ունենալ չհաջողվեց։

Նշենք, սակայն, որ ավագանու ՔՊ խմբակցության ղեկավարը երեկ իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է կատարել․․ «Ցանկացած ավագանի, կարևոր չէ, թե տվյալ ավագանին որ խմբակցությունն է ներկայացնում, պիտի մեկ հանձնառություն ունենա՝ իր համար առաջնայինը պիտի լինի օրենքի գերակայությունը, ու մենք գնում ենք այդ ճանապարհով։ Եթե կլինեն մարդիկ, ովքեր այս ընթացքում, որևէ իրավիճակում, որևէ կարգավիճակում խախտել են օրենք, ապա այո, իրենք պիտի պատասխան տան, և օրենքի առաջ բոլորն են հավասար։ Մեզ համար այդ տրամաբանությունը մշտապես գործել է և գործելու է»։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031