Լրահոս
Օրվա լրահոսը

Մոհամմադ Ջավադ Զարիֆ. 25 տարվա ընթացքում Իրանն անգամներ Հայաստանին զգուշացրել էր, որ Ադրբեջանի տարածքների գրավման սխալ ճանապարհը չշարունակեն

Հուլիս 15,2024 13:49

Հատվածներ Իրանի ԱԳ նախկին նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հուշերից-2

(Ադրբեջանի մասին)

«Իրանը Ղարաբաղի առաջին պատերազմի ժամանակ՝ 1371-1373 թ.(1992-1994 թ.-ՏԴ), Ադրբեջանին շոշափելի օգնություն է ցուցաբերել։ Այդ օրերին Ադրբեջանի Հանրապետությունը ներքին խժդժությունների պատճառով շատ թույլ էր և Հայաստանի Հանրապետությունից ծանր պարտություն կրեց։ Ղարաբաղից բացի, Ադրբեջանի տարածքի քսան տոկոսը գրավվեց։ Այդ պատերազմում մի քանի իրանցի ևս զոհվեցին. ազերի գաղթականների համար Իրանի և Ադրբեջանի սահմաններում ընդունելության կետեր պատրաստեցինք ։ Իրանը ուղղակի կերպով Հայաստանի հետ չբախվեց։

Ափսոս, որ ազերիները Իրանի այս հավասարակշռված և անգամ կողմնակալ մոտեցմանը պատշաճորեն չվերաբերվեցին։ Ադրբեջանի Ղարաբաղյան պարտությունից հետո, ազերիները անտեսեցին Իրանի ջանքերը՝ Ղարաբաղում հրադադար և խաղաղություն հաստատելու համար և դեպի ԵԱՀԿ, Մինսկի խումբ ու այլ խաղացողներ գնացին։ Այդ օրերին Թուրքիան Ադրբեջանին շոշափելի օգնություն չկատարեց, քանի որ Թուրքիայի հայացքը դեպի Եվրոպա և Արևմուտք էր և նման չէր Էրդողանի քաղաքականության, որը դեպի տարածաշրջան է թեքված։ Ադրբեջանն էլ ենթադրելով, որ ունի Իրանի հովանավորությունը, իր միջազգային դիրքն ամրապնդելու համար դեպի Մինսկի խումբ ու Իսրայել գնաց և նոր վերք ավելացրեց Իրան-Ադրբեջան առնչություններին։

11-րդ կառավարությունից առաջ (այսինքն՝ Ռոհանիի նախագահությունից առաջ՝ Ահմադի Նեժադի ժամանակ- ՏԴ), Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները շատ սառն էին։ Դավոսի 1392 թ․(2013 թ.) համաշխարհային ֆորումին, շատ լավ հանդիպում տեղի ունեցավ դոկտ Ռոհանիի և Իլհամ Ալիևի միջև. ԱԳՆ կարծիքն էլ այն էր, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ որպես երկու առանցքային հարևաններ (տեքստում գրված է բանալի հարևաններ-ՏԴ), պետք է ընդարձակենք մեր հարաբերությունները։ Հարևանների հետ մեր կապերը չպետք է կառուցել թշնամի պատկերացնելու տեսությամբ, այդ դեպքում մեր հարաբերական առավելությունը կոչնչանա։ Բարեբախտաբար այս ութ տարվա ընթացքում Իրան-Ադրբեջան հարաբերությունները շատ սերտացան։ Դոկտ Ռոհանիի Ադրբեջան կատարած այցի ժամանակ համաձայնություն ձեռք բերվեց Հյուսիս-հարավ միջանցքի, Ռաշտ-Աստարա երկաթգծի կառուցման նախագծում Ադրբեջանի մասնակցության, Կասպից ծովի ընդերքի միասնական օգտագործման և շատ այլ միասնական ծրագրերի իրագործման կապակցությամբ։

Բարեփոխական կառավարության ժամանակ (ակնարկում է 5-րդ նախագահ Խաթամիի ժամանակաշրջանին՝ 1997-2005 թ․- ՏԴ), ազերիները փորձել էին Կասպից Ծովի ավազանում՝ Ալբորզում, նավթի և գազի պաշարների միակողմ հորատում կազմակերպել․ Իրանն Ադրբեջանի այս միակողմանի արարքը չեզոքացնելու համար Իրանն դեպի «Շել» (Shell) նավթա-գազային կորպորացիայի ծովային հենակները անգամ օդուժի հարվածիչ ուղարկեց․ կար նաև բախման վտանգ։ Մեր կառավարության ժամանակ հաջողեցինք համաձայնության գալ և Ալբորզ ու Ալվանդ նավթային ավազանները միասնաբար օգտագործել․ սա կարելի է առանցքային հաջողություն համարել։ Եթե Թրամփյան պատժամիջոցները չլինեին, մենք կարող էինք սկսել նավթային այդ ավազանի հորատումն ու արտահանումը, որի պաշարները քառասուն միլիարդ բարել է գնահատվում։

Թրամփի չորսամյա նախագահության ժամանակ Ադրբեջանի հետ մեր բոլոր համաձայնագրերի իրագործումը կանգ առավ․ այդ շարքում էր նաև Ռաշտ-Աստարա երկաթգիծը, որին ազերիները խոստացել էին մասնակցել հինգ հարյուր միլիոն ԱՄՆ դոլարով։ Իրան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ համաձայնություն ունեինք էներգակիրների փոխադրման համար, նաև տարանցիկ ճանապարհի ու երկաթգծի կառուցում՝ Պարսից ծոցից ու Օմանի ծովից մինչև Ռուսաստան ու Եվրոպա, որոնք չիրագործվեցին։ Սրանք հիմնարար կապեր էին, որ ստեղծել էինք Ադրբեջանի հետ։ Հայաստանի հետ մեր կապերը ևս երբեք դժվարության չի հանդիպել և նրանց հետ ևս մեր բարեկամական սերտ կապերը շարունակվել են։

Ափսոս, որ մեր կառավարության ժամկետի ավարտին, Իրան-Ադրբեջան կապերը դարձյալ նախկին մակարդակին են վերադարձել․ Ադրբեջանի համարձակության առանցքային պատճառը Իրանի վերասեքյուրիթիզացիան է (re-securitization): Աշխարհում եթե որևէ երկիր դեպի սեքյուրիթիզացիա է գնում, դրան դիմակայելու ռեսուրսն իջնում է․ անգամ քո քաշը չունեցող խաղացողը ևս համարձակվում է հիմար կեցվածք ցուցաբերել։ Ադրբեջանն ինչո՞ւ մեր ժամանակ չէր համարձակվում նման խոսքեր ասել, որովհետև «Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը» (Joint Comprehensive Plan of Action) կոտրել էր Իրանի դեմ համաշխարհային անվտանգային միասնությունը (Ակնարկը վերաբերում է Իրանի միջուկային ծրագրերի սահմանափակման համատեղ գործողություններին, որը Իրանի և միջազգային խաղացողների միջև կնքվեց 2015 թվականին, բայց Թրամփը 2018 թվականին հետ վերցրեց ԱՄՆ ստորագրությունը։ Զարիֆը JCPOA-ի ստորագրումը իրենց կառավարության հաջողությունն է համարում, իսկ 2021 թ․ իշխանության եկած Ռայիսիի թիմը դրա հանդեպ վերապահ էր։-ՏԴ

Ղարաբաղի երկրորդ պատերազմից հետո անգամ, Ադրբեջանը Կովկասյան մեր ներկայությանը դեմ չէր․ Իրանը տարածաշրջանում և աշխարհում ազդեցիկ խաղացողի էր վերածվել և դա չէր վրիպում նաև Ադրբեջանի աչքից։ Ազերիները համաձայնվել էին 3+3-ի մեր առաջարկին և՝ Ադրբեջանում հրադադարի հսկման Ռուսաստան-Թուրքիա միասնական կետում մեր ներկայությանը, բայց ռուսներն էին դեմ։

Իրանի դեմ համաշխարհային անվտանգային միասնությունը ինչքան որ սաստկանա, մեր դեմ մարտահրավերներ կամ մտահոգություններ ունեցողները մեզ կոտոշ ցույց կտան։ Թալիբներն ինչո՞ւ են այսօր մեզ կոտոշ ցույց տալիս․ ազերիները 1394-95 թ․ (2015-2016 թ․) կհամարձակվեին մեզ հետ նման տոնով խոսե՞լ։ Փորձում ենք մեր դեմ գործող համաշխարհային անվտանգային միասնությանը հակազդել ռազմական ուժով, ռազմական վարժություններով կամ նման ձևերով։ Սա խաղ է մրցակցի դաշտում, որը մեր դեմ ամրացնում է համաշխարհային միասնությունը։ Ադրբեջանը, որը Ղարաբաղի պատերազմում քաղաքական հակասության մեջ էր ընկել Եվրոպայի և հատկապես Ֆրանսիայի դեմ, սահմանի ռազմական անցուդարձերից և Թեհրանում Ադրբեջանի դեսպանության դեպքերից հետո առիթը օգտագործեց և փորձեց Եվրոպայի հետ իր հարցերը կարգավորել (Զարիֆն ակնարկում է ԻԻՀ-ի մերձարաքսյան զինավարժություններին և Ադրբեջանի դեսպանության վրա կատարված զինված հարձակման։- ՏԴ)․․․։

․․․Իմ նախարարության ժամանակ Կովկասի առանցքային դեպքը 1399 թ․ (2020 թ․) պատերազմն էր, որ Ղարաբաղը Ադրբեջանին վերադարձավ և ազատագրվեցին Ադրբեջանի գրավված տարածքները։ Հայաստանը մոտ 25 տարի Ադրբեջանին ստորացրել էր․ այդ 25 տարվա ընթացքում Իրանն անգամներ Հայաստանին զգուշացրել էր, որ Ադրբեջանի տարածքների գրավման սխալ ճանապարհը չշարունակեն։ Այլոց տարածքների զբաղեցնելը երբեք չի կարող առավելություն համարվել։ 2020 թվականի դեպքերից և Հայաստանի ստորացուցիչ պարտությունից հետո ես այցելեցի Երևան․ Հայաստանի իշխանավորները ընդունում էին, որ էն պահին կարող էին ավելի լավ համաձայնության հասնել, բայց համառ գտնվեցին և անգամ լուրջ բանակցությունների մեջ չմտան։ Մեր և մյուսների ջանքերը ևս անարդյունավետ եղան»։

 

Տիգրան Դավուդյան

Գլխավոր լուսանկարում՝ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունում է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին. 26.05.2021 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031