Լրահոս
Օրվա լրահոսը

Անհնար է վերանայել կամ չեղարկել հայ սպային կացնահարած Սաֆարովին նախագահի կողմից շնորհված ներումը. ԵԽ նախարարների կոմիտեի գնահատականը Ադրբեջանի իշխանություններին

Մարտ 15,2024 16:37

Այսօր առավոտյան հրապարակվել են Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ ՄԻԵԴ վճիռների կատարման վերաբերյալ եռամսյակային նիստից հետո ընդունված որոշումները։

Որոշումներից մեկը վերաբերում է «Մակուչյանն եւ Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի» գործին, որն առնչվում է Ադրբեջանի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժան սպանության ենթարկած Ռամիլ Սաֆարովի ազատ արձակմանը և հերոսացմանը:

Հիշեցնենք, որ դեռ 2020 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել էր, որ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 14-րդ (խտրականության բացառում) հոդվածներով նախատեսված պարտավորությունները: ՄԻԵԴ-ի դատավճիռը սահմանել է Ադրբեջանի հանդեպ իրավական պարտավորություն՝ իրականացնելու այնպիսի գործողություններ, որոնցով հնարավոր կլիներ դադարեցնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի այս խախտումները և հասցեագրել դրանց հետևանքները:

Նախարարների կոմիտեն մտահոգություն է հայտնել, որ թեեւ Դատարանի վճիռը վերջնական է դարձել 2020 թվականի հոկտեմբերին, սակայն անհատական ​​միջոցներ դեռ չեն ձեռնարկվել:

Կոմիտեն վճռականորեն պնդում էր, որ անհրաժեշտ է նախագահի աշխատակազմի կայքում զետեղված հանցագործին ներում շնորհելու և ազատ արձակելուն աջակցող նամակները հրատապ հեռացնել: Բայց նաեւ արձանագրում է Ադրբեջանի իշխանությունների գնահատականը, որ անհնար է վերանայել կամ չեղարկել հանցագործին նախագահի կողմից շնորհված ներումը, թեեւ, այնուամենայնիվ, իրենք հասկացել են, որ խախտումներ են տեղի ունեցել, սակայն պարզաբանել են, որ ներումը չի ազդում այն փաստի վրա, որ հանցագործը մեղավոր է ճանաչվել սպանության փորձի և սպանության կատարման մեջ, չնայած որ այն նրան ազատել է պատժի մնացած մասը կրելուց:

Կոմիտեն նաեւ արձանագրել է ներպետական օրենսդրությամբ նախատեսված երաշխիքների, ինչպես նաեւ նախատեսվող օրենսդրական փոփոխությունների մասին տեղեկատվությունը, էթնիկ դրդապատճառներով ատելությունը կանխելու եւ դրա դեմ պայքարելու մասին: Իշխանություններին հրավիրել է դիտարկել հետագա օրենսդրական փոփոխությունները, մասնավորապես՝ ներառելով գույնի, լեզվի, քաղաքացիության և էթնիկական ծագման հիմքերը քրեական օրենսդրության բոլոր դրույթներում, որոնք ուղղված են ռասիզմի և խտրականության դեմ պայքարին, ինչպես նաև հաշտեցմանը նպաստելու միջոցներ՝ ադրբեջանցի և հայ ժողովուրդների միջեւ թշնամանքը վերացնելու նպատակով։

Կոմիտեն պահանջել է այս բոլոր կետերի վերաբերյալ տալ անհրաժեշտ տեղեկատվություն այս գործին առնչվող կոմիտեի հաջորդ նիստի համար, որը նախատեսված է 2024 թվականի տարեվերջին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031