«Ամսի 13-ը մեր գլխին գալովի է դառնում․ 2022թ․ սեպտեմբերի 13-ին ադրբեջանցիները կրակեցին Ներքին Հանդի ուղղությամբ։ Բայց այս անգամ դիրքերի վրա են կրակել, գյուղի ուղղությամբ կրակոց չի եղել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում են Սյունիքի Ներքին Հանդ գյուղի բնակիչները։
Հիշեցնենք, որ ըստ ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով, հայկական կողմն ունի 4 զոհ և մեկ վիրավոր։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ մարզպետի աշխատակազմի մի խումբ աշխատակիցների հետ առավոտվանից Ներքին Հանդում է։ Մարզպետը զրուցում է գյուղամիջում հավաքված մարդկանց հետ, անվտանգային հարցերից բացի՝ քննարկում են գարնան գյուղատնտեսական աշխատանքներին վերաբերող հարցեր։
Կարդացեք նաև
«Առավոտյան ժամը 5.30-ին էր, որ կրակոցի ձայներ լսեցինք, գյուղի վրա չէին կրակում, դիրքերի վրա, հիմա չկա կրակոց, բայց դե անհանգիստ ենք՝ ամեն պահ կարող է ամեն ինչ պատահել»,-ասում է Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի բնակիչ Արմինե Հովհաննիսյանը։
Տիկին Արմինեի խոսքով՝ ոչ մեկը գյուղը չի լքել։ «Լքենք ո՞ւր գնանք, սա մեր գյուղն է, մեր տունը։ Առավոտյան 9-ից արդեն ամեն մարդ իր գործին էր»,-նշեց նա։
Ըստ Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանի՝ ամենակարեւորը գյուղում խուճապ չկա։ «Անհանգիստ ենք, բայց ամեն մարդ զբաղվում է իր հողամասով, ընտանի կենդանիներով, մի խոսքով՝ մենք այս պահին մեր գործերով ենք» ,-ասաց վարչական ղեկավարը։
2024թ․ փետրվարի 13-ին Ներքին Հանդի առօրյան ներկայացնում ենք լուսանկարներով ու տեսանյութով։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ