Մեր տեղեկություններով՝ ձերբակալվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի կինը՝ Անի Գեւորգյանը:
Նա հիմա գտնվում է Քննչական կոմիտեում: Նրա փաստաբանն է Մուշեղ Ալեքսանյանը:
Aravot.am-ը նրանից ճշտեց՝ այս պահի դրությամբ ի՞նչ ընթացք է ստացել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ գործը: Նա պատասխանեց. «Այս պահի դրությամբ ոչինչ չեմ կարող ասել»:
Ալեքսանյանը հաստատեց, որ ինքն է ներկայացնում Սիմոնյանի կնոջ շահերը:
Կարդացեք նաև
Հարցին՝ դա ասֆալտի տենդերի հե՞տ է կապված՝ Մուշեղ Ալեքսանյանը պատասխանեց. «Չէ, ընդհանրապես ըտենց բանի հետ կապված չի: Կապված է իր նախկին աշխատավայրի հետ, որը ծրագրավորման ընկերություն է, ընդհանրապես շինարարության հետ կապ չունի»:
Փաստաբանը խոստացավ ավելի ուշ մանրամասներ ներկայացնել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Հ․ Գ․ Ավելի ուշ լուր հրապարակվեց, թե ինչում են մեղադրում Անի Գևորգյանին: Նա երկար տարիներ «Սիներջի» ընկերությունում բիզնեսի զարգացման տնօրեն է եղել: Մոտ մեկուկես տարի առաջ «Սիներջին» էկոնոմիկայի նախարարության հայտարարած տենդերներից մեկին է մասնակցել: Մասնակցել են 4 ընկերություն, սակայն տենդերը չեղարկվել է և «Սիներջին» էլ բնականաբար չի հաղթել: Ահա այս չկայացած տենդերն է Անի Գևորգյանի մեղադրանքի հիմքում դրել նախաքննության մարմինը: Անի Գևորգյանը մեկ տարի առաջ է դուրս եկել «Սիներջիից»: