Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ն Գյումրու քաղաքապետին իմպիչմենտ չի հայտնի․ ի՞նչ զարգացումներ են սպասվում այս քաղաքում

Դեկտեմբեր 11,2023 16:54

Գյումրու «Երկխոսություն» մեդիա կենտրոնում այսօր տեղի ունեցավ Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանի և պաշտոններից հրաժարված երկու փոխքաղաքապետերի՝ Արթուր Պապիկյանի և Վահագն Մկրտչյանի մամուլի ասուլիսը։

Ինչպես հայտնի է՝ ՔՊ-ն միակողմանի խզեց «Բալասանյան դաշինք» կուսակցության հետ երկու տարի առաջ կնքած հուշագիրը՝ պատճառաբանելով․ «Գյումրին չի կառավարվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ քաղաքում իրականացվում է ստվերային կառավարում, ինչն անարդյունավետ է դարձնում թե՛ Գյումրիի քաղաքապետարանի գործունեությունը եւ թե՛ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների աշխատանքը քաղաքապետարանի գործադիր օղակներում»։

Թե ո՞վ է այդ ստվերային կառավարիչը, դրսի ի՞նչ ուժեր են իշխում ու ուղղորդում « Բալասանյան դաշինքին», ՔՊ-ականները մոտ մեկ ժամ տևած մամուլի ասուլիսի ընթացքում չհստակեցրեցին, անուններ չհնչեցրեցին, նույնիսկ խորհուրդ տվեցին հարցնել «Բալասանյան դաշինքի» ներկայացուցիչներին։

Ասուլիսից անհայտ մնաց նաև, թե ինչպիսի՞ կեցվածք է ընդունելու ՔՊ-ն Գյումրու տեղի իշխանությունում, ընդդիմադի՞ր է դառնալու։

Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանն ասաց, որ խախտվել են «Բալասանյան դաշինքի» հետ կնքած հուշագրի բոլոր սկզբունքները։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից աշխատանքային քննարկումների ժամանակ բազմիցս բարձրաձայնված՝ փողոցային առևտրի, ապօրինի շինությունների ապամոնտաժման և մի շարք այլ հարցեր այդպես էլ մնացել են չլուծված։

«Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները մշտապես բախվել են «Բալասանյան դաշինքի» ոչ թափանցիկ գործելաոճին, խնդիրներ են ունեցել ֆինանսական և այլ փաստաթղթերի հասանելիության հետ կապված։

Այս ամենը և այլ խնդիրներ, սակայն ուղիղ հետևանք են համայնքի ստվերային կառավարման։

Հենց այդ ստվերային կառավարման հետևանքով է նաև, որ «Բալասանյան դաշինքի» հետ աշխատանքային քննարկումների ժամանակ ձեռք բերված մի շարք պայմանավորվածություններ ուղղակի չեն կատարվել, մեր տպավորությամբ՝ արտաքին միջամտության բերումով»,-ասաց Քնարիկ Հարությունյանը։

Նա նշեց, որ հուշագիր էին ստորագրել «Բալասանյան դաշինքի» հետ՝ Գյումրին ավելի լավը և բարեկարգ դարձնելու համար, հենց այդ պատճառով էլ իրենք որոշել էին Գյումրիի գործադիր մարմնի մաս դառնալ, սակայն ժամանակը ցույց տվեց, որ դա իրենց նպատակին հասնելու ոչ ճիշտ ճանապարհ է։

«Մենք ասում ենք, որ թե՛ ՏԻՄ, թե՛ ցանկացած այլ մակարդակում իշխանությունը մեզ համար ինքնանպատակ չէ ու հրաժարվելով Գյումրիում կառավարման գործադիր մարմնի մեր մասից՝ հայտնում ենք, որ պատրաստվում ենք գյումրեցիների կողմից մեզ տրված 11 մանդատները ողջ ծավալով ծառայեցնել Գյումրու զարգացման և գյումրեցուն»,-ասաց Քնարիկ Հարությունյանը։

Նա թեև չնշեց, թե ով է Գյումրու ստվերային կառավարիչը, սակայն ասաց, որ «Բալասանյան դաշինքի» հետ բազում ծրագրերի շուրջ ձեռք են բերել կոնկրետ պայմանավորվածություններ, որոնք իրենց համար «զարմանալի ու տարօրինակ» կերպով չեն իրականացվել, իսկ սա ենթադրության առիթ է տվել, որ այս ամենը տեղի է ունեցել արտաքին ուժերի միջամտության արդյունքում։

Մեր հարցին՝ ընդդիմադիր կեցվածք եք ընդունելո՞ւ, թե՞ հասնելու եք քաղաքապետի իմպիչմենտին, Քնարիկ Հարությունյանը պատասխանեց, որ այս պահին իմպիչմենտի հարց չի քննարկվում, պարզապես շարունակելու են 11 մանդատի ուժով իրականացնել կառավարումը։

Նախկին փոխքաղաքապետ Արթուր Պապիկյանը ևս նշեց, որ «Բալասանյան դաշինքի» հետ պայմանավորվածություններն ի կատար չեն ածվել, այս ամենը տեսանելի էր իրենց, հետևաբար և նման ձևով անհնար էր շարունակել, և ՔՊ-ին այլ բան չէր մնում անել, քան խզել պայմանագիրը։

Իսկ ինչո՞ւ ՔՊ-ն հուշագիրը չխզեց ավելի վաղ, սպասեց երկու տարի, այս դիտարկմանն ի պատասխան՝ Քնարիկ Հարությունյանն ասաց՝ փորձել են խնդիրները չբերել հանրային դաշտ, այլ գործընկերային շրջանակներում կարգավորել։

Ըստ նրա, համագործակցության մի քանի փորձ են արել՝ հարաբերությունները կարգավորելու, շտկելու, բայց այդպես էլ փորձերը հաջողությամբ չեն պսակվել։

«11 մանդատով իմպիչմենտի հարց առաջ քաշելը ռեալ չեմ համարում։ Մենք լինելու ենք այն դաշտում, որը թույլ է տալիս ավագանու 11 մանդատը։ Մենք մանդատի ուժով ենք աշխատելու»,-ասաց Քնարիկ Հարությունյանը՝ մեկ անգամ ևս պատասխանելով այն հարցին, թե ընդդիմադիր դաշտում եք գործելո՞ւ։

Հարցին ի պատասխան՝ փորձ չե՞ք անելու համագործակցել մյուս ուժերի հետ՝ հասնելով Գյումրիում իշխանափոխության և որքանո՞վ են հիմնավոր այն ենթադրությունները, որ գնում եք «Բալասանյան դաշինքին» մաշեցնելու կամ այդ դաշինքից որոշ անդամների ՔՊ-ի կողմը գրավելու, Քնարիկ Հարությունյանն ասաց․ «Այդ ինֆորմացիան բացարձակ չի համապատասխանում իրականությանը։ Ես կարող եմ պաշտոնապես հայտարարել, որ որևէ ուժի հետ քննարկումներ չենք ունեցել, չենք պատրաստվում այս պահի դրությամբ ունենալ։ Մենք կգործենք մեր 11 մանդատի շրջանակում»։

Փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանին էլ հարց ուղղվեց՝ ինչպե՞ս կմեկնաբանի այն լուրերը, թե պատրաստվում են Գյումրու քաղաքապետին անվստահություն հայտնել, փոխարենը իր թեկնածությունն առաջ մղելով, իհարկե հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի ազգականն է։

«Այս պահին նման քննարկումներ չկան, եթե լինեն նման որոշումներ առաջինը կտեղեկացնենք մամուլին»,-ասաց Վահագն Մկրտչյանը։

Նա ևս նշեց, որ իր պաշտոնավարման առաջին իսկ պահից է զգացել Գյումրու ստվերային կառավարումը, քանի ո ձեռք բերված պայմանավորվածությունները «Բալասանյան դաշինքի» հետ կյանքի չեն կոչվել։ Նա որպես օրինակ մեջբերեց փողոցային առևտրի դեմ պայքարը, երբ ուզել են արդյունքի հասնել, անընդհատ խոչընդոտների են հանդիպել «Բալասանյան դաշինքի» կողմից։ Նմանապես խնդիրներ են եղել «Բալասանյան դաշինքի» հետ՝ Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին ընդունելիս։

Ի դեպ, բանախոսները հերքեցին այն լուրերը, թե «Բալասանյան դաշինքի» հետ կուլիսային համաձայնություն ունեն, թե Սամվել Բալասանյանի որդին կգնա Իրաքի Հանրապետությունում դեսպան, փոխարենը Գյումրու համայնքապետի պաշտոնը կզիջի ՔՊ-ին։

ՔՊ-ն երկու տարի շարունակ Գյումրու կառավարումը տապալելու մեջ իրեն մեղավոր չի համարում՝ դարձյալ մատնանշելով քաղաքի ստվերային կառավարման հանգամանքը։

Նրանք հայտարարեցին, որ կառավարության հետ փոխշահավետ համագործակցելով՝ շարունակելու են Գյումրիի զարգացման ծրագրերը։

Բանախոսները նաև նշեցին, որ արտահերթ ընտրությունների անհրաժեշտության կառաջանա, եթե կառավարման ճգնաժամ նկատվի, «Բալասանյան դաշինքը» վայր դնի մանդատները։ Իսկ այս պահին, ըստ ՔՊ-ականների, կառավարման ճգնաժամ չկա Գյումրիում, և եթե այսպես շարունակվի, իրենք կշարունակեն իրականացնել իրենց լիազորությունները։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031