Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գյումրու «Մեր մանկության տանգոն» ֆիլմի շենքը վերակառուցելու ցանկություն է հայտնել ռուսաստանաբնակ ճանաչված գործարարը

Նոյեմբեր 16,2023 20:33

Գյումրու  պատմական կենտրոնում՝«Կումայրի արգելոց- թանգարանի» տարածքում գտնվող  «Մեր մանկության տանգոյի» կամ ինչպես գյումրեցիներն են սիրում ասել՝ «Վառեմ-մարեմի» հայտնի շենքը վերակառուցելու ցանկություն  է հայտնել Ռուսաստանում բնակվող հայազգի գործարար, «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը։

Նա պատրաստվում է վերակառուցել  այն բարեգործական հիմունքներով ու նվիրել Գյումրի քաղաքին։

Aravot.am-ի այս տեղեկությունը հաստատեց Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։ Նա ասաց, որ վերակառուցումից հետո  շենքի պատշգամբի հատվածում կգործի Մհեր Մկրտչյանի թանգարանը, մյուս հատվածը կծառայի որպես արվեստի կենտրոն կամ պատկերասրահ։

Հիշեցնենք, որ այս շենքը 2009 թվականին կառավարության որոշմամբ «Կումայրի արգելոց-թանգարանի» կազմից փոխանցվել էր Մշակույթի նախարարությանը։

Դեռ 2019 թվականի նոյեմբերին համաձայնության եկան այս շենքը տրամադրել ծրագրավորման ոլորտում համաշխարհային առաջատար ընկերություններից մեկին՝ «Սինոփսիսին», որը նախատեսում էր վերակառուցումից հետո այն դարձնել պոլիտեխնիկական համալսարանի նոր մասնաճյուղերից մեկը, և բոլոր այն ծրագրերը, որոնք նախատեսված են իրականացնել «Սինոփսիս»-պոլիտեխնիկական համալսարան համագործակցության շրջանակում, իրագործել այս շենքում։

Գյումրու գլխավոր ճարտարապետը  տեղեկացրեց, որ  «Սինոփսիս» ընկերությունը պաշտոնապես չի հրաժարվել շենքի վերակառուցումից, այլ կասեցրել է, նախագծի համար մրցույթ էին հայտարարել, կար հաղթող, սակայն նախագիծը վերջնականապես դեռ չի հաստատվել։

Գյումրու համայնքապետարանը դիմել է ԿԳՄՍ-ին՝ խնդրելով հնարավորություն տալ վթարային վիճակում գտնվող  պատմական կառույցի հարցը լուծելու։

Նշենք, որ շենքի մի հատվածը ՄԱԿ-ի Զարգացման գրասենյակի հայաստանյան գրասենյակի և Իտալիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ վերանորոգվել է, այնտեղ գործում է Շիրակի մարզային գրադարանը։

Գյումրու ամենակոլորիտային թաղամասերից մեկում՝ «Սլաբոդկայում» գտնվող պատմական այս կառույցը, որտեղ բազում դրվագներ են նկարահանվել «Մեր մանկության տանգոն» ֆիլմից, զբոսաշրջիկների ամենասիրելի վայրն է դարձել։ Աշխարհի բոլոր ծայրերից են այցելում այստեղ՝ «Վառեմ-մարեմի» պատշգամբի ֆոնին լուսանկարվելու։

Շենքի դիմաց էլ նույնանուն արվեստանոց է բացվել նկարիչ-վերականգնող  Միքայել Վարդպարոնյանի կողմից, որն էլ իր հերթին հետաքրքիր, ինքնատիպ միջավայր է ստեղծել՝ նպաստելով զբոսաշրջության զարգացմանը։

Պատմական շենք-հուշարձանը, սակայն, ամեն վայրկյան կարող է փլուզվել․ այն երկու երկրաշարժ է տեսել՝ 1926 և 1988 թվականներին, անվտանգ չէ անցորդների ու  լուսանկարվող հյուրերի համար։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ mediamax.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930