Անդրեյ Բելի, Ալեքսանդր Բլոկ, Աննա Ախմատովա, Մարինա Ցվետաեւա, Վլադիմիր Վիսոցկի, Իոսիֆ Բրոդսկի՝ այս եւ այլ պոետների լավագույն ստեղծագործություններն ամփոփված են «XX դար. ռուսական պոեզիայի ընտրանի» հատորում: Հայալեզու ընթերցողը այդ շքեղ պոեզիան արդեն հնարավորություն ունի կարդալու բանասիրական գիտությունների թեկնածու, հրապարակախոս, թարգմանիչ, հասարակական-քաղաքական գործիչ Լիլիթ Գալստյանի նույնքան շքեղ թարգմանությամբ:
Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը գրքի առաջաբանում գրել է. «Բացառիր հույզերը, ապրումները, սերը, նվիրումն ու կարոտը, խամրող հայացքդ նորից պայծառացնող մանկության տաք հուշերի գգվանքը, եւ տակը ոչինչ չի մնա: Ապրածդ ժամանակահատվածը դատարկ դհոլի պես ձայնեղ զարկվելու է ողջն անհայտություն տանող քամու մատներին: Այդպես էլ կա, հիմա մարդկությունը դրան էլ մղվում է, եւ բանաստեղծությունն է, որ երբեմն-երբեմն հնչելով, ոգեղեն էն քիչ հրայրքների պես հաղորդակից է դարձնում անմեռ զմայլանքներին՝ մեր մեջ արթնացնելով մեր իսկ ինքնության աստվածային խորհուրդը: Այս անգամ մարդուն պահող արժեքների ապրեցնող կածանով անցնելու հրավերը Լիլիթ Գալստյանի կողմից է՝ «XX դար. ռուսական պոեզիայի ընտրանի»-ն իր թարգմանությամբ ներկայացնելով ընթերցողին»:
Խաչիկ Մանուկյանի ձեւակերպմամբ, այս գիրքը ոչ միայն ռուսական պոեզիային կրկին հաղորդվելու հրավեր է, այլեւ երկու դարաշրջաններն իրար կապող յուրօրինակ կամուրջ, ինչը, նրա խոսքով, փայլուն արտացոլվում է գրքում ներառված Մանդելշտամի տողերում.
Կարդացեք նաև
Իմ դար, իմ քնքուշ, իմ վայրի գազան,
Ո՞վ կհանդգնի աչքերիդ նայել՝
Սեփական արյամբ իրար միացնել
Երկու դարերի ողերը դաժան:
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում կայացած շնորհանդեսի ժամանակ Երեւանի Կինոյի եւ թատրոնի ինստիտուտի պրոֆեսոր, կինոգետ, գրող Դավիթ Մուրադյանն ասաց, որ իր թարգմանություններով Լիլիթ Գալստյանը վեհն ու գեղեցիկը վերադարձրել է ընթերցողին, եւ շատ կարեւոր է, որպեսզի դրանք ընթերցեն հատկապես երիտասարդները, որոնցից շատերն անհաղորդ են բարձր գրականությանը, որովհետեւ չկան համարժեք թարգմանություններ:
Գրող, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Դիանա Համբարձումյանն ասաց, որ Լիլիթ Գալստյանին անչափ գնահատում է որպես մարդ, ստեղծագործող, թարգմանիչ ու նաեւ քաղաքական գործիչ: «Լիլիթ Գալստյանը մեզ համար ստեղծել է հնարավորություն շփվելու ռուսական պոեզիայի փառահեղ փաղանգի հետ: 20-րդ դարն է իր վայրիվերումներով, աքսորյալ բանաստեղծներ կային, որոնք շատ մեծ սեր տարան իրենց հոգու մեջ՝ Ռուսաստանը լքելով: Եվ ինձ համար շատ թանկ բանաստեղծ Բրոդսկին, օրինակ, կարողացավ օտար ափերում իր հանճարը դրսեւորել ու գնահատվել շատ բարձր: Հայրենիքի ձայնը միշտ իր սրտի մեջ էր: Ես կարծում եմ, որ հայացրած Բրոդսկին նույնքան շքեղ է, որքան ռուսերեն է հնչում»,-հավելեց նա:
Լիլիթ Գալստյանն ասաց, որ երկար է մտածել՝ նշել գրքի ծնունդը թե ոչ. « Գիրքը 2019-ին էի ավարտել եւ 2020-ին պետք է գնար տպագրության, բայց եղավ պատերազմը, ու բոլորի հետ մենք բոլորս մի քիչ մեռանք: Ես էլ մեռա, ու մի տեսակ գրքի ժամանակ չէր, ու երկար ժամանակ գրքի ժամանակ չէր…Մի տեսակ հիմա էլ կարծես գրքի ժամանակ չէ, որովհետեւ մռայլ, անհույս, շարունակ մղձավանջի մեջ մի տեսակ մեղավոր ես զգում…Բայց մյուս կողմից, այնուամենայնիվ, այս մռայլության մեջ շողեր են պետք: Ու ես որոշեցի, որ գրքի ծնունդը պետք է նշեմ ու պետք է նշեմ հարազատներիս հետ՝ մարդկանց հետ, որոնք ապրումակից են, ու այստեղ բանալի բառը ապրումակիցն է…Եվ խնդիրը ոչ թե դահլիճ լցնելն էր, այլ ապրումակից, հարազատ մարդկանց հետ լինելը, հատկապես, որ բոլորս մի քիչ ջերմանալու կարիք ունենք այս օրերին: Ու կարծում եմ՝ այսօր գրականությունը, լավ տողը կարող է ջերմացնել….»:
Լիլիթ Գալստյանը որոշ դրվագներ հիշեց. «Միշտ ասում էի, որ մեծանամ, գրող եմ դառնալու, Ռուբեն Հովսեփյանն էլ ասում էր՝ ախչի, դու էդպես էլ չմեծացա՞ր, որ չես գրում: Գրող դառնալու համարձակություն չունեցա, որովհետեւ Հեմինգուեյը ու Սարոյանն ինձ շատ էին ճնշում, բայց խիզախեցի թարգմանիչ դառնալ: Վստահ էի, որ էդ մեկը ավելի լավ կանեմ: Հետո երբ բացահայտեցի Պուշկինի հրաշալի տողը՝ թարգմանիչները քաղաքակրթության փոստատար ձիերն են, ասացի՝ այո, ես համաձայն եմ լինել քաղաքակրթության փոստատար ձին, որովհետեւ այնքան կարեւոր է մեր օրերում երկխոսությունը՝ մշակութային, քաղաքակրթական եւ այլ»:
Լիլիթ Գալստյանն ընդգծեց, որ հուսահատության, նահանջի եւ դժվարին իրավիճակների հաղթահարման ճանապարհները նաեւ անցնում են մշակույթով, ինքնութենական արժեքներով, որոնք այսօր մի տեսակ ուրացել ենք. «Այս ժողովածուն պարզապես թարգմանչի ընտրությունն է, պահի զգացողությունը… Ինչ-որ մի պահի ինքնութենական պահանջ էի զգում, արարելու կարիք ունեի, մեկ էլ տեսա, որ բանաստեղծությունն էլ է ստացվում: Բրոդսկուն հիշեցի, որ ասում էր՝ բանաստեղծությունը մարդկային խոսքի բյուրեղացած տաճար է, ու փորձեցի մտնել այդ տաճարը, մնացածը դուք դատեք»:
Հավելենք, որ «XX դար. ռուսական պոեզիայի ընտրանի» գրքի խմբագիրն է Վահե Արսենը, ձեւավորումը Մկրտիչ Մաթեւոսյանինն է: Լիլիթ Գալստյանը հեղինակել է նաեւ «12 պատվածք եւ մեկ պիես», «XX դարի ամերիկյան արձակ» ժողովածուները:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ