Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե արդար դատաքննություն լինի, դուք կհասկանաք՝ էս ինչ փուչիկ է. Պեմզաշենի սպանության գործով մեղադրյալի պաշտպան

Հոկտեմբեր 25,2023 16:05

«Միմյանց փոխլրացնելով, այսինքն՝ դանակը վերցրել է, խփել, հետո ասել է՝ վերցրու, մի հատ էլ դու խփի, հետո ձեռքից վերցրել, ի՞նքն է խփել, սենց հա՞ : Իրականում էլի եմ ասում, իմ պաշտպանյալն ասում է՝ բացարձակ ոչ էդ դեպքի վայրում եղել է, ոչ դեպքից տեղյակ է, դեպքի մասին հաջորդ օրն իմացել է ոստիկանների գալուց: Վարույթ իրականացնող մարմնին հարցրե՞լ եք, էդ հեքիաթները որտեղից են վերցրել, գրել»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց 2022 թվականին Պեմզաշենում մոր եւ երկու անչափահաս երեխաների դաժան սպանության գործով անցնող Արկադի Բարսեղյանի պաշտպան Վլադիմիր Մինասյանը՝ անդրադառնալով վարույթ իրականացնող մարմնի կողմից ներկայացված դաժան սպանության մանրամասներին:

Ըստ այդմ՝ Զ. Մ-ին ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու դիտավորությամբ, փոխլրացնելով միմյանց գործողությունները, Արկադի Բարսեղյանն ու Վ. Բ-ն դանակով հարվածներ են հասցրել Զ.Մ.-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով բազմաթիվ մարմնական վնասվածքներ:

Ինչ վերաբերում է Արկադի Բարսեղյանի կողմից սպանված կնոջը արտաամուսնական կապի առաջարկներ անելուն եւ դրա հողի վրա սպանության շարժառիթին, փաստաբան Մինասյանը կրկին հերքեց. «Էդ էլ հարցրեք վարույթ իրականացնող մարմնից՝ էդ որտեղի՞ց վերցրիք նման տվյալներ: Էն ժամանակ գողության շարժառիթ էր, հիմա էլ արտաամուսնակա՞ն դարձավ: Սիրուն հեքիաթ է գրված, հարցրե՞լ եք վարույթ իրականացնող մարմնից՝ որտեղից այդ տվյալները, թե իրենք չեն պատասխանում, մե՞զ եք հարցնում»:

Մեր հարցին՝ վարույթի շրջանակում ի՞նչ ցուցմունքներ կան իր պաշտպանյալի դեմ, փաստաբանն ասաց՝ չկան:

Մեր հաջորդ հարցին՝ վարույթի շրջանակում առերեսումներ եղե՞լ են իր պաշտպանյալի ու գործով անցնող մյուս մեղադրյալի միջեւ, փաստաբանը պատասխանեց. «Ամեն ինչ արեցին, որ չանեն առերեսումները: Պատճառաբանեցին, որ Վրույրը ոչ մի ձեւ չի ուզում առերեսում, բայց օրենքով սահմանված կարգով չբերեցին, նստեցնեին մեր դիմաց, պարզաբանեին առերեսման կարգն ու հարցեր տային, ինքն էլ հրաժարվեր: Ընդամենը մի երկու դիմում քրեակատարողական հիմնարկից Վրույրը գրել էր, որ տեղյակ է առերեսման կարգի մասին, թե որտեղի՞ց էր տեղյակ: Այ էդ հարցերին անդրադառնայիք»:

Մեր հարցին, իսկ Արկադի Բարսեղյանի մեղքը հաստատող ի՞նչ փորձաքննության արդյունքներ կան, փաստաբանը շարունակեց. «Ամեն ինչ էլ կա, այդ ամեն ինչը դատարանում կտեսնեք, եթե արդար դատաքննություն լինի, դուք կհասկանաք՝ էս ինչ փուչիկ է. սաղ ճշտեք քննիչից: Մենք այդ բոլոր փորձաքննության եզրակացություններն ունենք, որոնց հետ համաձայն չենք եղել, պատճառաբանված հերքել ենք իրենց եզրակացությունը ուրիշ մասնագետների ներգրավմամբ, որ ճիշտ չէ այդ եզրակացությունը տրված»:

Փաստաբանի խոսքով, հանցագործության գործիք հանդիսացող դանակի վրա Արկադի Բարսեղյանից հետքեր չկան: Փաստաբանը պնդում է ոչ մի ապացույց չկա. «Դրա համար էդ մարդիկ չեն իմացել՝ ինչ գրեն, իրենց ֆանտազիայով ձեւակերպել են՝ միմյանց փոխլրացնելով սպանել են: Կարո՞ղ եք բացատրել՝ ինչ է նշանակում միմյանց փոխլրացնելով: Եթե արդար քննություն իրականացվի, պարզվելու է, որ իմ պաշտպանյալն անմեղ է: Նա շարունակում է չընդունել մեղադրանքը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031