Լրահոս
Օրվա լրահոսը

«Կան ուժեր, ըստ որոնց՝ հայրենասիրության, պատմամշակութային ժառանգության մասին խոսելը համաշխարհային գիտության սկզբունքներից շեղում է». Աշոտ Մելքոնյան

Հոկտեմբեր 23,2023 15:49
Աշոտ Մելքոնյան

Ֆեյսբուքում ֆլեշմոբ է սկսվել. մարդիկ պահանջում են ԿԳՄՍ նախարարությունից չեղարկել Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած 7-րդ դասարանի Հայոց պատմության դասագիրքը և դադարեցնել նրանով դասավանդելը, համարում են, որ այնտեղ միտումնավոր խեղաթյուրված են պատմական իրադարձությունները, աղբյուրները հավաստի չեն, պատմությունը բացահայտ շարադրված է ի վնաս մեր ազգային շահերի։ Թեմայի վերաբերյալ իրենց տեսակետներն արդեն ներկայացրել են ինչպես որոշ մասնագետներ, այնպես էլ իր փաստարկներն է շարադրել դասագրքի հեղինակը:

Դասագրքի լուսանկարը՝ ֆլեշմոբից

Aravot.am-ը ` 7-րդ դասարանի Հայոց պատմության դասագրքի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց նաեւ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանից:

«Ամբողջ խնդիրն այն է, որ խոսել դասագրքի մասին բավարար չէ, պետք է խոսել չափորոշիչների մասին: Այդ դասագիրքը գրվել է ընդունված չափորոշիչների հիման վրա: Տարիներ առաջ այդ թեմայով մեծ բանավեճ եղավ, ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ լուսահոգի Արտակ Մովսիսյանը, ես, շատ ընկերներ, առաջատար պատմագիտական հաստատությունները, Արեւելագիտության, Պատմության ինստիտուտը, համալսարանի, եւ մանկավարժականի հայոց պատմության ամբիոնները այդ կապակցությամբ շատ հիմնարար դիտողություններ արեցին՝ յուրաքանչյուրը մոտավորապես 20 էջի սահմաններում: Մեզ նախարարությունում ժամանակին հավաստիացրին, որ դրանք հաշվի կառնվեն, բայց այդպես էլ հաշվի չառնվեցին, եւ դասագիրքը գրվեց հենց նախարարության կողմից առաջարկված չափորոշիչների հիման վրա, որն էլ բերեց նման պատկերի»,-ասաց պարոն Մելքոնյանը:

«Հեղինակային խմբերից մեկը ես էի ղեկավարում՝ լուսահոգի Արամ Սիմոնյանի հետ միասին, եւ երկրորդ սերնդի դասագրքերն էին Հայոց պատմության, մենք եւս ուզում էինք մասնակցել այդ մրցույթին, բայց քանի որ չափորոշիչները չփոխվեցին, ստիպված եղանք հրաժարվել, որովհետեւ այնտեղ հատկապես Հայոց եկեղեցու պատմության վերաբերյալ հավաստիացումներ կային, թե Հայոց եկեղեցու պատմությունն ընդհանրապես օրակարգից հանելուց հետո համապատասխան քանակությամբ ժամաքանակ պետք է տրամադրվի Հայոց պատմությանը, ինչն այդպես էլ չարվեց:

Տեսեք՝ այսքան քննադատություն է արվում այդ դասագրքի հասցեին, բայց, օրինակ` այդպիսի մի ոլորտի մասին, ինչպիսին եկեղեցու պատմությունն է, գրեթե ոչինչ չի ասվել: Հայ եկեղեցու պատմություն այնտեղ չկա, փոխարենը կա այնպիսի փաստական սխալ, ինչպիսին այն է, որ Հայ առաքելական եկեղեցու հիմնադիրը Տրդատ Մեծն է: Ցույց է տրվում , որ աշխարհիկ իշխանությունն է եղել եկեղեցու հիմնադիրը, այնինչ եկեղեցու հիմնադիրը Գրիգոր Լուսավորիչն է: Այլ հարց է, որ պետությունը, որը սկզբից թշնամաբար էր տրամադրված նոր կրոնին, հետո կարծիքը փոխեց, միացավ Գրիգոր Լուսավորչին եւ հրով ու սրով այդ կրոնը տարածվեց հայ ժողովրդի մեջ: Ուզում եմ ասել, որ խնդրին պետք է մոտենալ շատ ավելի գլոբալ, որովհետեւ չափորոշիչների նման տարբերակի պարագայում բնականաբար դասագիրքը չէր կարող լինել այնպիսին, ինչպիսին հասարակությունը սպասում էր»,-կարծում է ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենը:

Անդրադառնալով խնդրի հայեցակարգային կողմին՝ Աշոտ Մելքոնյանը հետեւյալը նշեց. «Ամբողջ հարցն այն է, որ 90-ականներին Վլադիմիր Բարխուդարյանի ղեկավարությամբ, Բաբկեն Հարությունյանի, մեր խմբի կողմից ստեղծված նախորդ դասագրքերը, հանրության կողմից սկսեցին գնահատել որպես ազգայնական ոգով գրված, համակեցությանը նախապատվություն չտվող: Ազգային պատմությունը եւ հերոսապատում պատմությունը քաղաքակրթական խնդիրների վերլուծությունը մեզանում դիտվեց որպես համաշխարհայնացման ընդհանուր մոդելին հակառակ, եւ քարկոծեցին այդ դասագրքերը այն պնդմամբ, որ իբր գրված են ազգայնական ոգով: Պատահական չէր, որ 2017թ. հայտնվեց մի գիրք անգլերենում՝ թուրքերի հետ միասին գրված, որտեղ նշվում էր, թե մենք ազգայնական ոգով ենք գրել դասագրքերը եւ երեխայի մոտ նախապես ձեւավորում ենք թշնամական վերաբերմունք թուրքի նկատմամբ, թուրքի կերպարը ներկայացնում ենք թշնամու կերպար:

Բնականաբար, այս նոր չափորոշիչները համաշխարհայնացման, գլոբալիզացիայի պայմաններում հարմարեցվել էին այս պահանջներին, եւ դասագիրքն էլ պետք է գրվեր այդ ոգով: Ցավոք սրտի, մեր հասարակության մեջ այլ ուժեր կան՝ նաեւ գիտնականների շրջանում, որոնք գտնում են, որ խոսել հայրենասիրության, ազգի առանձնահատկությունների, պատմական անցած ուղու, պատմամշակութային հզոր ժառանգության մասին, ինքնին ենթադրում է համաշխարհային գիտության հիմնական սկզբունքներից շեղում, ինչը հատկապես մեր կողմից ընդունելի չէ:

Ես կարծում եմ, որ այս աղմուկը, որ բարձրացել է, առաջին հերթին իմ խորին համոզմամբ՝ կապված է չափորոշիչների հետ, որոնք պետք է փոխվեին: Բայց, ինչպես արդեն նշեցի, խոստումներ եղան, որ կբարելավեն, սակայն դրանք հիմնականանում մնացին նույնը եւ գրքի հարցում ունեցանք նման մոտեցում:

Իսկ ինչո՞ւ այդ գիրքը համապատասխան գիտակրթական հաստատությունների չներկայացվեց՝ կարծիքի: Պատճառաբանվում է, թե ժամանակը շատ կարճ էր, բայց բոլոր դեպքերում, որ եթե մեկ տարի ուշացվեր դասագիրքը շրջանառության մեջ դրվելուց, դրանից միայն կշահեր, որովհետեւ այն պիտի ապրոբացիա անցներ, ինչը որ նախկինում արվում էր: Օրինակ, մենք ժամանակին գնում էինք դպրոցներ, լսում էինք քննադատություն ուսուցիչների կողմից: Արդյունքում մի քանի անգամ վերահրատարակվեցին դասագրքերը՝ մանկավարժների դիտողությունները հաշվի առնելով: Բնականաբար, մանկավարժը շատ ավելի լավ գիտի աշակերտի մակարդակը: Մենք նաեւ մանկավարժների էինք ընդգրկում մեր խմբագրական հեղինակային կազմի մեջ:

Իսկ հիմա մի հեղինակ գրել է դասագիրքը՝ առանց ուսուցիչների մասնակցության, առավել եւս՝ առանց գիտակրթական համապատասխան կառույցների կարծիքները հաշվի առնելու, ոչ մեզ են ուղարկել՝ կարծիքի համար, ոչ ԵՊՀ եւ մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետներին, ոչ արեւելագիտականին, ոչ Հնագիտության ինստիտուտին, դրա համար էլ սպասելի էր նման արդյունքը: Մյուս կողմից՝ ամբողջ մեղքը բարդել մեկ անձի վրա, արդար չէ»:

Ակադեմիկոսն ընդգծում է. «Դասագիրքը գրելը շատ բարդ, դժվարին խնդիր է եւ միաժամանակ անշնորհակալ գործ: Դասագիրք գրելը՝ մանավանդ քաղաքական խնդիրների հետ կապված, բավականին բարդ է, որովհետեւ յուրաքանչյուր քաղաքական ուժ իր պատկերացմամբ մեր պատմական ուղին ենթարկում է մեկնաբանության, եւ բնականաբար, իրեն չի բավարարում, երբ հեղինակը այս կամ այն խնդրի վերաբերյալ փորձում է չեզոքություն պահպանել: Մեզանից պահանջվում էր քաղաքական գնահատական տալ այսինչ, այնինչ խնդրին, բնականաբար դա դասագրքի հեղինակի խնդիրը չէ: Ես կարծում եմ, որ պետք է խնդրին մոտենալ գլոբալ: Մի քանի սերունդների պարագայում՝ ապրոբացիա անցած դասագրքերը ժամանակի ընթացքում փոփոխվելով, բարելավելով՝ մի պահ կգա, որ կդառնան կատարյալին բավականին մոտ»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031