«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, որ նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցության նախընտրական ցուցակով Երեւանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Հայկ Մարությանի թիմակիցները ՔՊ-ին մեղադրում են հայտնի տեսանյութից Մարությանի կադրը ջնջելու մեջ։
«Իսկ ո՞վ է Մարությանի թիմը, «Ազգային առաջընթաց» կուսակցությո՞ւնը։ Ես ուզում եմ իրենց գաղափարախոսության մասին էլ մի փոքր ծանոթանալ, ինչի՞ մասին է։ Մարությանի թիմն ինչ-որ բաներ է ասում, ես գոնե նվազագույնը պետք է իմանա՞մ, թե Մարությանի թիմն ո՞վ է»,- ասաց Ավինյանը։
Լրագրողը վերաձեւակերպեց հարցը, ասաց, որ Հայկ Մարությանն է մեղադրում ՔՊ-ին, որ ավտոբուսների պայմանագրի ստորագրման տեսանյութից կտրել են իր կադրը։ «Ես չեմ ուզում մեկնաբանել կոնկրետ, որովհետեւ չգիտեմ, թե ով ինչ տեսանյութ է նկարահանել։ Եթե ինչ-որ մեկն իրեն ինչ-որ տեսանյութից հանել է, դա ամոթալի է։ Ես չեմ կարծում, որ Վահագն Ալեքսանյանը որեւէ մեկին որեւէ տեսանյութից հանել է, կարող է հրապարակել է, բայց ես վստահ եմ, որ ինքն անձամբ որեւէ մեկին տեսանյութից չի հանել։ Բայց դա ամոթալի բան է, ես այդտեղ որեւէ մեկնաբանություն այլ կողմից չունեմ։ Բայց մյուս կողմից այն, ինչ իրականացրել է կառավարությունը, Երեւանի ավագանին, այն, ինչ նախաձեռնել է նաեւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ճիշտ չէ վերագրել միայն մեկ հոգու, երբ իրականացրել է մի ամբողջ քաղաքական թիմ։ Կառավարությունն է այդ վարկի պատասխանատուն, այսօր կառավարությունն է այդ վարկը մարում, նախաձեռնել է իմ գրասենյակը, ես եղել եմ ՎԶԵԲ բանկի կառավարիչը Երեւանում։ Կներեք, մի քիչ էլ թողեք ես անհամեստություն անեմ, բայց ես չեմ կարող ասել, որ միայն ես եմ դա արել, դա արել է քաղաքական թիմը, դա մեկ մարդը չի կարող անել»,- ասաց Ավինյանը։
Հարցին, թե Նիկոլ Փաշինյանը մասնակցելո՞ւ է իր քարոզարշավին, Տիգրան Ավինյանը պատասխանեց․ «Ես կարծում եմ, որ վարչապետը շատ ծանրաբեռնված է, իր խնդիրները բավական խրթին են, բայց վարչապետը միանշանակ աջակցում է մեզ եւ մեր թիմին այս ընտրություններում»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ