Լրահոս
Օրվա լրահոսը

Սպասվում է ՀՀ տնտեսական աճի մինչև 7.5% դանդաղում

Օգոստոս 15,2023 19:03

«ԼՈՒՅՍ» հիմնադրամն ուսումնասիրել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կողմից հրապարակված հերթական (2023թ. օգոստոսի) ամսական մակրոտնտեսական վերլուծությունը (обзор)։ Այդ վերլուծությունները հանդիսանում են միջանկյալ հրապարակումներ առավել ընդգրկուն մակրոտնտեսական կանխատեսումների միջև և պարունակում են վիճակագրական տեղեկատվություն ԵԱԶԲ անդամ երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ։

Ստորև ներկայացվում են վերլուծության Հայաստանին վերաբերող մասի առավել ուշագրավ դրույթները։

  • 2023թ. հունիս ամսին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը էապես նվազել է և կազմել 6.8%՝ մայիսի 13.7%-ի դիմաց։ Ամսական տվյալները ցույց են տալիս, որ վերջին շրջանում ՀՀ տնտեսական աճին առավել մեծ նպաստում ունեցած երկու ոլորտներում՝ ծառայություններում և առևտրում, աճը զգալիորեն դանդաղում է։ Թերևս դա է պատճառը, որ ԵԱԶԲ փորձագետները 2023թ. համար կանխատեսում են ՀՀ տնտեսական աճի դանդաղում մինչև 7.5%։ Ընդ որում, նշվում է, որ այդ տեմպը կապահովվի հիմնականում շնորհիվ առաջին կիսամյակում արձանագրված տնտեսական ակտիվության բարձր տեմպերի։ Հիշեցնենք, որ 2022թ. ՀՀ տնտեսական աճը կազմել էր 12.6%։ Համաձայն կանխատեսման, փաստացի ստացվում է, որ Հայաստանում տնտեսական աճի բարձր տեմպերով ժամանակաշրջանն ավարտվում է։
  • Մարդկանց և կապիտալի ներհոսքի կտրուկ աճի հետևանքով ՀՀ դրամը 2022 թվականի երկրորդ եռամսյակի սկզբից առևտրային գործընկեր երկրների արժույթների նկատմամբ արժևորվում է: 2022թ. սկզբի համեմատ 2023թ. հուլիսին դրամի արժևորումը կազմել է. դոլարի նկատմամբ՝8%, եվրոյի նկատմամբ՝ 21.7%, ՌԴ ռուբլու նկատմամբ՝ 32.4%։ Իրական արդյունավետ փոխարժեքի առումով դրամը 2022թ. արժևորվել է 33.6%-ով, իսկ 2023թ. հունիսին՝ 2022թ. սկզբի համեմատ` 40%-ով։ Դրամի արժևորումը կարող է բացասաբար ազդել արտահանման մրցունակության վրա՝ առաջացնելով այսպես կոչված «հոլանդական հիվանդություն» (իրավիճակ, երբ արտարժույթի ներհոսքի կտրուկ աճի հետևանքով արձանագրվող ազգային արժույթի գերարժևորումը հանգեցնում է արտադրողների մրցունակության և, ի վերջո, արտահանման նվազման)։ Սպառողների եկամուտների կտրուկ աճն ավելացնում է պահանջարկը «ոչ արտահանելի» ոլորտներում (ներառյալ շինարարությունը և ծառայությունների ու առևտրի զգալի մասը), ինչի հետևանքով ժամանակի ընթացքում ռեսուրսները (ինչպես նյութական ու աշխատանքային, այնպես էլ ֆինանսական) տնտեսության «արտահանելի» ոլորտներից աստիճանաբար տեղափոխվում են «ոչ արտահանելի» ոլորտներ։ Արդյունքում, ժամանակի ընթացքում «արտահանելի» ոլորտների դերը տնտեսությունում կարող է նվազել, իսկ դա որպես կանոն տնտեսական աճի դանդաղման կարևոր պատճառ է (Magud, Sosa, 2010)։

Վերլուծությունն ամբողջությամբ:

Աղբյուրը՝ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031