Լրահոս
Օրվա լրահոսը

Չուկչայական հեքիաթ

Օգոստոս 04,2023 09:30

Այս հեքիաթը, երբ մի առիթով Չուկոտկա էի գնացել, այնտեղ ապրող մի իմաստուն չուկչայից եմ լսել։ Չասեք, խնդրում եմ, թե իմաստուն չուկչա չի լինում, թե իմաստունները չինացիք են միայն ու արաբները։ Լինում է՝ չգիտեք։

Ուրեմն, այսպես՝ լինում է չի լինում մի երկիր է լինում։ Էս երկրի թագավորը, բոլորի համար անսպասելի, մի արեւոտ առավոտ վերցնում ու մահանում է։ Պատահում է՝ կասեք։ Իհարկե, պատահում է։ Ավելի հետաքրքիր դեպքեր էլ են պատահում։ Էս մեր հանկարծամահը, մեր մեջ ասած, մի կարգին թագավոր էլ չէր։ Որկրամոլի ու խաղամոլի մեկն էր։ Հպատակները, բայց տանում ու պատվով թաղում են սրան։ Շուն-գել, թագավոր է եղել։ Մի քառասուն օր էլ, ինչպես կարգն է, սուգ են անում, ապա որոշում են իրենց միջից նոր թագավոր ընտրել։ Մեկին, որ պնդում էր անընդհատ, թե գիտի ինչն ինչպես անել, ընտրում են ու ասում՝ կառավարի՛ր, դու մեզ թագավոր, մենք քեզ օգնականներ՝ շենացնենք մեր երկիրն ու ապրենք երջանիկ։

Էս մեր նոր թագավորը շատ լավն էր, ասող-խոսող ու ժողովրդական։ Թագավորական շորեր անգամ չէր հագնում, թագ չէր դնում, գահին չէր բազմում։

– Ինչի՞ս է պետք, – ասում էր -, աշխատե՛լ է պետք, աշխատե՛լ։

Ժողովուրդը գոհ էր շատ, բայց շրջապատող պալատականները համոզում էին, թե թագավորին վայել հագուկապը պարտադիր է։

-Ամոթ է, – ասում էին, – հազար աչք է տեսնում, հարեւան երկրներից են նայում, պաշտոնական միջոցառումներ ու արարողություններ են լինում, չի կարելի։

Կամաց-կամաց թագավորը տեղի տվեց։ Սկսեց թագավորական շորեր հագնել, գահին բազմել ու թագը դնել գլխին։ Թա՞գն էր մեծ, թե՞ գլուխն էր փոքր՝ հայտնի չէ, բայց էդ անտերն անընդհատ ականջներին ու աչքերին էր սահում՝ փակում էր լսողությունը եւ ծածկում տեսողությունը։ Իրեն դիմող քաղաքացիներին ուշադիր լսելու եւ տեսնելու համար էս մեր թագավորն ստիպված էր լինում ներքեւ սահած թագն անընդհատ ցուցամատով վերեւ հրել։

Շատ էր ծանրաբեռնված թագավորը։ Շատ էին լուծելի ու անլուծելի խնդիրները։ Մեկը տուն չունի ու սոված է, մյուսը՝ ե՛ւ տուն ունի, ե՛ւ ունեցվածք, բայց եղբոր հետ կիսվել չի կամենում, էն մյուսը՝ եղբոր հետ կիսվում է, բայց քույրն էլ է բաժին ուզում, մեկը՝ գողություն է արել, մյուսը՝ տուժել է գողից, ճանապարհները քանդված են, կարկուտը ծեծել է բերքը ․․․ Մի խոսքով՝ օրը եթե 100 ժամ էլ ունենա՝ չես հասցնի։ Հոգնում էր մեր թագավորը, շատ էր հոգնում, բայց աշխատում էր։

Երբ թագը սահում էր գերհոգնած թագավորի ականջներին ու աչքերին ու փակում էր նրա լսողությունը եւ տեսողությունը՝ նա իրեն երանության մեջ էր զգում։ Արագ, սակայն, վեր էր հրում թագը, չէր կարող իրեն նման շռայլություն թույլ տալ, երբ այդքան չլուծված խնդիրներ կան։ Երկիրը կարգի կբերենք, այն ժամանակ էլ կհանգստանանք` քաջալերում էր ինքն իրեն ու շարունակում աշխատել։

Իզուր չի ասում հին չուկչայական ասացվածքը՝ «պալատական փափուկ կյանքը փորձանք դառնալու հատկություն ունի»։ Ժամանակ անց մեր թագավորն սկսեց ավելի ու ավելի ուշ թագը վեր հրել։ Մնում էր այդպես՝ չտեսնող ու չլսող։

-Թագավորը հանգստանում է, – շշնջում էին պալատականները, փակում էին դռները, այցելուներին դուրս էին անում ու ոտնաթաթերի վրա հեռու էին քաշվում, որ չխանգարեն։

Մի օր էլ թագավորի գլխում մի փայլուն միտք ծագեց՝ որոշեց օգնականներ նշանակել, որոնք կլսեն մարդկանց հոգսերն ու լուծումներ կառաջարկեն։ Պարտադիր չի, չէ՞, որ բոլոր հարցերով ինքն զբաղվի։ Ընտրեց հավատարիմներից հավատարիմներին ու կարգադրեց լինել ուշադիր ու շրջահայաց, հանդուրժող ու կամեցող։

-Տեսեք, հաաա, ստուգելու եմ, – սպառնաց ու ստորագրեց հրովարտակը։

Բայց, դե, հայտնի բան է, օգնականներն աշխատում են նմանվել ղեկավարին։ Կարճ ժամանակ անց օգնականներն էլ իրենց օգնականներն ունեցան։ Մարդիկ թագավորին հասնել արդեն չէին կարող։ Օգնականների օգնականներն էին անգամ անհասանելի։ Ամենաերջանիկները, եթե ինչ որ հրաշքով կարողանում էին իրենց խնդիրը օգնականի օգնականին հասցնել՝ ուրախությունից աշխարհով մեկ էին լինում։

Թագավորն ապրում էր պալատական իր կյանքով։ Վստահ էր՝ անհրաժեշտություն լինի՝ իրեն կասեն։ Եթե ոչինչ չեն ասում, ուրեմն, ամեն ինչ լավ է։

Մեկ-մեկ մտածում էր փողոց դուրս գա, մարդկանց հետ զրուցի, ասի, թե որքան է սիրում նրանց, բայց պալատականները սաստում էին․

– Թագավորն ապրած կենա, հազար չուզող ու թշնամի ունենք, հազար փորձանք կարող է պատահել։ Բա ի՞նչ է անելու էս խեղճ ժողովուրդն առանց քեզ, ի՞նչ ենք անելու մենք առանց քեզ։ Կկործանվենք։ Չի կարելի։

«Հա, էլի, – մտածում էր թագավորը, – Աստված չանի ու ինձ հետ հանկարծ մի բան պատահի՝ ի՞նչ է անելու իմ ժողովուրդն առանց ինձ։ Կկործանվի, կվերանա, լավ է՝ դուրս չգամ»։

Դեպքից դեպք, երբ դուրս գալը պարտադիր էր լինում՝ պալատականները հանձնարարում էին նախապես, որ փողոցը մաքրեն մարդկանցից։ Հազար մետրի վրա մարդ չէիր տեսնի։ Քշում էին անգամ թափառական կատուներին ու շներին։ Անցնելիք ճանապարհի երկայնքով պաշտպանիչ ցանցեր էին դնում ու դիպուկահարներ շարում։ Իսկ առջեւից գնում էին մունետիկներն ու սարսափազդու ձայնում․

– Դուրս չգա՛լ։ Չշարժվե՛լ։ Մնացե՛ք ձեր տեղերում։ Թագավորն է անցնում։

Պատահական մեկը, եթե փողոցում հայտնվեր՝ կտրորեին ու հետ էլ չէին նայի։

Քայլում էր մեր թագավորը դատարկ փողոցով ու երազում այն օրվա մասին, երբ ամեն ինչ լավ կլինի, երկիրը կկարգավորվի, վտանգ չի լինի ու ինքն ազատ կքայլի մարդաշատ քաղաքում, իսկ շնորհակալ հպատակները կհամբուրեն իր ձեռքերն ու երախտագիտության խոսքեր կասեն։

Տոն օրերին, առիթների դեպքում, անգամ՝ անառիթ ելույթներ էր ունենում։ Դիմում էր ժողովրդին, ասում էր, որ սիրում է նրանց, օր ու գիշեր նրանց մասին է մտածում, հետն էլ զարմանում ու զայրանում էր, երբ մարդկանց աչքերում նախկին խանդավառությունը չէր տեսնում, չէր լսում իրեն երբեւէ այնքան ոգեւորած ծափերն ու խրախուսական բացականչությունները։ Ինքը նույնն է, նույն սիրող ու մարդկանց մասին մտածող թագավորն է, ինքը չի փոխվել ու չի էլ փոխվելու, իսկ մարդիկ խանդավառ չեն։ Երախտամոռ են, երախտամոռ, անցնում էր նրա մտքով։ Իր նման սիրող թագավոր ունեն, բայց չեն ուրախանում, չեն գնահատում իրենց բաժին հասած երջանկությունը։

․․․ Մարդկանց կյանքը գնալով թանկանում ու բարդանում էր։ Երկիրը բարձիթողի վիճակում էր։ Ջրամբարներում ջուր չկար։ Արոտավայրերում օտարներն էին իրենց հոտերն արածացնում։ Դատարաններում չկար օրենք ու չկար ճշմարտություն։ Հարեւան երկրի թագավորը սահմաններն էր հատում ու սահմանամերձ շեներն էր ասպատակում։ Անձեռնհաս իշխանավորների անօրեն վարքը, ինչպես նաեւ թագավորի անտարբերությունը հանդուրժել արդեն հնարավոր չէր։ Եվ երբ մի օր հուսահատ ու զայրացած ժողովուրդը շրջապատեց թագավորական պալատը եւ պահանջեց, որ թագավորը հեռանա՝ նա իր ականջներին ու աչքերին չէր հավատում։

– Չի կարող պատահել, – բացականչեց նա, – թյուրիմացություն է, ես ձեր թագավորն եմ, դո՛ւք եք ինձ ընտրել, ես ձե՛ր համար եմ ապրում իմ յուրաքանչյուր օրը։ Ես սիրե՛լ ու սիրում եմ ձեզ։

Իսկ մարդիկ նրան ասացին, որ թագը փակել է նրա աչքերն ու ականջները, որ կույր է նա ու խուլ, որ անտեղյակ է նա մարդկանց հոգսերին ու անհաղորդ նրանց հույզերին, ապա ավելացրեցին․

-Պետք չէ սիրել բոլորիս, ընդամենը պետք էր մեզ տեսնել ու լսել։

Ու դուրս արեցին թագավորին պալատից եւ նորին ընտրեցին։ Նոր թագավորի մասին էլ հեքիաթ կա, բայց այն հետո, մեկ այլ առիթով կպատմեմ։

Ընդունված է՝ հեքիաթների վերջում երկնքից երեք խնձոր է ընկնում՝ լսողին, պատմողին, էն մեկն էլ չեմ հիշում, թե ում։ Բայց այս հեքիաթի վերջում ոչ մի խնձոր էլ չի ընկնում։ Փոխարենը՝ հետաքրքիր հարց է ծագում․ ո՞վ է մեղավոր՝ թագավո՞րը, նրան ընտրած ժողովո՞ւրդը, որ ընտրելիս ուշադիր չէ, թե՞ ականջներն ու աչքերը փակելու հատկություն ունեցող թագը։

Վարդան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Պարոն Հարությունյան ձեզ չեմ ճանաչում, բայց կարդացել եմ ձեր հարցազրույցները։ Ինձ վրա թողել եք մտածող մարդու տպավորություն։

    Քանի որ 21-րդ դարում չի կարող լինեն ԱՆթագավոր ու ԱՆթագ պետություն, ուրեմն հենց սկզբից բացառում ենք ականջներն ու աչքերը փակելու հատկություն ունեցող թագի մեղքը։ Մեղավոր են թագավորը եւ նրան ընտրած ժողովուրդը։

    Ես առնվազն մի 100 ֆիլմ կարող եմ հիշել՝ ամերիկյան, ռուսական, ֆրանսիական, իտալական, որտեղ տարբեր ձեւակերպումներով կա հետեւյալ միտքը․ «Եթե ստոր մարդը խաբում է լավ մարդուն, դրանից լավը վատ չի դառնում»։ Հավելեմ, պարզապես պետք է լավ մտածել ընտրելուց առաջ ու երկու եւ ավելի անգամ նույն մարդուն չթողել, որ քեզ խաբի։

    Ցանկացած մարդ կարող է սխալվել։ Բայց երբ մարդը կրկրում է պահուտաս բերող սխալը, դա արդեն սխալ չէ, այլ անուն ունի։
    Ամեն դեպքում հիմնական մեղավորը թագավորն է, որ ասելով՝ ՁԵԶԱՆԻՑ ՄԵԿՆ ԵՄ․ դառնում է աշխարհի ամենակույր եւ խուլ մարդը։ Ես մի իրական երկիր գիտեմ, որտեղ այդպես է արդեն ավելի քան 30 տարի։

    • Հարգելի Նարեկ, շնորհակալություն արձագանքի համար։ Ես, իհարկե, համաձայն եմ, թագավորը մեղավոր է։ Բայց պետք է ընդունենք՝ ընտրողը նույնպես մեղավոր է։ Ընտրության պետք է գնալ ոչ թե զգացմունքներով՝ սիրելով կամ ատելով, այլ սառը դատողությամբ։ Ցավոք, մեզ մոտ այդպես չի լինում։ Սրա ամենամեծ ապացույցը 2021-ի արտահերթ ընտրություններն են։ Զգացմունքները մեզ դրդեցին, որ ընտրենք պարտվածին ու մերժվածին։ Մեր այսօրվա պառլամենտում երեկվա մերժվածներն են ու այսօրվա պարտվածները։ Նրանք էլ կերտում են մեր կյանքը։ Արդյունքում՝ ունենք այն, ինչ ունենք։

  2. Նարեկ says:

    Իրավացի եք։ Ես էլ եմ դա գրել։ Հիմնական մեղավորը թագավորն է, բայց երբ մարդը, այսինքն ընտրողը, կրկնում է պատուհաս բերող սխալը, դա արդեն սխալ չէ, այլ անուն ունի։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031