Լրահոս
Օրվա լրահոսը

Ես ու Արցախը (հիշողություններ)

Հուլիս 30,2023 13:52

Արցախի համար այս ծանր օրերին, որոշեցի ներկայացնել իմ առաջին և երկրորդ այցերը Արցախ աշխարհ, և թե ինչ է նշանակում ինձ համար Արցախը։

Մաս I

Հայրս սովորություն ուներ, ամռան ամիսներին ինձ, քրոջս, հետագայում եղբորս հետ ճամփորդել Հայաստանի տարբեր շրջաններ, մեզ ցույց տալ մեր երկրի գեղատեսիլ վայրերն ու պատմական հուշարձանները։ Տարիներ անց միայն հասկացա, այդ ճամփորդությունների իմաստը։ Հայաստանի ամեն շրջան, քաղաք, գյուղ  այցելելիս, այդ վայրերն ու բնակիչներն, արդեն դառնում էին մեզ հարազատ։ Եվ երբեք, մեր մտքով իսկ չէր անցնի, այ այս գյուղից, շրջանից, սարից հրաժարվենք, որ «խաղաղ» ապրենք։

1968 թվականի ամառն էր, ես 13 տարեկան պատանի էի։ Հայրս որոշեց իմ ու քրոջս հետ ճամփորդել, այս անգամ դեպի հարավ։ Այսօրվա պես հիշում եմ այդ հեքիաթային ճամփորդությունը։ Առաջին կանգառը Եղեգնաձորում էր։ Մի քանի օր մնացինք Եղեգնաձորի հյուրանոցում, ամեն օր արշավի գնալով տարբեր հուշարձաններ տեսնելու՝ Պռոշաբերդ, Սմբատաբերդ, Նորավանք, Սպիտակավոր վանք, Սուրբ Խաչ եկեղեցի, Թանահատի վանք, որտեղ եղել է Գլաձորի համալսարանը, Արենիի վանք, Սելիմի քարվանսարա, Հերհերի վանք, Եղեգիսի ձորի հին քաղաքի ավերակներ։ Բոլոր ճանապարհները դժվարանցանելի էին, գրունտային։ Ծանոթի միջոցով գտանք Ուազ (Վիլիս) մեքենա տաքսի։ Հիշում եմ նաև վարորդի անունը՝ Լենիկ (Լենինի մտերմիկ ձևը)։ Ամեն ճամփորդության համար հայրս ժամի և գումարի համար պայմանավորվում էր Լենիկի հետ և ինչ-որ պահից, Լենիկն արդեն, ոչ թե պայմանավորված տեղում մեզ սպասում էր, այլ արդեն հետաքրքրված մեզ հետ  քայլում, բարձրանում էր՝ տեսնելու պատմական հուշարձանները։ Հատկապես, տպավորված է դեպի Նորավանք արշավը։ Այն ժամանակ դեռ չկար այսօրվա բարեկարգ, ասֆալտապատ ճանապարհը։ Նորավանք հասնելու համար, պետք էր լեռնային, գրունտային կիրճի եզրով անցնող, խիստ վտանգավոր, անբարեկարգ ճանապարհով հասնել Ամաղու գյուղ , այնտեղից արդեն, ոտքով իջնել ձոր և բարձրանալ դեպի Նորավանք։ Եղանք նաև Նախիջևանին սահմանամերձ Խաչիկ գյուղում։ Մեկ օր հանգստացանք Ջերմուկում։ Չեմ կարող մոռանալ, երբ ճաշելու գնացինք Ջերմուկի մի «Վետերոկ», որտեղ  մարմնեղ երաժիշտ կին, քամանչա նվագելով, երգում էր աշուղական երգեր։ «Վետերոկի» այցելուները, հիմնականում վարորդներ էին, որոնք, օղու բաժակը ձեռքերին, կարմրատակած աչքերով, ամեն երգին արձագանքում էին․ «Ջան, Տոտա ջան, ջան» և խորտիկներ ուղարկում աշուղուհու սեղան։ Հաջորդ կանգառը Սիսիանն էր։ Այցելեցինք Շաքիի ջրվեժ, Սիսիանի եկեղեցի։ Հաջորդ կանգառը Գորիսն էր։ Եղանք Տաթևի վանքում, տեսանք Սատանի կամուրջը։ Տպավորված էի հատկապես   հին Գորիսի և Խնձորեսկի, ժամանակին բնակելի քարանձավներով։ Զարմանքով տեսանք, որ այն տարիներին Խնձորեսկի որոշ քարանձավները դեռևս բնակելի էին։ Խնձորեսկի ձորում այցելեցինք Մխիթար սպարապետի գերեզմանին։

Գորիսից ուղևորվեցինք Արցախ և մի քանի օր մնացինք Ստեփանակերտի հյուրանոցում։ Ստեփանակերտում մեզ դիմավորեց և այդ օրերին տարբեր վայրեր ուղեկցեց, հորս նախկին ուսանողներից մեկը՝ Ալյոշան (ազգանունը չեմ հիշում), ով  աշխատում էր Ստեփանակերտի քաղխորհրդում, կարծեմ ՝ մշակույթի բաժնի վարիչ։

Այցելեցինք Գանձասար, Ամարաս, այլ վայրեր։ Գնացինք հինավուրց հայոց բերդաքաղաք Շուշի, որը 1920թ․ հայկական ջարդերից հետո, բնակեցվել էր հիմնականում  ադրբեջանցիներով։ Երբ քայլում էինք Շուշիի փողոցներով, տեղացիները կասկածանքով էին մեզ նայում, հետևում մեր տեղաշարժին։ Ազդված էի, հատկապես երբ մոտեցանք Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուն։ Եկեղեցին կիսավեր վիճակում էր, տարածքը ցանկապատված , որպես տրակտորների կայան։ Եկեղեցուն նայեցինք ցանկապատերի արանքից․․․ահավոր ազդված և հուզված էինք։

Ստեփանակերտում մեզ ցույց տվեցին մի երիտասարդի, որը ականատես լինելով մի տեսարանի,մի քանի օրվա ընթացքում դարձել էր սպիտակահեր։ Մեզ պատմեցին այդ սարսափազդու պատմությունը, երբ մի ադրբեջանցի խոշտանգել և սպանել էր անչափահաս հայ տղայի։ Բաքվից եկած դատարանը, Ստեփանակերտում արդարացրել էր հանցագործին։ Զայրացած արցախցիները հարձակվել էին հանցագործին տեղափոխող մեքենայի վրա։ Բոլոր երիտասարդներին  խոշտանգել և կալանավորել էին Բաքվից եկած ոստիկանական ուժերը։

Երբ վերադարձանք Երևան, իհարկե հիշելով մեր ողջ հրաշալի ճամփորդությունը, անընդհատ հուզմունքով մտածում էի Արցախի մասին։

Արցախից վերադառնալուց հետո, հայրս մանրամասն պատմեց Արցախի պատմությունը, սկսած Արցախի մելիքություններից, վերջացրած 1921 թվականի Կավբյուրոյի որոշումով։ Որպես արցախցիների ոգու ուժի նկարագրություն, հայրս պատմեց, հետագայում ինքս կարդացի, Սարդարապատի ճակատամարտից հետո անգլիացի  ականատեսների հուշերը։ Ճակատամարտից հետո նրանք այցելում են վրանային հոսպիտալներ։ Քանի որ Սարդարապատում կռվող ջոկատները, հիմնականում, տեղային համալրումներ ունեին, այնպես էլ վրաններում պառկած էին նույն ջոկատների վիրավոր զինվորները։ Այցելուները հատկապես տպավորված էին արցախահայերի վրան-հոսպիտալի այցելությունից։ Ըստ նրանց գրառումների, հարցին, թե ինչպես են իրենց զգում, նույնիսկ ամենածանր վիրավորները, առանց տրտնջալու, պատասխանում էին․

-Ի՞նչ կապ ունի ես ինչպես եմ, կարևորը հաղթեցինք, չէ՞, պահեցինք դիրքերը։

Մաս II

Հաջորդ այցելությունս դեպի Արցախ 1984 թվականին էր։ Ասպիրանտ էի Լենինգրադի (Սանկտ- Պետերբուրգ) Համամիութենական Երկրաբանական գիտահետազոտական ինստիտուտում։ Ինստիտուտի հրաբխագիտական բաժնի երկրաբանական արշավախմբի կազմում, մասնակցեցի Արցախում  Յուրայի դարաշրջանի հրաբխականության ուսումնասիրությանը։ Արշավախումբն Արցախում աշխատեց շուրջ մեկ ու կես ամիս։ Եղանք Արցախի համարյա բոլոր վայրերում, մի քանի օր այս գյուղի մոտակայքում էինք խփում մեր վրանային ճամբարը, ապա տեղափոխվում այլ վայր։ Առաջին ճամբարը Հադրութի շրջանում էր, շրջկենտրոնից ոչ հեռու։ Ճամբար խփեցինք նաև  Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մոտակայքում և այլ վայրերում։ Արշավախմբում միակ հայը ես էի։ Երբ հերթական ճամբարը պետք է խփեինք Մարտունու շրջանի  Մուշկապատ գյուղի մոտակայքում, արդեն հոգնած վրանային կյանքից, արշավախմբի անդամներին առաջարկեցի փորձել որպես կացարան օգտագործել գյուղի դպրոցը, քանի որ դպրոցական արձակուրդներ էին։ Բոլորը զարմացած նայեցին՝ «ինչպե՞ս»։ Գնացի գյուղամեջ և հարցրի, թե դպրոցի տնօրենին ինչպես կարող եմ տեսնել։ Ծանոթանալով դպրոցի տնօրենի հետ, ներկայացրեցի առաջարկությունս։ Տնօրենն ուրախությամբ համաձայնեց և արշավախումբը տեղավորվեց դպրոցի շենքում, արշավախմբի ամեն անդամ տեղավորվեց առանձին դասասենյակում։ Մի խոսքով, դաշտային կոմֆորտ՝ առանձին համարներով, հոսող ջրով, զուգարաններով։ Այդ օրվանից արշավախմբի անդամներն ինձ կոչեցին արշավախմբի արտաքին գործերի նախարար։ Այսպես ասած, մենք էլ «պարտքի տակ չմնացինք»։ Դպրոցի համար կազմեցինք Մուշկապատ գյուղի շրջակայքի երկրաբանական քարտեզ, պայմանական նշաններով, կապակցված հրաբխային ապարների նմուշների հավաքածուով։ Դպրոցի տնօրենն անչափ գոհ էր։ Մուշկապատի բնակիչները ոգևորված էին, որ արշավախմբի կազմում հայաստանցի կա և ամեն օր մեզ թարմ բանջարեղեն էին բերում։ Արշավախմբում աշխատելը մասնագիտական տեսակետից, ինձ համար ավելի քան օգտակար էր։ Բացի մասնագիտական քննարկումներից, երեկոները զրուցում էինք տարբեր հարցերից։ Երբ ճամբարը Վանք գյուղի մոտակայքում էր, այցելեցինք Գանձասարի եկեղեցին։ Արշավախմբի բոլոր անդամները տպավորված էին։ Երեկոյան, նստած խարույկի շուրջը զրուցում էինք։ Արշավախմբի գիտական ղեկավար, ճանաչված գիտնական-հրաբխագետ Ալլա Սերգեևնա Օստրաումովան շրջվեց դեպի ինձ և հարցրեց․

-Ավետիք, չեմ հասկանում, Ղարաբաղում առկա են հին հայկական պատմական հուշարձաններ, պարզ երևում է, որ սա պատմական Հայաստանի մաս է։ Ինչպե՞ս է պատահել, որ Ղարաբաղը հայտնվել է Ադրբեջանի կազմում։

Որքան հնարավոր էր, ներկայացրեցի Արցախի պատմությունը, նաև թե ինչպես 1921թ․ Կավբյուրոյի երկրորդ որոշումով Արցախը տրվեց Ադրբեջանին։ Հետևեց Ալլա Սերգեևնայի, իսկապես զայրացած խոսքը․

-Ինչպիսի անարդարություն, բավական չէ, որ կորցրեցիք Արևմտյան Հայաստանը, հետո էլ՝ Ղարաբաղը։

Մեկ րոպե լռություն տիրեց և հետևեց և  արշավախմբի վարչական ղեկավար Ալեքսանդր Ավդեևի «սալդաֆոնական» արձագանքը․

-Բա մենք որքան կորուստներ ունեցանք՝ Ֆինլանդիան, Լեհաստանը։

Ինչպես նշեցի, այդ արշավախմբում ստացա մասնագիտական մեծ աճ և փորձառություն։

Սակայն , ավելի քան տպավորված և հուզված էի արցախցիների հետ շփվելուց։ Ամեն բնակավայր մտնելիս կամ դաշտային աշխատանքների ժամանակ՝ լեռներում, երբ հանդիպում, շփվում էինք  արցախցիների հետ, բնականաբար, նրանք հետաքրքրվում էին, թե ովքեր ենք, ինչով ենք զբաղվում։ Զրույցի ժամանակ, երբ պարզվում էր, որ արշավախմբի կազմում հայաստանցի հայ կա, շատերի աչքերը լցվում էին և բոլոր, այո՛ բոլոր արցախցիները հավատում էին, որ վաղ թե ուշ, Հայաստանի հետ միավորվելու են։

Արցախյան այս երկրորդ այցելությունից հետո, վերջնականապես սիրահարվեցի Արցախին և որոշեցի, հնարավոր բոլոր ջանքերս գործադրեմ Արցախի ազատագրման համար։

 

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31