Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինտեգրացիան» նշանակում է «սպանդ»

Հուլիս 18,2023 10:00

Դավիթ Շահնազարյանն «Առավոտին» հայտնել է, որ Ադրբեջանը պատրաստել է «ճանապարհային քարտեզ», որի նպատակն է «ինտեգրել» Արցախն Ադրբեջանի կազմում: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել մեկ տարվա ընթացքում եւ ենթադրում է 4 փուլ. ադրբեջանական անձնագրեր, մանաթի ներդրում, ՊԲ զինաթափում, իշխանության հանձնում: Ըստ Շահնազարյանի՝ ծրագիրը փոխանցվել է ՀՀ իշխանություններին, որոնք, իրենց հերթին, պետք է այդ, ուղիղ ասեմ, վերջնագիրը փոխանցեն Արցախի իշխանություններին:

«Առավոտի» հետ զրույցում վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հրաժարվել է այդ լուրը մեկնաբանել. «Բանակցային գործընթացի վերաբերյալ պաշտոնական անդրադարձ եղել է եւ այս պահին հավելյալ ասելիք չկա»: Այսինքն՝ վարչապետի պաշտոնական ներկայացուցիչը չի ասել, որ նման ծրագրի մասին ՀՀ իշխանությունները տեղյակ չեն, եւ նրանց նման բան չի փոխանցվել: Եվ ավելին՝  վկայակոչել է «բանակցային գործընթացը»՝ չնայած հարցի մեջ այդ գործընթացի մասին խոսք չկար: Դա թույլ է տալիս ենթադրելու, որ հենց Բրյուելում եւ հենց բանակցային գործընթացի ժամանակ Ալիեւը տեղեկացրել է Փաշինյանին հիշյալ «ճանապարհային քարտեզի» մասին, իսկ վերջինս, «հանուն խաղաղության օրակարգի», դրան չի ընդդիմացել: (Եվ ինչպե՞ս ընդդիմանար, եթե կարծում է, որ Արցախն Ադրբեջանի մաս է): Իսկ պաշտոնապես երգվելու է նույն երգը՝ «թող Ադրբեջանի եւ Արցախի իշխանություններն այդ հարցերն իրար հետ ճշտեն»:

Հայաստանի իշխանություններն՝ այս դիրքորոշմամբ, գումարած Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ իր հայտարարությամբ, որով ռուս խաղաղապահներն, ըստ էության, հրաժարվում են կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստանձնած իրենց պարտավորությունները, իրենց վրայից հանում են պատասխանատվությունը արցախցիների ճակատագրի համար: Այդ ամենը վկայում է վատթարագույն սցենարի՝ Արցախի բռնի հայաթափման մեծ հավանականության մասին:

Կարելի է, իհարկե, խորիմաստ աշխարհաքաղաքական վերլուծություններ անել, կարելի է հիշել, թե 30 տարվա ընթացքում ով, երբ եւ ինչպես է բանակցել: Բայց կարելի է պարզապես հիշել, թե ինչպես են ադրբեջանցիները վարվել անպաշտպան հայերի հետ Սումգայիթում, Բաքվում եւ Մարաղայում՝ հասկանալու համար, թե ինչ ճակատագիր է սպասում Արցախում ապրող մեր հայրենակիցներին՝ Ադրբեջանի հետ «ինտեգրացիայի» դեպքում: Ադրբեջանցիներն արդեն իսկ ամենայն մանրամասնությամբ քննարկում են, թե ինչ են «Խանքենդիում» անելու հայ երեխաների հետ 2025 թվականին, երբ ռուս խաղաղապահները գնան:

Ադրբեջանական տելեգրամյան ալիքներից մեկում անցկացված հարցումը

Շառլ Միշելը կամ Սերգեյ Լավրովը շատ լավ գիտեն, թե ինչ է լինելու, բայց նրանց պատասխանատվությունը սպանդի դեպքում քաղաքական է եւ բարոյական: Փաշինյանն ու ՔՊ-ականները նույնպես ամեն ինչ հասկանում են: Բայց նրանց թվում է, որ «նախկինների» մասին փչացած ձայնապնակը միշտ են միացնելու, եւ այդպիսով խուսափելու են պատասխանատվությունից: Բայց պատասխան տալու պահը, միեւնույն է, գալու է: Եվ այս պարագայում պատասխանատվությունը կլինի նաեւ իրավական:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Սահակ Հակոբյան says:

    Հարգելի պարոն Աբրահամյան
    Նույն բանի մասին մենք անդադար կարող ենք խոսել, սակայն Դուք էլ, մյուս իրական մտածող մարդիք էլ լավ հասկանում են, որ ռուս խաղաղապահին բացարձակ ձեռք չի տալիս Արցախից դուրս գալը, սակայն մեր բանակցողներն ամեն կերպ թրքահաճո /արևմտահաճո/ օրակարգ են առաջ տանում, որ հայաթափվի /ռուսաթափվի/ Արցախը։
    Ռուսն ուղղակի ասում է կամ ՀՀ բանակցողը կհայտարարի , որ Արցախը Ադրբեջան չէ, կամ մեզանից մի պահանջեք։
    Հետևաբար մինչև բանակցողն հայանպաստ դիրքերից հանդես չգա՝ պարտվելու ենք
    Դըմձ Դըմփ ՀՈՒՈՒՈՒՈՒՈՒՈՒ
    Վայելեք 2018 լավ իրադարձություններն

  2. Հ. Շ. says:

    . «ՀՀ իշխանությունները, իրենց հերթին, պէտք է այդ վերջնագիրը փոխանցեն Արցախի իշխանություններին»…

    Ասիկա, թուրքերի պահա՞նջքն է: Թէ՝ ՀՀ իշխանութիւնների հաստատ որոշումը… Թէ որ նրանց պահանջքն է, դա արդէն յայտի, բացայայտ բան է: Բայց թէ որ ՀՀ վարչակարգը ընդունած է թուրքերի այդ պահանջքը, պատրաստակամ է ենթարկուելու դրան, վիճելի խօսքեր են – շատ նման՝ Փաշինյանի բնորոշ խօսակցութեան – :

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31