Լրահոս
Օրվա լրահոսը

«Դրանք չեն կարող լինել ո՛չ այլընտրանք սովորական ծխախոտին, ո՛չ էլ ծխելը դադարեցնելու համար կիրառվող միջոց»․ թոքաբան Նունե Ազիզյանը՝ առողջության վրա էլեկտրոնային ծխախոտների, «վեյփերի» ազդեցության մասին

Հունիս 29,2023 09:30

Aravot.am-ի «Առողջ առավոտ» նախագծի շրջանակներում զրուցել ենք ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ախտորոշման ծառայության ղեկավարի տեղակալ, թոքաբան Նունե Ազիզյանի հետ՝ մասնավորապես անդրադառնալով առողջության վրա էլեկտրոնային ծխախոտների, «վեյփերի» ազդեցությանը։

-Այսօր հատկապես դեռահասների, երիտասարդների շրջանում շատ տարածված են էլեկտրոնային ծխախոտները, այսպես կոչված «վեյփերը» և սիգարետների այլ նորաձև տեսակները։ Ինչպիսի՞ ազդեցություն ունեն դրանք օրգանիզմի վրա և արդյո՞ք պակաս վնասակար են, քան սովորական ծխախոտները։

-Ծխախոտն իր մեջ ներառում է 7000 քիմիական տարրեր, որոնցից 60-ը համարվում են քաղցկեղածին։ Ընդ որում, այդպիսի տարրեր են ներառում ծխախոտի բոլոր տեսակները։ Ծխախոտի պատճառով աշխարհում տարեկան մահանում է 8 միլիոնից ավելի մարդ, որոնցից 7 միլիոնն անմիջական ծխողներն են և 1,2 միլիոնը՝ երկրորդային ծխի ազդեցության ներքո գտնվող մարդիկ, հիմնականում կանայք և երեխաները։ Ներկայումս ծխախոտի շատ տարբեր տեսակներ կան, այդ թվում՝ էլեկտրոնային ծխախոտներ, ծխախոտներ, որոնք հեղուկ են պարունակում, պարունակում են նիկոտին կամ չեն պարունակում։

Նշեմ, որ նիկոտինը ծխախոտի կազմում առկա 7000 քիմիական տարրերից միակն է, որը կախվածություն է առաջացնում։ Ծխախոտն օգտագործելուց 7-10 վայրկյան հետո նիկոտինը հասնում է գլխուղեղ և առաջացնում է այն բոլոր զգացողությունները և հույզերը, որոնք այնուհետև կապվածություն են ստեղծում ծխախոտի հետ։ Դրանք են՝ հաճույքի, բավարարվածության զգացումը, կենտրոնանալու զգացողությունը և այլն։ Շեշտեմ նաև, որ ծխախոտ արտադրող ընկերությունները, որպեսզի այդ կապվածությունն ավելի մեծ լինի, ստեղծում են համապատասխան PH-ի պայման, և ծխախոտի ազատ նիկոտինն ավելի շատ է լինում, որն էլ ավելի է մեծացնում այդ կապվածությունը։

Ինչպես նշվեց, Էլեկտրոնային ծխախոտները ներառում են քիմիական տարրեր և նիկոտին, սակայն կան էլեկտրոնային որոշ ծխախոտներ՝ հեղուկ պարունակող տարբերակները, որոնք նիկոտին չեն ներառում։

Ի՞նչ է ներառվում «վեյփերի» և էլեկտրոնային հեղուկ ծխախոտների մեջ․ դրանց մեջ կա պրոպիլեն գլիկոլ և գլիցերին, ինչպես նաև բուրավետիչներ, որոնք ընտրության լավ հնարավորություն են ստեղծում սպառողի համար։ Տաքացման արդյունքում, երբ գոլորշիանում է այդ հեղուկը, այնտեղ առաջանում են քաղցկեղածին տարրեր և նույն ազդեցությունն են ունենում մարդու օրգանիզմի վրա, ինչ սովորական ծխախոտը։ Տարբերությունը հետևյալն է, որ աէրոզոլը, որը հեղուկի գոլորշիացման արդյունքում է առաջանում, հայտնվում է անմիջապես ալվեոլներում՝ թոքերի ամենամանր հյուսվածքներում, որտեղ տեղի է ունենում գազափոխանակությունը, այնտեղ առաջացնելով սպեցիֆիկ փոփոխություններ՝ ալվեոլների բորբոքում, բրոնխների բորբոքում, բրոնխների լորձաթաղանթի վնասում և այլն։ Այդպիսով, ստեղծվում են նպաստավոր պայմաններ, որպեսզի այդ հյուսվածքների վրա նստեն մանրէներն ու զարգանան՝ հետագայում առաջացնելով բրոնխիտներ, բրոնխիոլիտներ, թոքերի ախտահարումներ՝ բորբոքումներ և բրոնխների գերզգայունություն՝ սենսիբիլիզացիա, որը հետագայում կարող է բերել բրոնխեալ ասթմայի։

Կան կատարված բազմաթիվ հետազոտություններ, որոնցից մեկի շրջանակներում վերցրել են դեռահասների 3 խումբ, որտեղ մի խմբի դեռահասներն օգտագործել են էլեկտրոնային ծխախոտներ, մյուս խմբում օգտագործել են սովորական ծխախոտներ՝ երբեմն զուգորդելով էլեկտրոնային ծխախոտների հետ և երրորդ խումբը չի օգտագործել ծխախոտ։ Արդյունքում էլեկտրոնային ծխախոտներ օգտագործող առաջին խմբի դեռահասների մեզի կազմում հայտնաբերվել են քաղցկեղածին տարրեր։ Մեկ այլ հետազոտություն է անցկացվել 21-45 տարեկան մարդկանց շրջանում․ հետազոտողները վերցրել են երկու խումբ․ մի խմբի մասնակիցները օգտագործել են միայն էլեկտրոնային ծխախոտներ, երկրորդ խմբի մասնակիցները՝ միայն սովորական ծխախոտներ։ Հետազոտության մասնակիցներից իրենց կամքով վերցրել են զարկերակային հյուսվածք և մանրադիտակի ու տարբեր նյութերի ազդեցության տակ ուսումնասիրելով՝ հայտնաբերել են, որ երկու խմբում էլ նույն փոփոխություններն են տեղի ունենում անոթային համակարգի հետ։ Նրանք նկատել են, որ զարկերակի պատը նիկոտինային և այլ թունավոր նյութերի ազդեցության հետևանքով ենթարկվել է քայքայման, իսկ հարակից բջջանքը թթվածնաքաղց է ունեցել։

«Ուստի կարող ենք եզրակացնել, որ էլեկտրոնային սիգարետները չեն կարող լինել ո՛չ այլընտրանք սովորական ծխախոտին, ո՛չ էլ ծխելը դադարեցնելու համար կիրառվող միջոց»։

Նունե Ազիզյան

– Եթե երեխան կամ դեռահասը, հետաքրքրությունից կամ ինչ-ինչ պատճառներից ելնելով, որոշ ժամանակահատված օգտագործի ծխախոտի որևէ տարատեսակ, ապա թողնի այդ զբաղմունքը, արդյո՞ք նրա օրգանիզմը կկարողանա հնարավորինս խուսափել առողջական հետագա խնդիրներից։

-Նշեմ, որ նիկոտինը չափազանց վտանգավոր է հենց երեխաների ու դեռահասների համար, որովհետև շատ արագ է առաջացնում կախվածություն, քանի որ նրանց կենտրոնական նյարդային համակարգը դեռևս լիովին զարգացած չէ և մինչև 23 տարեկան հասակը շարունակում է զարգանալ։ Առաջացնելով բավականին լուրջ կախվածություն՝ նիկոտինն ազդում է երեխաների թե՛ տրամադրության, թե՛ վարքի, թե՛ սովորելու, թե՛ կենտրոնացման և թե՛ հիշողության վրա։
Սակայն եթե երեխան կամ դեռահասը մի պահ ծխել ու թողել է, ապա որոշ ժամանակ անց նրա օրգանիզմը բավականին արագ կվերականգնվի և հետևանքներ չի ունենա։

Ուստի միանշանակ կոչս է բոլորին՝ տարիքային բոլոր խմբերին․ հնարավորինս շուտ թողնել ծխելը, որովհետև մեկ րոպե շուտ թողնելով՝ օրգանիզմն ավելի շուտ վերականգնվելու հնարավորություն կստանա և կշարունակի ապրել իր բնականոն կյանքով։

-Ի՞նչ է պետք անել հատկապես դեռահասներին ծխելուց հեռու պահելու համար։

-Այսօրվա մեր կենսաբանության գրքերը շատ մանրամասն և հետաքրքիր նկարագրում են ծխախոտի ազդեցությունն օրգանիզմի վրա, և այդ դասերի շրջանակներում պարտադիր է այդ տեղեկատվությունը դեռահասներին ճիշտ մատուցելը։
Իհարկե, այս ամենը գալիս է վաղ մանկությունից․ հենց այդ տարիքից՝ ընտանիքում, ապա նաև դպրոցում է պետք սերմանել երեխայի մոտ, որ ծխելը վնասակար է առողջության համար։

Երեխան, երբ իր տանը տեսնում է ծխող ծնողներին, տատիկ-պապիկներին, սովորաբար մտածում է, որ դա նորմալ է, քանի որ երեխային թվում է, որ եթե դա կիրառում է իր ընտանիքի անդամը, ապա այն չի կարող վատ բան լինել։ Այդպիսի դեպքերում եթե ընտանիքի անդամը չի կարող դադարեցնել ծխելը, նա պետք է այդ մասին պատմի իր երեխային՝ ասելով, որ սա լավ արարք չէ, բայց քանի որ ես ունեմ այդ կախվածությունը, որը վատ ազդեցություն ունի օրգանիզմի վրա, ես քեզ բացատրում եմ, որպեսզի դու էլ իմանաս և իմ սխալը չկրկնես։

-Ծխախոտը, ինչպես նշեցիք, ռիսկի գործոն է շատ հիվանդությունների համար, սակայն թոքերի հետ կապված ո՞ր խնդիրն ունի առավել շատ տարածվածություն։

-Ծխախոտն ազդում է սիրտ-անոթային համակարգի վրա՝ առաջացնելով անոթների խնդիրներ՝ նպաստելով սրտամկանի ինֆարկտի, կաթվածի զարգացման, առաջացնում է քաղցկեղ, հատկապես՝ կոկորդի, թոքերի քաղցկեղ և մի շարք այլ հիվանդություններ։

Թոքային մի շարք հիվանդությունների ռիսկի գործոնը հենց ծխախոտն է, օրինակ՝ բավականին մեծ տարածում ունի թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը, որի դեպքում ախտահարվում են բրոնխներն ու թոքահյուսվածքը։ Ծխելու ընթացքում առաջին հերթին վնասվում է հենց բրոնխի էպիթելային հյուսվածքը, այն տեղ-տեղ վերանում է և նպաստավոր պայմաններ են ստեղծվում, որ օդում գտնվող մանրէները, հայտնվելով շնչուղիներում և այդ ախտահարված բրոնխներում, նստեն վնասված հատվածներում և զարգանան՝ առաջացնելով տեղային բորբոքում։ Տեղային բորբոքումն էլ իր հերթին տարածվելով՝ հասնում է թոքահյուսվածքին, և երկարատև ծխելու դեպքում սկսվում է թոքային հյուսվածքի ձևափոխման գործընթացը, ալվեոլների պատերը սկսում են վնասվել, քայքայվել, և այդ հատվածներում ձևավորվում են բշտեր, որոնք ուղղակի օդ պարունակող տարածություններ են, որտեղ նորմալ օդափոխանակություն տեղի չի ունենում։

Ստացվում է, որ թոքահյուսվածքը շարունակաբար քայքայվում է՝ վերածվելով օդ պարունակող խոռոչների․ դա կոչվում է թոքերի էմֆիզեմա։ Այսպիսի փոփոխությունները հանգեցնում են թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդության, որը հետագայում բերում է շնչառական անբավարարության։ Օրգանիզմը սկսում է թթվածնաքաղցով տառապել, ինչի արդյունքում տուժում է թե՛ սիրտը, թե՛ մյուս օրգան-համակարգերը։ Այդ դեպքում անգամ թեթև ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ մարդու մոտ առաջանում է շնչառական անբավարարության։
Առաջին 20-30 տարիներին հիվանդությունը կարող է անախտանիշ ընթացք ունենալ կամ կարող են լինել ուղղակի բրոնխիտի ախտանշաններ, եթե իհարկե, օրգանիզմն անմիջապես ռեակցիա չի տալիս և չի առաջացնում բրոնխոսպազմներ։

Հաճախ է լինում, որ գալիս են երիտասարդներ և պատմում են, որ շնչելիս խզզոց են զգում։ Դա խոսում է այն մասին, որ բրոնխներն արդեն իսկ ախտահարվել են։

-Բուժման միջոցով արդյո՞ք կարելի է վերականգնել թոքահյուսվածքը կամ դանդաղեցնել այդ հիվանդության զարգացումը։

Ցավոք սրտի, ալվեոլները վերականգնման ենթակա չեն, հատկապես եթե գործընթացն արդեն բավականին խորացած է։ Այս դեպքում առաջնային խնդիրն է փորձել պահպանել թոքային վիճակը, դանդաղեցնել հիվանդության ընթացքը՝ համապատասխան դեղորայքի, ինհալյատորների, երբեմն ներերակային ներարկումների օգնությամբ։

Նշեմ, որ բոլոր դեպքերում թոքերի հետ կապված խնդիրների վաղ հայտնաբերման համար շատ կարևոր է ժամանակ առ ժամանակ հետազոտվելը․ այդ կուլտուրան պետք է մտնի մեր ազգաբնակչության մեջ․ գոնե տարին մեկ անգամ պետք է առնվազն թոքերի ռենտգենաբանական հետազոտություն անցնել, արյան ընդհանուր քննություն հանձնել։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930