Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արսեն Ղայթմազյանից փորձել է ճշտել ու հասկանալ անձնականին վերաբերող հանգամանքներ. ըստ փաստաբանի՝ սա է անչափահասին ծեծելու պատճառը

Հունիս 26,2023 16:02

ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանի պաշտպանը՝ Վրեժ Ներկարարյանը պնդում է, որ ամենեւին էլ հյուրանոցային համարի համար նախատեսված վճարներն անելու հարցի պատճառով չէ, որ իր պաշտպանյալը հյուրանոցի անչափահաս աշխատակցի նկատմամբ բռնություն է կիրառել: 

«Այլ շարժառիթներ են եղել, բացի այդ` այդտեղ ոչ մեկը չի իմացել, որ անչափահաս երեխա է, որովհետեւ աշխատանքային օրենսգրքով էլ է արգելված անչափահասին աշխատանքի ներգրավել: Իմ պաշտպանյալը չէր էլ կարող գիտակցել, որ անչափահասի հետ կապված կարող է խնդիր առաջանալ: Բացի այդ՝ Արսեն Ղայթմազյանը հանդես չի եկել որպես Ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, այլ որպես քաղաքացի ու քաղաքացու նկատմամբ է սխալ վերաբերմունք եղել: Արսեն Ղայթմազյանն էլ է իր ցուցմունքում նշել, որ սենյակի համարի վճարը չի եղել: Երիտասարդը իր գործառույթների մեջ չմտնող վարքագիծ է դրսեւորել, մտել է մարդու անձնական տիրույթ, փորձել է ճշտել ու հասկանալ անձնականին վերաբերող հանգամանքներ, դրանից է առաջացել վիճաբանությունը: Մարդը, որ գնում է հյուրանոց, սովորաբար դիմավորում են, սենյակը ցույց են տալիս ու վերջ: Թե ում հետ է գնացել ու ինչ նպատակով, կարծում եմ՝ ոչ մեկիս նման հարց չեն տալիս հյուրանոցներում»,- Aravot.am-ին ասաց փաստաբան Ներկարարյանը:

Վրեժ Ներկարարյան

«Ես չգիտեմ՝ իր փաստաբանն ինչ է ասում, բայց ախր գործում կա Արսեն Ղայթմազյանի ցուցմունքը: Էդ մարդը մանրամասն ցուցմունք է տվել, թե ինչն է վիճաբանության հանգամանքը եղել: Ընդունել է, որ ընդամենը իր գիշերակացի գումարն է ուզել, դրանից է ինքը բռնկվել, վիճաբանել: Հո ասելով չի ախր: Ասում ենք՝ լավ, մարդ է, ոստիկան է, շատ շուխուռ չանենք, բայց ինչ են ուզում: Սուտ է ասում, որ իմ վստահորդը անձնական տվյալներ է փորձել ճշտել, էդպես էլ արձանագրեք, որ եթե նման բան է ասում, սուտ է ասում»,- փաստաբան Ներկարարյանին այսպես է արձագանքում Ղայթմազյանի կողմից ծեծի ենթարկված երիտասարդի ներկայացուցիչ Սասուն Ռաֆայելյանը:

Սասուն Ռաֆայելյան

Նա պնդում է, որ իր վստահորդի դեմքից էլ էր նրա տարիքը երեւում, Ղայթմազյանը չէր կարող դա չնկատել. «Եթե ինքը քրեականի պետ է, 20 տարվա ստաժ ունի ու նայում է մարդու դեմքին, որի վրա թրաշ էլ չկա, աղվամազիկներ են, ֆիզիանոմիայով փոքր-մոքր, ու ինքը չի ենթադրում, որ կարող է անչափահաս լինել, դա մեր ոստիկանության ողբերգությունն է, որ այդքան ստաժով մարդը չի կարողանում գոնե դրանից ենթադրություններ անել»:

Արսեն Ղայթմազյանի պաշտպանական կողմը Վերաքննիչ դատարանում բողոքարկել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու առաջին ատյանի դատարանի որոշումը հունիսի 7-ին, բայց դեռ որոշում չկա:

«Ողջամտորեն ենթադրվում է, որ եթե մարդուն երկու ամսյա կալանք են տալիս, վերաքննիչ բողոքի բուն նպատակն էն է, որ վերաքննիչ դատարանն այդ բողոքի շրջանակներում ստուգման ենթարկի՝ արդյոք առաջին ատյանի դատարանը ճիշտ է ընտրել, թե ոչ, բայց արդեն մեկ ամիս անցել է, բոլոր ժամկետներն անցել են: Եթե Վերաքննիչ դատարանը պետք է քննարկի, ստուգման ենթարկի երկու ամիս անց, դա իր նպատակին չի ծառայում արդեն»,- ասաց Արսեն Ղայթմազյանի պաշտպանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930