Լրահոս
Օրվա լրահոսը

Գործարարի տանը գաղտնալսող սարք էր տեղադրել, հավաքել ապօրինի տեղեկություններ

Հունիս 24,2023 13:30

Հունիսի 20-ին «հանցագործության մասին հաղորդումով» վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին է դիմել մոսկվաբնակ գործարար Վարդան Խառատյանը (լուսանկարում): Այս անգամ նրա հաղորդումը Երեւան քաղաքի դատավոր Ռ. Սմբատյանի գործողությունների վերաբերյալ է: Սա առաջին դեպքը չէ, երբ իրեն տուժող համարող գործարարը դիմում է գլխավոր դատախազ Ա. Վարդապետյանին: Դատախազ Ա. Վարդապետյանին ուղղված նրա նախորդ դիմումին պատասխանել էր ՀՀ դատախազության ԱԱԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Դ. Աղաջանյանը. «Գլխավոր դատախազին հասցեագրված դիմումով նոր փաստեր չեք ներկայացրել, դրանք առավելապես նույնաբովանդակ են Ձեր կողմից նախկինում ներկայացված դիմումներին, որոնց վերաբերյալ իրավասու պաշտոնատար անձի կողմից Ձեզ տրվել են լիարժեք պատասխաններ: Բացի այդ, դիմումով չի փաստվում այնպիսի դեպք կամ գործողություն, որին ողջամտորեն կարող էր տրվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական եւ չի բովանդակում ստուգման ենթակա տվյալ»:

Վարդան Խառատյանը, ով մտադրվել էր փայտամշակման արտադրամաս հիմնել, ներդրումներ կատարել, ներկայացնում է բազմաթիվ ապացույցներ, որոնք իրավապահ մարմինների կողմից անտեսվում են: Վարդան Խառատյանը «Առավոտին» հայտնել էր, որ դիմել է իրավապահ, արդարադատության մարմիններին, ԱԱԾ պետին, Քննչական կոմիտե, ՀՀ դատախազություն՝ իր դեմ կատարված մահափորձերի, իրենից գումարներ հափշտակելու, քրեական գործը կարճելու որոշման վերաբերյալ («Առավոտ», 2023թ. մայիսի 13, «Մահափորձի գործով պատասխանել էին. «Հասցեագրված դիմումով նոր փաստեր չեք ներկայացրել»):

2022թ. փետրվարի 9-ին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի քննիչը հիմնավորված համարելով, որ «բավարար ապացույցների համակցություն ձեռք չի բերվել Մեսրոպ Սիմոնյանի կողմից հանցանքներ կատարելու վերաբերյալ», որոշում էր կայացրել Մ. Սիմոնյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել: Քրեական գործ էր հարուցվել Մ. Սիմոնյանի նկատմամբ 2020 թվականի հոկտեմբերի 29-ին ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների՝ 137-ի 1-ին մասի, 177-ի 1-ին մասի, 178-ի 3-րդ մասի հատկանիշներով, որի որոշումը՝ հետապնդումը դադարեցնելու մասով, մինչ օրս վիճարկվում է, եւ ինչպես տեղեկացրել էինք, Վ. Խառատյանի գործով դատական նիստը նշանակվել է հունիսի 29-ին:

Մ. Սիմոնյանը, ըստ գործարարի, ԱԱԾ աշխատակից է, եւ ըստ էության, ինքը թիրախավորվել էր նրա կողմից:

Քրեական մեկ այլ գործ էլ՝ «անջատված մասով», Սիմոնյանի վերաբերյալ առկա է Երեւան քաղաքի դատարանում՝ Ավան եւ Նոր Նորք նստավայրում (դատավորն է Վարդան Մելիքյանը-Ռ.Մ.): Ըստ «ԴատաԼեքս» տեղեկատվական համակարգի, այդ գործը դատարանում է 2022թ. փետրվարի 22-ից: 14890220 քրեական գործի մեղադրական եզրակացության համառոտ մասի համաձայն. «Մեսրոպ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գումարային խնդիրներ ունենալով իր ծանոթ Վարդան Խառատյանի հետ եւ բնակվելով վերջինիս պատկանող՝ Երեւան քաղաքի Թավրիզյան փողոցի նրա տանը, ցանկանալով տեղեկանալ վերջինիս տանը կատարվող խոսակցություններին եւ ապօրինի հավաքել դրանց վերաբերյալ տեղեկություններ, 2019 թվականի ապրիլ ամսին՝ քննությամբ չպարզված օրը, նշված տանը տեղադրել է գաղտնալսող սարք եւ առանց Վարդան Խառատյանի համաձայնության ու գիտության մինչեւ 2020 թվականի մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում՝ քննությամբ չպարզված օրը, նրա վերաբերյալ ապօրինի հավաքել է անձնական գաղտնիք համարվող տեղեկություններ՝ խախտելով վերջինիս՝ ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածով երաշխավորված մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը»: Այդ գործով նրա նկատմամբ ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը: Ըստ նույն «ԴատաԼեքս» տեղեկատվական համակարգի, դատարանում նրա նկատմամբ այս տարվա փետրվարի քսաներեքին որոշում է ընդունվել հետախուզում հայտարարելու եւ գործի վարույթը կասեցնելու մասին:

Մեղադրողն է միջնորդություն ներկայացրել: Դատարանն արձանագրել է, որ ձեռնարկվել են օրենքով նախատեսված բոլոր միջոցները՝ ամբաստանյալ Մեսրոպ Սիմոնյանին հայտնաբերելու ուղղությամբ, որոնք դրական արդյունք չեն տվել: Դատարանը փաստում է, որ նա թաքնվում է դատից եւ նրան հայտնաբերելու նպատակով անհրաժեշտ է վերջինիս նկատմամբ հայտարարել հետախուզում, իսկ քրեական գործի վարույթը կասեցնել` մինչեւ նրան հայտնաբերելը: Մարտի տասներեքին վարույթը վերսկսվել է, Սիմոնյանը ներկայացել է դատարան, պարտավորվել առաջին իսկ կանչի դեպքում ներկայանալ դատարան…

Վ. Խառատյանը դիմել է տարբեր լրատվամիջոցների, այդ թվում՝ «Առավոտին», հայտնելով, որ իր դեմ մահափորձի հեղինակը իր ծանոթն է՝ Մ. Սիմոնյանը, որն իրենից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար՝ 57 000 ԱՄՆ դոլար, իսկ անցյալ տարվա մարտի 2-ին վերադաս դատախազը որոշում է կայացրել բողոքը մերժելու մասին: Գումարը վերադարձնելու մասով չկա առանձին վարույթ, չկա քրեական գործ, որով պարտավորեցնեն Սիմոնյանին հատուցել Խառատյանին հասցված վնասները:

Բացի գումարից, գլխավոր դատախազին ուղղված նամակում, իրավապահներին ուղղված հաղորդման մեջ, Խառատյանը նշում է, որ բնակվելով իր տանը (նա Մոսկվայում էր, այլ տեղում վարձով չբնակվելու խնդրանքով դիմել էր Խատառյանին նրա տանը մնալու խնդրանքով-Ռ.Մ.), Սիմոնյանը գողացել է «Սամսունգ D-840» մոդելի հեռախոս, այդ մասին տեղյակ է քննիչը, իսկ «Բիլայն» ընկերությունից Խառատյանը հարցում էր կատարել, պահանջել «գողացված հեռախոսի վերջին օգտագործված հասցեն»:

Խառատյանի ձեռքի տակ կան եւ նա ցույց է ռալիս մեզ Սիմոնյանի ձեռքով գրված պարտքացուցակը, այն դեպքում, երբ իրավապահ մարմինները «պնդում» են, թե նա մարել է պարտքերը Խառատյանի նկատմամբ: Մ. Սիմոնյանը իր ցուցմունքում գրում է, որ 2018-ին վերադարձրել է իր պարտքերը: Ինչ տրամաբանությամբ է լինում, երբ նույն Սիմոնյանը 2020-ի հունիսին իր ձեռքով գրում է, որ ունի պարտքեր եւ կվերադարձնի:

«Մ. Սիմոնյանը գազը բաց թողնելուց առաջ (առերեւույթ մահափորձը գազը տան մեջ բաց թողնելով էր մտադրվել իրականացնել-Ռ.Մ.), գրում է իր առաջարկությամբ փոխառության պայմանագիր, 2020թ. հուլիսին 56 850 ԱՄՆ դոլար պարտքը վերադարձնելու մասին: Սիմոնյանը խնդրում էր ինձ՝ գումարները կվերադարձնեմ, միայն թե ոստիկանությանը չդիմես»,-ասում է Վ. Խառատյանը:

Գործի նյութերում չկար մի փաստաթուղթ, ապացույց, որի համաձայն Խառատյանին վերցված գումարները վերադարձվել են:

Նշեմ, որ քրեական գործի մերժման որոշման մեջ դատախազը գրել էր. «Սիմոնյանը վերադարձրել է Խառատյանի գումարները, մի մասը, Խառատյանի համաձայնությամբ, ներդրել է կրիպտոարժույթի առուծախի մեջ, որը, սակայն, կայքի փակվելու պատճառով չի վերադարձվել»: Խառատյանը ինձ հետ զրույցի ժամանակ հայտնեց, որ դատախազին ներկայացրել է բիտքոինի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը, այն մասին, որ «Սիմոնյանի կողմից չկան ներդրված գումարներ կայքէջում: Կայքը կեղծ է, այն չունի լոգին, գատնաբառ, եթե իրական է, ապա թող ասեն գաղտնաբառը, բացենք, տեսնենք, Սիմոնյանի կողմից գումար կա՞ «նստած»:

Տուժող Խառատյանը հարցնում է՝ ինչպես է Սիմոնյանն ասում, թե կայքը փակվել է 2018-ի փետրվարին, երբ կայքէջի բացման օր նշվում է նույն այդ թվականի հոկտեմբերը…

«Այդ փաստաթղթերը հաստատում են, որ 2018-ին բիտքոինի էջում որեւէ գործողություն չի կատարվել, իսկ նրա մեջ եղած իբր տասնհինգ հազար դոլար գումարի առկայությունը կեղծիք է»,-«Առավոտին» ասում է Վ. Խառատյանը, ով նաեւ գլխավոր դատախազին ուղղած հաղորդման մեջ նշել էր իր անձնագրային տվյալներին տիրանալու, դրանք կեղծ փաստաթղթերում օգտագործելու մասին:

Քրեական գործը, որն անցյալ տարվա փետրվարի 9-ի որոշմամբ փակվեց, չորս հատոր էր կազմել, հիմնական մասը՝ նախաքննության ժամկետները երկարացնելու մասին որոշումներն էին: Քննիչի մի միջնորդության մեջ կար ժամկետը երկարացնելու պատճառներից. Հատուկ քննչական ծառայությունում կա՞ Սիմոնյանի վերաբերյալ գործ, եղե՞լ է, սակայն չեն գնացել հարցման հետեւից, այսինքն, քննչական գործողություն չեն կատարել:

Մեկ այլ «դրվագ» էլ մեր ուշադրությունը հրավիրեց Խառատյանը. քննիչը պիտի Մոսկվա քաղաքում բնակվող ամուսինների հարցաքններ, որոնք վկաներ են, սակայն բավարարվել է նրանց ասածով՝ թե «հիվանդ են», չեն կարող գնալ ՌԴ-ում գտնվող ՀՀ դեսպանատուն, ցուցմունք տալու: Այսինքն, վկայի կողմից ցուցմունք տալուց հրաժարվելու անթույլատրելության մասին օրենքի պահանջն է տնավարի խախտվել…

Նախաքննության ընթացքում զննության են ենթարկվել, ըստ քննիչի, Խառատյանի կողմից տրամադրված տեսագրությունները, սակայն դրանք «նախաքննությանը հետաքրքրող տվյալներ չեն պարունակում»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.06.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930