Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԴԽ նախագահը թույլ չտվեց դատավոր Հարությունյանին հայտարարություն անել․ ԲԴԽ-ն որոշեց նիստը դռնփակ անցկացնել

Հունիս 19,2023 11:34

Այսօր Բարձրագույն դատական խորհուրդը քննում է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն ընթերցեց արդարադատության նախարարության միջնորդությունը՝ Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։ Վարույթ հարուցելու հիմքը դատավորի տված հարցազրույցն է եղել, որում նա անդրադարձել էր ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հայտարարությունը եւ այն անթույլատրելի համարել:

Կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությունը ներկայացրել է արդարադատության նախարարությունը։ Ըստ այդ միջնորդության, դատավորը խախտել է Դատական օրենսգրքի 69-րդ հոդվածի մի շարք կետեր՝ դատարանի անաչառությունը եւ անկախությունը վտանգող կամ կասկածի տակ դնող հայտարարություն անելուց կամ վարքագիծ դրսեւորելուց զերծ մնալու պահանջների խախտում է թույլ տվել, այն է՝ դատավորը ԲԴԽ-ի որպես կոլեգիալ կարգով գործ քննող դատարանի կողմից ընդունվող կոնսեսուսային միաձայն որոշումների առկայությունը պայմանավորել է բացառապես որոշակի ուղղորդման առկայությամբ՝ ինչպես նաեւ վերջին վեց ամսվա ընթացքում իր հաշվարկով 20-ից ավելի դատավորների լիազորությունները դադարեցվելու գործընթացը բնորոշել է անօրինական։

«Դատավորի կողմից թույլ տրված կարգապահական խախտումների բնույթն այնպիսին է, որ ուղղակիորեն վերաբերում են դատավորի կողմից կատարված հրապարակային խոսքով դատական իշխանության հեղինակազրկմանը՝ որպես դատարան հանդես եկող ԲԴԽ-ի անկախությանը եւ իր կողմից կայացվող որոշումերի օրինականությունը կասկածի տակ դնելուն։ Այնինչ, խորհրդի՝ Սահմանադրությամբ ամրագրված դատարանների եւ դատավորների անկախությունը ապահովելու գործառույթը ենթադրում է խորհրդին վերապահված լիազորությունների շրջանակներում դատարանների, դատավորների անկախության երաշխավորմանը խոչընդոտող, դատական իշխանությանը հեղինակազրկող ցանկացած գործողության կանխում։ Նախարարությունը գտնում է, որ դատավորի նշված խոսքի տարածումը դատական կարգով գործի հրապարակային քննության շրջանակներում լրացուցիչ բացասական ազդեցություն կարող է ունենալ դատական իշխանության հեղինակության, անկախության եւ անաչառության վերաբերյալ հանրության վստահության պահպանման համատեքստում»,-նշված է նախարարության միջնորդության մեջ։ Նախարարությունը միջնորդել է ԲԴԽ-ում դատական նիստը դռնփակ անցկացնել։

Միջնորդության ներկայացման ժամանակ դատավոր Դավիթ Հարությունյանը փորձեց դիմել դատարանին, սակայն Կարեն Անդրեասյանը հնարավորություն չտվեց նրան խոսելու, նույնիսկ երբ Հարությունյանը տեղից խոսում էր, փորձում հայտարարություն անել, Կարեն Անդրեասյանը նրա կողմ չնայեց, առանց Հարությունյանին նայելու ասաց՝ մի ընդհատեք, հակառակ դեպքում սանկցիա կկիրառվի։

Դատավորները հեռացան խորհրդակցական սենյակ։

«Առանց ինձ դատական նիստը սկսեցին։ Չհասկացա, առանց միջնորդություն անելու հնարավորության՝ հեռացան խորհրդակցական սենյա՞կ, թե՞ ընդմիջեցին, չհասկացա։ Իմ պահանջն այն էր, որ պարզաբանեին ընթացակարգերը։ Չեմ կարծում, թե որեւէ օրենքով նախատեսած էր այս գործողություների այս հերթականությամբ ու այս տրամաբանությամբ։ Այսինքն՝ առանց կողմի դատական նիստը սկսում են, միջնորդություն են հրապարակում։ Ես, ընդհանուր առմամբ, դեմ եմ դռնփակ գործի քննությանը, բայց միջնորդությունը ես չհասցրեցի լսել։ Ընդմիջման ժամ չէր հայտարարվել, իջել էի առաջին հարկ, մինչեւ բարձրացա, պարզվեց միջնորդություն է ներկայացվել, վերջաբանից եզրակացրեցի, որ միջնորդություն է»,-լրագրողների հետ զրույցում ասաց դատավոր Դավիթ Հարությունյանը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930