Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինքնաձիգը, կարելի է ասել, թափած է եղել, ճիշտ սպառազինություն չի եղել պատերազմում, այս է ամբողջ խնդիրը». Կարեն Հովհաննիսյանը՝ զենքի շուրջ բանավեճի մասին

Հունիս 10,2023 21:27

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ Տիրան Խաչատրյանը «Երկիր Մեդիայի» եթերում խոսելով 44-օրյա պատերազմի ժամանակ զենքի խնդրի մասին, հայտարարեց, որ նախ Վրաստանի, Իրանի ցամաքային ճանապարհներին խնդիրներ են առաջացել ռազմամթերքի, զենքի տեղափոխման հետ կապված, օդային տարածքով արգելված է եղել այն բերել եւ հետո մարտական գործողությունների սկզբում զենքի կորուստները շատ են եղել, իսկ կորուստը չլրացնելը բերում է անկարողության. «Մենք մոտ 1 շաբաթ ընդհանրապես, այն դեպքում, երբ Ադրբեջանի համար այդ ժամանակ շատ ավելի մեծ ինտենսիվությամբ թե՛ ցամաքային, թե՛ օդային ճանապարհով իրականացվում էր ռազմական նշանակության ապրանքների բեռնափոխադրումները, մենք ընդհանրապես չունեինք այդ ժամանակահատվածում»:

Մինչդեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսներում ու ԱԺ ամբիոնից ասում էր, որ 44-օրյա պատերազմի ժամանակ զենքի պակաս չի եղել, վայ-զինվորականները զենքով լի պահեստները թողել ու փախել են: Տիրան Խաչատրյանի խոսքով՝ «Չգիտեմ վաղը ինչ կասի, բայց զենք ասելով՝ եթե նկատի ունի հրաձգային զենք ավտոմատ, այո, կար պահեստներում, բայց այն միջոցները, որոնք հակառակորդին հեռավոր մատույցներում, նրա առաջխաղացման, ծավալման բնագծերում մինչեւ մարտի մեջ մտնելը անհրաժեշտ էին խոցելու համար, դրանց պակաս նույնիսկ մինչեւ մարտական գործողություները սկսվելն է եղել: Մենք չենք ունեցել այն մարտական զենքը այն չափաբաժնով, որ հստակ կարողանայինք ասել ամենալարվածության բարձր ինտենսիվություն ունեցող մարտերում կկարողանայինք դիմակայել: Պատճառները տարբեր են, նախ, համապատասխան մատակարարներ չունենալը, անհրաժեշտ ֆինանսական միջոցներ չունենալը»:

Նա նշեց, որ զենքի անհրաժեշտության մասին բազմաթիվ զեկույցներ են եղել վերջինը իր ներկայությամբ 2019-ին է եղել, Փաշինյանն ասել է՝ անպայման այդ հարցերը կլուծենք, բայց նրա գնահատմամբ՝ «որեւէ շոշափելի քայլ չի արվել, երբ պատերազմին մեկ տարի էր մնացել»:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում հարցին՝ մենք պատերազմի ժամանակ զենքի խնդիր ունեի՞նք, թե՞ չունեինք, ո՞վ է ճիշտ՝ ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը պատասխանեց, որ բոլոր հարցերի բանալին ճիշտ սպառազինությունն է. «Բանը  չէր հասնի դրան, եթե մենք ճիշտ սպառազինություն ունենայինք, եթե մենք կարողանայինք ճիշտ գնահատել  Ադրբեջանի ռազմական արսենալում գտնվող զենք-զինամթերքը եւ դրան ի հակադրություն՝ ունենայինք զենք-զինամթերք: Մենք խոսում ենք այն ռազմական պահեստների մասին, որոնք  սահմանից քիչ հեռու են, բայց միեւնույն ժամանակ մոռանում ենք խորը թիկունքի մասին: 44-օրյա պատերազմի ժամանակ ԱԹՍ-ները շատ հանգիստ կարողացան հասնել խորը թիկունք, կարողացան խորը թիկունքում խոցել ենթակառուցվածքներ երկաթգիծ, ճանապարհ, կամուրջ եւ այլն, կարողացան խոցել ՀՕՊ համակարգեր: Այնտեղ էլ պահեստները հո չէի՞ն  թողել գնացել: Այսինքն, խնդիրը  ոչ թե պահեստները թողել ու գնալն էր, այլ՝ ճիշտ սպառազինություն չունենալը: Ի զարմանս ինձ, սրա մասին չի խոսում եւ ոչ մեկը եւ ոչ մի կողմ: Միգուցե հավասարաչափ բոլորը պատասխանատվություն ունեն, դրա համար փորձում են այս հարցը շրջանցել: Եթե մենք ճիշտ սպառազինություն ունենայինք, մենք կկարողանայինք այլ իրավիճակում լինել»:

Ճշտեցինք՝ այսինքն, Նիկոլ Փաշինյանը երբ ասում է՝ կարող եք ցանկացած կամավորի հարցնել՝ մենք պատերազմում զենքի պակաս չենք ունեցել, ով մտել է կաբինետ ու զենքի մասին ասել է, ասել եմ՝ խնդիր չկա, այստեղ մանիպուլյացիա՞ կա, որովհետեւ ինքը կարող է այնպիսի զենքեր բերել, որոնք չլուծեն այդ պահին մեր խնդիրը, այսինքն, մենք ունեցել ենք «ոչ ճիշտ», ոչ անհրաժեշտ զենքե՞ր՝ Կարեն Հովհաննիսյանը պատասխանեց. «Զենք եթե մենք ասում ենք ինքնաձիգ նկատի ունենալով, ապա ինքնաձիգ շատ-շատ է եղել, նույնիսկ թափած է եղել, բայց եթե մենք, օրինակի համար, ասում ենք՝ որեւէ հեռահար հրթիռ, հրետանու համար նախատեսված սնարյադ կամ այլ բան մենք այդտեղ խնդիր ենք ունեցել: Չգիտեմ ով ինչ է ասում եւ ինչ է զեկուցել, բայց իրականում պրոբլեմ եղել է: Ու եթե մենք շեշտը դնում ենք ինքնաձիգի վրա, ապա  ինքնաձիգը մերձամարտի ժամանակ է պետք, իսկ մինչեւ մերձամարտը  գործողություններ են տեղի ունենում՝ հրթիռակոծվում ու շարքից դուրս է գալիս դիրքը ու մենք չենք կարողանում դրան հավուր պատշաճի հակազդեցություն տալ: Այո, ճիշտ սպառազինություն չի եղել, այս է ամբողջ խնդիրը»:

Հարցին՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էլ ասում էր, որ 2020-ի պատերազմի ժամանակ ամենահզոր զենքերը չեն օգտագործվել, ստացվում է տվյալների խառնաշփոթ եւ հակասություն՝ զենք եղե՞լ է, չի՞ եղել, եղել է, բայց չի՞ օգտագործվել, եղել է, բայց թափե՞լ են ու փախե՞լ, թե՞ չի օգտագործվել… այստեղ խոսքը ինչի՞ մասին է՝ Կարեն Հովհաննիսյանը պատասխանեց. «Իրականում ամեն ինչն էլ կարելի է ասել օգտագործվել է, բայց այդ օգտագործմանը ժամանակացույց կա եւ ժամկետներ կան: Ընդհանրապես ռազմական գործողությունների ժամանակ ամեն մի զինտեխնիկա ունի իր օգտագործման ժամանակը եւ մեր դեպքում զինտեխնիկայի օգտագործումը կամ այն հզոր զենքերի օգտագործումը տվյալ պահին այլեւս հնարավոր չէր, չէր կարող օգտագործվել, որովհետեւ որոշում է կայացվել, որ դեռ ժամանակը չի, չօգտագործենք եւ այլն: Օրինակ, Իսկանդերը մենք ճիշտ ժամանակին չենք օգտագործել ու խնդրի առաջ ենք կանգնել: Փոխանակ մենք ռազմավարական, մարտավարական խնդիր լուծենք, մենք այլ խնդիր ենք փորձել լուծել: Ու այստեղ ամենախճճողն այն է, որ երկու կողմն էլ  կարող են միմյանց մեղադրել: Այդ ժամանակ ռազմական իշխանության մաս կազմողները եւ քաղաքական իշխանության մաս կազմողները կարող են  միմյանց մեղադրել, որովհետեւ զենքը հենց այնպես չեն կարող վերցնել եւ օգտագործել: Մեկը կարող է ասել՝ ինձ չեն զեկուցել, որ դա պետք է, մյուսը կարող է ասել՝ զեկուցել են, ժամանակին չեն արձագանքել, արդեն ուշացած էր դրա օգտագործումը: Դրա համար բավականին խառը իրավիճակ է, ու բոլորն էլ կարողանում են այստեղ մանեւրել ու ջրից չոր դուրս գալ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930