Այսօր Երևան-Գյումրի միջպետական ճանապարհի 92 կմ հատվածում, այսինքն՝ Սառնաղբյուրի խաչմերուկում , ժամը 12․30-ի սահմաններում բախվել էին մոտոցիկլետն ու ուղևորներ փոխադրող Mercedes Sprinter-ը։
Մոտոցիկլետը կողաշրջվել էր, երեք հոգու տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխել էին Գյումրի բժշկական կենտրոն։
Հիվանդանոցի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն Aravot.am-ին փոխանցեց, որ նրանցից մեկը մոտոցիկլետի վարորդն է, նրան հիվանդանոց են տեղափոխել կողերի կոտրվածքով և թոքերի սալջարդով։
Հիվանդանոց տեղափոխվածներից մեկին հետազոտել են, ստացիոնար բուժման կարիք չի եղել։ Ծանր է 25-ամյա ուղևորուհու վիճակը, որին այս պահին վիրահատում են․ նրա մոտ գանգի հիմի կոտրվածք է և գանգի ոսկորների ներմղված կոտրվածք։
Կարդացեք նաև
Պաշտոնական տեղեկատվության համաձայն էլ, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 92-րդ կմ-ին մոտոցիկլետը (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1975 թ.) բախվել է Երևան-Գյումրի երթուղին սպասարկող «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենային (վարորդ` Ն. Հ., ծնված 1990 թ.):
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ մոտոցիկլետի վարորդը տեղափոխվել է Գյումրու ԲԿ:
Փրկարարները «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Լ. Կ.-ին (ծնված 1997 թ.) և Ա. Ս.-ին (ծնված 2003 թ.) մոտեցրել են շտապօգնության մեքենային, հոսանքազրկել ավտոմեքենան և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:
Տուժածները նույնպես հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ. բժիշկները Լ. Կ.-ի և Ա. Մ.-ի (ծնված 1975 թ.) առողջական վիճակը գնահատել են ծանր»։
Գյումրի-Երևան կանոնավոր երթուղին սպասարկող «Տրանս Ակնթարթ» տրանսպորտային կազմակերպության հանրային կապերի պատասխանատու Լիզա Գասպարյանը ևս անդրադարձել է այս վթարին՝ հայտարարելով, որ ուղևորափոխադրող մեքենան չի պատկանում «Տրանս Ակնթարթին», ապատեղեկատվություն են տարածում։
«Հերթական վթարը Երևան- Գյումրի ճանապարհին, որն առանց ստուգելու, առանց փաստերի հետևից գնալու՝ որոշ լրատվամիջոցներ կամ գուցե և պետական կառույցներ, որոնք խիստ թերացել են իրենց աշխատանքում, հրապարակում են, թե վթարված մեքենան՝ Երևան -Գյումրի երթուղին սպասարկող մեքենաներից է։
Երթուղին սպասարկող կազմակերպությունը՝ « Տրանս Ակնթարթ» տրանսպորտային կազմակերպությունն է, և պաշտոնապես հայտարարում ենք, որ տվյալ մեքենան որևէ առնչություն չունի մեր կազմակերպության հետ, մեր հաշվեկշռում չի գտնվում։
Ի գիտություն՝ ասենք, որ երթուղին սպասարկող միկրոավտոբուսը պետք է դեղին պետհամարանիշով լինի, ընկերության հաշվեկշռում գրանցված, արտոնագրված և այլն։
Մեր ընկերությունը երթուղին սպասարկում է վերը նշված պահանջներով և Ford Transit մեքենաներով։
Այս փաստերի իսկությունը պետական կառույցները կարող էին շատ արագ ստուգել և հաստատել, բայց դա չեն արել։
«Ֆայտոնչիները, գռդոնչիները, էժանները, «և-և-ները», « կամ-կամ-ները», ոլորտից բացարձակ տեղյակ չլինելով, տրանսպորտային կանոնավոր երթուղիները սպանելուց բացի, ցավոք, սպառնում են մարդկանց կյանքերին։
Ժամանակն է՝ այս գռդոնչիներով զբաղվել, քանի որ միկրոավտոբուսով նրանք սպասարկելու իրավունք չունեն, այնքան ամենաթողություն է, որ վերը նշվածները սկսել են միկրոավտոբուսով սպասարկում անել։
Մարդկանց կյանքեր են վտանգված ու վտանգվում, ու այդ մասին ՀՀ-ում կանոնավոր երթուղի սպասարկող բոլոր կազմակերպություններն են խոսում, բարձրաձայնում, բայց ինչպես միշտ՝ համապատասխան կառույցներից ոչ մի գործուն քայլ։
Կրկնում եմ՝ տվյալ «սպրինտերը» որևէ կապ չունի երթուղին սպասարկող կազմակերպության հետ և բավական է մեր ընկերության հեղինակությանը վնասեն՝ ոչ ստույգ տեղեկատվությամբ։ Արագ ապաքինում ենք մաղթում վթարից տուժածներին»,- նշված է «Տրանս Ակնթարթ» տրանսպորտային կազմակերպության հայտարարության մեջ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ