Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հանկարծ ի՞նչ պատահեց, որ ԱՄՆ-ն այլևս մոռացավ արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման մասին և սկսեց գովաբանել Ալիևի հայտարարությունները»․ Արամ Սարգսյան

Հունիս 01,2023 18:30

«Հայ ժողովուրդը հույս չի դնելու այն պետությունների վրա, որոնք այսօր այսպիսի կրավորական և երկակի ստանդարտներ ուղղորդող քաղաքականություն են վարում»,- ԱՄՆ դեսպանատան առաջ հայտարարեց «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման անդամ Արամ Սարգսյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնությամբ ԱՄՆ դեսպանատան առաջ կազմակերպվեց արցախահայության անվտանգության ապահովման և ինքնորոշման իրավունքի լիակատար իրականացման, ինչպես նաև ՀՀ-ում ժողովրդավարության պաշտպանության խնդիրների վերաբերյալ հանրային հավաք։

Շարժումը նաև հանրագիր է տարածել՝ ուղղված ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին, որում ամրագրված են շարժման պահանջները։

Ըստ Արամ Սարգսյանի՝ իրենց համար անակնկալ էր ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մեթյու Միլլերի կողմից Իլհամ Ալիևի՝ Արցախի իշխանությունների հասցեին արված հայտարարությունները իբրև գնահատելի և ողջունելի քայլ համարելը։

Արամ Սարգսյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց․ «Առավել ևս, երբ այդ արձագանքը, որը եղավ ՀՀ-ում և Արցախում, իրենք հարկ չհամարեցին գոնե փոքր-ինչ մեղմել կամ ուղղել կամ որևէ այլ կերպ բացատրել, թե ինչ է իրենց համար նշանակում համաներում կոչվածը։ Առաջին հերթին սկսենք նրանից, որ համաներումն այն մտքով, որով արտահայտեց Ալիևը, վերաբերում է հանցագործներին, այսինքն՝ արցախահայության հատկապես վերնախավը իր պատկերացմամբ՝ հանցագործ մարդիկ են։ Եվ որպեսզի նա իրենց ների, ինքը պահանջում էր, որ նրանք գլխիկոր գան իր մոտ։ Այդ պարագայում չհասկանալ, թե ինչ է  ասել Ալիևը, անհնար է։

Վերջապես կա ԱՄՆ դեսպանությունը Բաքվում, որը նույնպես այդ ամենը լսել է և դրա վերաբերյալ համապատասխան հաղորդագրություն է ուղարկել պետդեպարտամենտ։ Եվ հիմա իրոք հասկանալ, այն ԱՄՆ-ն, որ երեկ չէ առաջին օրը հանդես էր գալիս՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր և պաշտպանում արցախահայության ինքնորոշման իրավունքը, հիմա ի՞նչն է պաշտպանում, ո՞ր գաղափարն է պաշտպանում այսօր, դժվար է։

Հիմա հանկարծ ի՞նչ պատահեց, որ իրենք այլևս մոռացան արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման մասին և սկսեցին գովաբանել այն, որ Ալիևը նման հայտարարություն է անում»։

Արամ Սարգսյանն ասաց, որ կարող է որոշակի բացատրություն տալ և ասաց․ «Եթե այսօրվա ՀՀ իշխանություն կոչվածը, նրա ղեկավարը, հայտարարում է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, թիվն էլ տալիս է, ուրեմն նրանք կարող են ասել՝ գնացեք և պարզաբանեք ձեր ղեկավարության հետ։ Բայց մենք հստակ ասել ենք, որ մենք չենք կիսում և չենք կարող համարել, որ այսօրվա իշխանավորը, որն իր վրա նման պատասխանատվություն է վերցրել, իրավասու է այդպիսի հայտարարություններ անել։ Նա որևէ Սահմանադրությամբ, օրենքին համապատասխան այդպիսի իրավունք չունի, որովհետև արցախահայությունն ինքն է ինքնորոշվել և արցախահայությունը ինքն է որոշել իր կարգավիճակը։ Այնպես որ, ԱՀ կարգավիճակը որևէ մեկը վերափոխելու, վերանայելու իրավասություն չունի, քանի որ դա ձեռք է բերվել համաժողովրդական հանրաքվեի արդյունքում»։

Արամ Սարգսյանից հետաքրքրվեցինք՝ իրենց հավաքին որևէ արձագանք եղա՞վ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից, նա պատասխանեց․ «Երեկ չէ առաջին օրը մենք իրենց տեղյակ պահեցինք, որ գալու ենք և ներկայացնելու ենք մեր հայտարարությունը։ Երեկ իրենց ներկայացուցիչը հայտարարեց, որ իրենց ներքին կանոնակարգին համապատասխան՝ իրենք չեն կարող մեզ ընդունել, դուրս գալ, մեզնից ընդունել մեր այդ հայտարարության տեքստը։ Խնդրեցին ուղարկել էլեկտրոնային փոստով։ Մենք դա արեցինք։ Իրենք ստացան։ Համոզված եմ, որ իրենք բացահայտ լսեցին մեր բոլոր ելույթները, հավանաբար կարողացել են նկարահանել այդ ամենը։ Այնպես որ, մենք պահանջել ենք, որպեսզի իրենք շուտափույթ պատասխան տան մեր այն բոլոր պահանջներին, որոնք արտացոլված են մեր հանրագրում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930