Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենադաժանն ինձ համար իմ 12-ամյա դստեր հայացքն էր՝ չհամակերպվող, մելամաղձոտ, լուռ արցունքները. Արմեն Չարչյան

Մայիս 31,2023 17:36

Մոտ երկու տարի է արդեն, որ ընթանում է իմ դեմ բացարձակ անհիմն, ապօրինի, նպատակաուղղված քաղաքական հետապնդում․ այսօր դատական նիստում այսպես իր ցուցմունքը սկսեց «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը։

Նրա բնորոշմամբ՝ վերջին երկու տարում ստեղծված իրավիճակը նման է աբսուրդի թատրոնի. «Ամառային կեսգիշերային երազ, կամ մեծ աղմուկ ոչինչից» կատակերգությանը»: Արմեն Չարչյանը պատմեց, որ համանուն օպերայի կրկնակի պրեմիերան ինքը և իր ընտանիքի անդամները 2019թ. հոկտեմբերին Վիեննայի օպերային թատրոնում կայսերական օթյակում են դիտել. «Մենք դիտեցինք օպերա-կատակերգություն, սակայն իրական կյանքում նույնը կատարվեց ինձ հետ, նաև իմ ընտանիքի, հարազատների, ընկերների և բարեկամների հետ: Որպես ֆարս, որպես ողբերգություն: Մոտ 5 ամիս ես գտնվեցի կալանքի տակ և նույնքան ժամանակ պահանջվեց, որ ես փոքր ինչ վերականգնեմ կալանավայրում խաթարված առողջությունս և շարունակեմ կյանք և առողջություն պարգևել ժողովրդիս: 10 ամսվա ընթացքում ես կանեի մոտ 200 վիրահատություն և մոտ 4000 խորհրդատվություն և բուժում, որոնք ցավոք չարվեցին: Սա է այս գործընթացի հանրային հասարակական արժեքը, իհարկե, խիստ բացասական նշանով: Սա, ի գիտություն, գործընթացը նախաձեռնողների՝ Բ 26 (Բաղրամյան 26՝ ՀՀ նախագահի նստավայրի հասցեն-խմբ․), ՀՔԾ և նրանց հրահանգողներին»:

Խոսելով իր նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթից՝ Արմեն Չարչյանը նկատեց, որ սղագրության չորս դրվագում նշվում է՝ խոսքը չի հասկացվում, երեք դրվագում՝ միտքը չի ավարտվում:

«Իսկ միգուցե դրանք այնպիսի բառեր են, որոնք սկզբունքորեն և էապես կփոխեին ելույթի ամբողջությունն ու ընկալումը»,- դիմելով դատախազին՝ հարցրեց Չարչյանը՝ ասելով՝ եթե դիմեին իրեն, ինքը կպարզաբաներ բառերի նշանակությունը:

Չարչյանն ասաց՝ ակնհայտ է, որ վարույթն իրականացնող մարմնին հանձնարարված է եղել գործը կարել շատ արագ և ավարտին հասցնել.

«Այդ բացթողումներն ու թերությունները ես վերագրում եմ ոչ թե վարույթն իրականացնող մարմնի ցածր պրոֆեսիոնալ մակարդակին , այլ խիստ շտապողականությանը: Որի հետևանքով, ի վերջո, ստացվել է փնթի և անփույթ աշխատանք: Ներողություն, սակայն դա իմ անձնական կարծիքն է»:

Ինչ վերաբերում է բժշկական կենտրոնի աշխատակիցների հետ հանդիպմանը՝ Չարչյանն ասաց, որ հանդիպմանը եղել է որպես Արմեն Չարչյան, ոչ թե որպես ԲԿ տնօրեն կամ «Հայաստան» դաշինքի անդամ. «Վերը նշյալ օրը իմ և աշխատակիցների միջև չէր կարող լինել որևէ կախվածություն, առավել ևս՝ ծառայողական: Ամբիոնի երկու կողմերում էլ ազատ և արժանապատիվ ՀՀ քաղաքացիներ են: Մի կողմում ես՝ որպես հռետոր, և մյուս կողմում աշխատակիցները՝ որպես ունկնդիր: Սա ակնհայտ ճշմարտություն է, որը սակայն մեղադրող կողմը կամ չի տեսնում, կամ չի ուզում ընդունել… ինչպես Վարդգես Պետրոսյանն էր ասում՝ «չլսեց, թե չհասկացավ, չլսեց, որովհետև, եթե լսեր, կհասկանար»:

Չարչյանի խոսքով՝ իրեն մեղսագրվում է աշխատակիցներին հարկադրել և պարտադրել ընտրություններին մասնակցելու մասով, մինչդեռ, ըստ նրա՝ ակնհայտ դիսոնանս կա իր կողմից օգտագործված տերմինաբանության՝ խնդրանք, հորդոր, պահանջ, և դատախազության ներկայացրած հարկադրանքի և պարտադրանքի միջև.

«Այսօր մենք և աշխարհի առաջադեմ հանրությունը պահանջում է Ադրբեջանից բացել Արցախի կյանքի ճանապարհը՝ Լաչինի միջանցքը: Իսկ Ադրբեջանը չի բացում: Չի բացում, որովհետև մենք հարկադրել և պարտադրել չենք կարող: Գործիքակազմ չունենք: Սակայն տարբեր համաշխարհային կառույցներից պահանջում ենք, հորդորում ենք, խնդրում ենք»:

Նա ասաց, որ իր սկզբունքներից դուրս է հարկադրանքը. «Դա դուրս է իմ բարոյական սկզբունքներից, և տնօրենի մասնագիտական արժանապատվությունից: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ «Իզմիրլյան» ԲԿ-ում երբեք վախի մթնոլորտ չի եղել»:

Չարչյանն իր նկատմամբ սկսված քրեական հետապնդումը համարում է քաղաքական հետապնդում, քաղաքական պատվեր. «Վերջին և անբեկանելի խոսքը, իհարկե, պատկանում է պատվարժան դատարանին: Սակայն, կա հարուցված քրեական գործ: Այն արդեն 2 տարի է ընթացքի մեջ է, կան արժանապատիվ հաղթահարված կալանքի 5 ամիսներ, խեղված և խաթարված առողջություն: Կան բազում չապաքինված հիվանդներ, որոնց ես կարող էի բուժել, բայց ամենադաժանն ինձ համար իմ 12-ամյա դստեր հայացքն էր՝ իրավիճակը չհասկացող, չհամակերպվող, արժանապատիվ ու մելամաղձոտ, լուռ արցունքները»:

Դատական նիստն այսքանով այսօր ավարտվեց: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 20-ին:

Հիշեցնենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել իր ղեկավարած բժշկական կենտրոնի աշխատակիցներին հանդիպման ժամանակ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերեւույթ հարկադրելու համար: Հրապարակվել էր այդ հանդիպման ձայնագրությունը: Ինչից հետո ՀՔԾ-ում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031