Ժողովրդավարության հայկական երկրորդ ֆորումում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, որ յուրայիններին պաշտոնների են նշանակում։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Վարդինե Գրիգորյանն իր ելույթում նշեց․ «Մենք ապրում ենք մի ժամանակաշրջան, որտեղ բոլորը, հատկապես պետական մակարդակում, համայնքային մակարդակում աշխատողները ստուգում են իրենց թույլատրելիության եւ չթույլատրելիության սահմանները։ Այսինքն՝ իրենք անընդհատ փորձարկումներ են անում՝ հասկանալու համար, թե իրենց ինչ է կարելի անել, եթե իրենք թիմի անդամ են։ Եվ սա շատ վտանգավոր տենդենց է, որը մենք տեսնում ենք տեղական մակարդակում։ Խնդիրը միայն ընտրությունները չեն, այո, ընտրություններն արդար էին, բայց արդյոք այդ ընտրություններին նախորդեցի՞ն ժամանակավոր պաշտոնակատարների նշանակումները, որոնք կարողացան մոբիլիզացնել վարչական ռեսուրսը։ Արդյոք հարուցված քրեական գործերն իրոք արդար քրեական գործեր էին, թե՞ պայմանավորված էին քաղաքական լոյալությամբ կամ ոչ լոյալությամբ։ Սրանք հարցեր են, որոնք հուզում են հանրությանը»։
Freedom House-ի հայաստանյան ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանն էլ նշեց, որ յուրայինների նշանակումը տարբեր, այդ թվում՝ անկախ պաշտոններին թեմա է, որը պարբերաբար քննարկվում է տարբեր շրջանակներում։ «Ինչո՞վ է սա պայմանավորված եւ որքանո՞վ է սա պայմանավորված հենց նույն անվտանգային խնդիրներով»,- հարցրեց Շիրինյանը։
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Երբ ասվում է, որ յուրայիններին, այդ թվում՝ անկախ պաշտոններ ենք նշանակել, իսկ ո՞ւմ նկատի ունեք, էդ ո՞ր անկախ պաշտոններին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի՞ն նկատի ունեք։ Ուզում եմ արձանագրել, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի յուրային անդամի նախագահության պայմաններում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ոչ մի բողոք չի ստացվել։ Վա՞տ է։ Մենք յուրայինին չենք տարել նշանակել էնտեղ, որ ընտրությունները կեղծի։ Մենք յուրայինին տարել նշանակել ենք այնտեղ, որ ապահովի ընտրությունների արդարությունը։ Եվ գործնականում ապացուցել է՝ ոչ մի դիմում բողոք»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ