Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Իշխան Զաքարյան. Խոսում ենք հայկական միասնականության մասին. խաղերը հենց դրան են միտված

Մայիս 25,2023 17:16

«Համահայկական խաղեր՝ մեծ մարզական տոնի միջոցով, հայկականության, հայապահպանության, հայաստանակենտրոն հայության միավորման գաղափար է»,– ասում է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը

Պրն Զաքարյան, պարբերաբար հաղորդագրություններ են տարածվում համահայկական 8-րդ խաղերի կազմակերպման հետ կապված։ Նախապատրաստական աշխատանքներն ի՞նչ ընթացքում են։

– Այո, ճիշտ եք նկատել, կազմակերպվում են համահայկական ամառային 8-րդ խաղերը, որոնք տեղի են ունենալու օգոստոսին։ Դեռ ամիսներ առաջ կառավարության որոշմամբ ստեղծվել է կազմկոմիտե։ Անցկացվել է երեք նիստ, տրված են հանձնարարականներ։ Դրանից հետո տեղի է ունեցել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նիստը, որի ընթացքում քննարկվել են բազմաթիվ հարցեր։ Մի խոսքով՝ արված է հսկայական աշխատանք, առջևում ավելի շատ գործ կա դեռ անելու։ Նոր հարցեր են ծագում, նոր խնդիրներ։ Բայց դրանք բոլորը լուծվելու են, ոչ մի դժվարություն մեզ չի վախեցնում և մենք ունենալու ենք շատ լավ ու շատ կարևոր մարզական խաղեր։

-Նպատակահարմա՞ր է արդյոք այս դժվար, խառը պայմաններում նման միջոցառում կազմակերպելը։ Չե՞ք վախենում, թիրախավորվել, կամ որ ձեզ ճիշտ չեն հասկանա։

-Հենց դժվար ժամանակներում է այս գաղափարը առավել կարևոր։ Հենց դժվար ժամանակներում չպետք է վախենալ ու պատասխանատվություն վերցնել՝ լավ գործ, դժվար գործ, կարևոր գործ անելու համար։ Հենց դժվար ժամանակներում է համահայկականությունը կարևորվում։ Հեշտ ու հանգիստ ժամանակներում ով ասես կանի։ Խոսում ենք համախմբվելու, հայկական միասնականության մասին. խաղերը հենց դրան են միտված։ Սա լինելու է մեծ տոն, որն ունի շատ խորքային շերտեր։

Այնուհանդերձ, սա մարզական միջոցառում է, թե՞ ավելի խորը նպատակներ ունեցող։

– 25 տարի առաջ ծնված գաղափարի հիմքում համահայկականությունն էր, հայկական աշխարհի ամրությունը։ Սրա կարևորությունը ես չէ, որ պիտի բացատրեմ։ Վստահ եմ, ցանկացած բանական մարդ կհասկանա։ Ավելի վերքաղաքական, վերանձնային, վեր ամեն մասնավոր շահից այլ գաղափար այսօր դժվար է գտնել։ Սերունդներ են փոխվում, սերունդներ են մեծանում՝ օտար երկրներում, օտար միջավայրերում, հայերենին դժվար տիրապետող կամ ընդհանրապես չտիրապետող, կապեր են կտրվում ոչ միայն հայրենիքի հետ, այլ համայնքների միջև։ Համահայկական խաղեր՝ մեծ մարզական տոնի միջոցով, հայկականության, հայապահպանության, հայաստանակենտրոն հայության միավորման գաղափար է։

Ինչո՞վ են այս համահայկական խաղերը տարբերվելու են նախորդներից։

-Տարբերվելու են աշխարհում, տարածաշրջանում տիրող վիճակով, Արցախի շրջափակումով և այլ բարդություններով։ Իհարկե, կարելի էր ձեռքներս ծալել, ոչինչ չանել։ Բայց մեր միանշանակ կարծիքն էր, որ հենց այդ բոլոր դժվարությունները շատ լավ հասկանալով՝ պետք է անցկացնել համահայկական 8-րդ խաղերը։ Այս տեսակետը պաշտպանեց համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն, կառավարության որոշմամբ ստեղծվեց կազմկոմիտե և սկսվեցին աշխատանքները։

Այս անգամ ևս մեծացնելու ենք խաղերի աշխարհագրությունը, ներգրավվելով նոր քաղաքներ։ Պետություններ կան, որտեղ ունենք լավ համայնքներ, բայց համահայկական խաղերին մասնակցություն չեն ունեցել, օրինակ՝ Միջին Ասիական պետությունները։ Աշխատանքային այցով եղել եմ այդ պետություններում, հանդիպել, բանակցել եմ լավ հայերի հետ ու պայմանավորվել ենք աշխատել։ Եղել եմ Մոսկվայում, որտեղ կարևոր հանդիպումներ եմ ունեցել ՌԴ սպորտի նախարարի հետ, Մոսկվայի կառավարության սպորտի դեպարտամենտի ղեկավարի հետ, եղել եմ Մինսկում։ Հանդիպել եմ Բելառուսի սպորտի նախարարի հետ, մանրամասն քննարկումներ եմ ունեցել մեր դեսպանի հետ, եղել եմ Փարիզում, Համբուրգում, Ստամբուլում, Թեհրանում, առաջիկայում պլանավորված են այցեր՝ Վրաստան և արաբական երկրներ։ Գործը տանելու ենք առաջ։ Կանխատեսում եմ 3-4 նոր պետությունների հայ համայնքների մասնակցություն, որոնք մինչ այդ չէին մասնակցում Համահայկական խաղերին։ Իսկ մասնակիցների ընդհանուր թիվը 5000-ից ավել է կանխատեսվում։ Կարծում եմ՝ հասկանալի է միջոցառման մասշտաբայնությունը և աշխարհագրական ընդգրկումը։ Բայցի դա՝ այս տարի մրցույթները անցկացնելու ենք Հայաստանի տարբեր մարզերում։

Նախորդ խաղերն Արցախում էին, իսկ այսօր Արցախը շրջափակման մեջ է։ Արցախի թիմերը կկարողանա՞ն մասնակցել այս խաղերին։

– Արցախը միշտ լինելու է համահայկականության առանցքում, այդ թվում՝ խաղերի, սա կարող եմ վստահ ասել։ Բայց մտածում ենք, աշխատում ենք, եկեք առաջ չընկնենք։

Եվ խաղերի գլխավոր խորհրդանիշի՝ ջահի մասին որտե՞ղ է վառվելու այս խաղերի ջահը։ 7-րդ խաղերի ջահը վառեցիք պատմական Կիլիկիայում՝ Մուսա լեռում, 2015թ Մեծ եղեռնի 100-ամյակի ջահը վառեցիք Վանում (Ախթամար կղզում)։ Այս անգամ ի՞նչ նոր բան եք մտածել։

-Այս հարցը ամեն անգամ ինձ տալիս են։ Պատասխանը մեկն է։ Սպասեք հետաքրքիր անակնկալների, կամ ավելի ճիշտ՝ դանդաղ շտապեք։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031