Տեղեկացրել ենք, որ ՔՊ-ական գործարար Մարտին Թորոյանը (լուսանկարում) կասկածվում է մոտ ընկերների՝ Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամ Երվանդ Խանամիրյանի և ևս երկու հոգու մասնակցությամբ, իր տունը վերանորոգող արհեստավորի՝ 50-ամյա Հ․ Մ․-ին հրազենային վնասվածք հասցնելու մեջ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ինչպես փաստել էին ոստիկանությունից, Մարտին Թորոյանը ձերբակալվել էր, սակայն, մեր տեղեկություններով, երեկ դատարանը որոշել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել տնային կալանքը։
Մյուսները դեռ փախուստի մեջ են, խոսքը Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամ Երվանդ Խանամիրյանի և պոլիկլինիկաներից մեկի տնօրենի որդու՝ Օ․Կ․-ի մասին է։
Կարդացեք նաև
Մենք դիմել ենք ՀՀ քննչական կոմիտե՝ պարզաբանում ստանալու նպատակով, քիչ անց այս կառույցը պաշտոնական հաղորդագրություն կհրապարակի։
Նշենք, սակայն, որ մեր տեղեկությունների համաձայն, նրանք կասկածվում են նաև արհեստավորին բռնությունների ենթարկելու, ծեծելու, նվաստացնելու մեջ։
Քրգործում դրվագ կա նրան շան բուն նետելու, վրան խողովակով ջուր պահելու մասին։
Հիշեցնենք՝ պատմությունը սկսվել է նրանից, որ Մարտին Թորոյանն արհեստավորին կասկածել է շինանյութի գողության մեջ։
Տուժած արհեստավորը դիմել էր Գյումրի բժշկական կենտրոն՝ փորձելով թաքցնել իրականությունը, ասել էր, թե իբրև իր մոտ որովայնի պատի մազարմատի բորբոքում է։
Բժիշկները նրան անմիջապես տարել էին վիրահատության՝ հայտնաբերելով աղիների հրազենային վնասվածքներ։ Նրա աղիներից գտել ու հանել են փամփուշտը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ