Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական բուռն ակտիվությունը՝ աղետի ֆոնին

Մայիս 20,2023 10:00

Շրջափակված Արցախում ակտիվ քաղաքական գործընթացներ են տեղի ունենում: Պաշտոններ վերաբաշխելու, նոր կառույցներ ստեղծելու, նախագահի հրաժարականի պահանջներ: Կարծես խոսքը ոչ թե նոր պատերազմի եւ ցեղասպանության շեմին կանգնած, նորմալ կենցաղից զրկված 120 հազար մարդու մասին է, այլ Եվրոպայի կենտրոնում գտնվող մի բարեկեցիկ երկրի, որտեղ միակ խնդիրն այն է, թե ով որ աթոռին է նստելու:

Արդյո՞ք հիմա այն պահն է, երբ պետք է փաստացի իշխանափոխություն պահանջել, ամբիցիաներ դրսեւորել, եւ արդյոք հենց դա՞ չէ, որ անհրաժեշտ է մեր հակառակորդին: Քաղաքական կյանքի այն բոլոր տարրերը, որոնք միանգամայն նորմալ են այլ՝ սովորական վիճակում, այսօրվա Արցախում տարօրինակ են թվում: Հեռու եմ, իհարկե, այն մտքից, որ այդ հանրապետության ղեկավարությունն ամեն ինչ ճիշտ է անում, բայց, ինձ թվում է, քաղաքական սուր բանավեճը կարելի է որոշակի ժամանակով հետաձգել: Հասկանում եմ նաեւ, որ Արցախի վերնախավի վրա իմ կամ այլ մտահոգ քաղաքացիների ասածները դժվար թե ազդեն, բայց ցանկացած բանական մարդ պետք է, հավանաբար, դեմ հանդիման դուրս եկած կողմերին զսպվածության կոչ անի:

Ոչ միայն Արցախում, այլեւ, կարծում եմ, Հայաստանում չափից դուրս բուռն քաղաքական ակտիվությունն այս իրավիճակում տեղին չէ: Այո, Նիկոլ Փաշինյանը շատ վատ, աղետալիորեն վատ ղեկավար է, որը 2020 թվականի նոյեմբերից 9-ից հետո պետք է հեռանար ոչ միայն իշխանությունից, այլեւ քաղաքականությունից: Բայց (գիտեմ, որ ընդհանուր «ընդդիմադիր հոսանքին» դեմ եմ գնում) նրան հեռացնելն այն մեթոդներով, ինչպես նա հեռացրեց Սերժ Սարգսյանին, եթե նույնիսկ հնարավոր լինի, ապա, համոզված եմ, որեւէ բան դրական առումով չի փոխի: Նորից անկայունություն, նորից փողոցային ակցիաներ, նորից թշնամանքի բորբոքում՝ դա կարող է վիճակն ավելի ծանր դարձնել: Ենթադրենք, իշխանության կգա հեղափոխականների մի նոր խումբ, որի ուշքն ու միտքը կլինի դարձյալ ոչ թե մեր պետության ծանրագույն խնդիրները լուծելը, այլ ապացուցելը, թե որքան վատ էր իրենցից առաջ եւ ինչպես պետք է պատժել ՔՊ-ականներին: Ի՞նչ ենք դրանից շահելու:

Դարձյալ պիտի ոչ պոպուլյար միտք հայտնեմ եւ ասեմ, որ այս փոսից ելքն իրար ներելու եւ իրար հանդուրժելու մեջ է: Նաեւ, իհարկե, իշխանատենչ ամբիցիաներից վեր կանգնելու մեջ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Hay says:

    “ընդհանուր «ընդդիմադիր հոսանք” չկա հիմա, մնացել է մի քանի տոկոս ժեխ և մի քանի հարյուր ֆեյք:

  2. Հ.Շ. says:

    Այն երեւոյթը որ այս խմբագրականին մէջ կը մատնանշուի, թերեւս ամենաէական խնդիրն է, որու պատճառով կորսնցուցինք Արցախը. եւ այդքան կեանքեր:

    Արդարեւ, տեղի ունեցած աղէտէն առաջ ալ, այսպէս էր: Այդտեղի բնակիչները բնա՛ւ գիտակից չէին, թէ՝ ուր կը բնակին, թէ՝ ինչ վիճակի մէջ են:

    Ամբողջովին ցնորական, delusional վիճակի մը մէջ էին:

    Գոյութիւն չունեցող երկրի մը մէջ, կը կարծէին որ կ’ապրին՝ Անգլիա, Գերմանիա կամ ԱՄՆ:

    Գոյութիւն չունեցող պետութեան մը պատրուակը շփոթելով իրականութեան հետ՝ ժողովրդավարութիւն կը խաղային:

    Մինչեւ որ՝ յանուն իսկական երկիրներու արժէքներուն – սկսեալ այդ Ժողովրդավարութիւն ըսուածէն -, Երեւանի յեղափոխութիւնն ալ տեղափոխեցին այդտեղ: Դուխո՛վ:

    Այս խորապէս անբնական, հիւանդագին հոգեբանութենէն կը սերին, բոլոր միւս խնդիրները, որոնց պատճառով տեղի ունեցաւ 21րդ դարու Հայոց Աղէտը:

    Եւ հիմա ալ, այո, ահա… Ամիսներէ ի վեր՝ բանտարկուած, առնէտներո՛ւ պէս թակարդուած՝ իրենց աւելի կան երբեք անգոյ, երեւակայական, զառանցական «երկրին» մէջ, մարդիկը, դարձեալ զբաղուած ե՜ն՝ ներքաղաքական խաղերով, իշխանական ունայնութեան վրայ մնացած, երեք ոտքով աթոռների կռիւներով… Ս

    Ասիկա, տառացիօրէն, խենթութիւն է: Հաւաքական, արտասովոր աստիճանի՝ յիմարութիւն, ապուշութիւն:

    Ճանապարհը հենց որ բացուի, ան որ այդտեղ դեռ նշոյլ մը խելք, բանականութիւն ունի, արդէն դուրս է գալու այդտեղից:

    Դժուար է լինելու միմիայն պարագան անոնց, որոնք խելք ունին, մարդավարի եւ նորմալ են, սակայն նաեւ՝ նահատակուած հարազատ ալ ունին, այդտեղ…

    Որ նահատակուեցաւ, քանի որ ինք գիտակից էր, թէ՝ ուր կ’ապրէր:

    Մ. Հայդուկ Շամլեան

  3. Լավատես says:

    Մենք մեր քաղաքացի նորակոչիկներից պետք է քաղաքացի պրոֆեսիոնալ կրթենք ու դաստիարակենք, չի կարելի նորակոչիկ քաղաքացու ձեռքը իշխանության զենք տալ, նրան պետք է սկզբից սովորեցնել իշխանության զենքի օգտագործման գիտություն եւ հմտություն, նոր միայն նրան զենք ու իշխանություն վստահել, հակառակ դեպքում այդ զենք իշխանությունը վնաս կբերի եւ շրջապատին եւ նորակոչիկ քաղաքացուն: Ինչպե՞ս պետք է այդ լիկբեզը անցկացնվի ժողովրդի մեջ, երբ մեր ժողովուրդը ոչնչով պակաս չէ զարգացած ազգերից, ուրեմն մեր խնդիրը ոչ թե ժողովրդի քաղաքական ընդունակություններն են, այլ չունենք մեթոդաբանություն եւ ուսուցիչներ, որոնք քաղաքացուց սուբյեկտ կդարձնեն, իսկ ժողովրդից’ հասուն ազգ: Դեռեւս մի գաղափար առաջարկեմ. սուբյեկտը ոչ միայն գաղափարական խմբի միաձայն որոշում կայացնողներից է, այլեւ այդ խմբում վետո դնելու հնարավորություն ունեցող անհատներից է: Դրա համար, երբ խումբը նոր անդամներ է ընգրկում, պետք է իր մակարդակին համապատասխան մեկին ընդգրկի, որ հետո անգրագետ վետոյի տակ չընկնի: Ամեն մի խումբ իր պատվիրակին է նշանակում, ով պետք է խմբի միաձայն որոշումը ներկայացնի վերխմբային կառույցում, որտեղ նույն’ բոլորի միաձայնության եւ մեկի վետոյի օրենքն է գործում: Սա է սուբյեկտայնությունը եւ իսկական ժողովրդավարությունը, այլ ոչ թե նորակոչիկ մեծամասնության ռազմական թե քաղաքական ընտրությունները: Մեզ ոչ միայն ռազմական, այլեւ քաղաքացիական բանակ է անհրաժեշտ: Բոլորիս ազգային պարտքն է ռազմական եւ քաղաքացիական ծառայություն մատուցել ազգին եւ պետությանը:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031