Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

«Բավական է, ինչքան մենք լռում ենք, լռելը բերում է նոր զոհեր»․ եզդի իրավապաշտպանն Արցախի ապաշրջափակման պահանջով նստացույց է սկսել

Մայիս 18,2023 13:25

«Ես Արցախի հարցի պահանջատերն եմ», «Արցախցին երբեք յաթաղանահպատակ չի եղել ու չի լինի» կարգախոսներով «Հանուն ժողովրդի բարեկեցության մարդասիրական եւ տնտեսական զարգացման» ՀԿ նախագահ, եզդի իրավապաշտպան Այսեր Իսայանն այսօրվանից անժամկետ նստացույց է հայտարարել Երեւանի «Օղակաձեւ» զբոսայգում տեղակայված «Նեմեսիս» հուշակոթողի մոտ։


«Իմ պահանջն ուղղված է ոչ թե տեղի իշխանություններին, այլ ամբողջ աշխարհին, սուտ ու կեղծ մարդասիրությանը, խուլ ու կույր արդարադատությանը։ Շրջափակման մեջ գտնվող 120 հազար արցախահայության իրավունքների պաշտպանությանն է ուղղված այս ակցիան։ Մենք ուզում ենք նաեւ թմբիրից արթնացնել ամբողջ աշխարհում սփռված մեր հայրենակիցներին, որովհետեւ մենք ականատես ենք լինում, որ ամբողջ աշխարհն ուղղակի արհամարհում է արցախցիների այս վիճակը։ Եվ Ադրբեջանն իրեն սատարողներով թքած ունի ամբողջ աշխարհի ունայն ու փուչ որոշումների վրա՝ սկսած Հաագայի դատարանի որոշումից»,- լրագրողներին ասաց Այսեր Իսայանը։

Նա նշեց, որ նստացույցն անժամկետ է, եւ հույս ունի, որ այն մեծ արձագանք է ունենալու․ «Ես կարծում եմ՝ ամբողջ աշխարհում մեր հայրենակիցները միանալու են այս նախաձեռնությանը՝ ամեն մեկը յուրովի»։

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ որոշեց նստացույցն անել հենց «Նեմեսիս» հուշարձանի մոտ, իրավապաշտպանն ասաց, որ այս հուշարձանը արդարադատության խորհրդանիշն է։ «Ես այսօր առավոտյան շարժվել եմ Սարդարապատի հուշահամալիրի տարածքից՝ որպես հաղթանակի սիմվոլ, եւ եկել եմ արդարադատության խորհրդանիշի մոտ՝ շարունակելու իմ նստացույցը։ Ինչո՞ւ ենք ընտրել հենց Նեմեսիս արձանը, որովհետեւ շրջակայքում Հանրային ռադիոն է, բուհերը, սա երիտասարդության եւ ազատ ձայնի խաչմերուկն է, որը հատվում է արդարադատության խորհրդանիշի հուշարձանի առջեւ։ Բավական է, ինչքան մենք լռում ենք, լռելը բերում է նոր, մեզ համար չկանխատեսված զոհեր։ Գուցե շատերը կանխատեսում են, որ լինելու են հերթական զոհեր, բայց ինձ համար դա անընդունելի է։ Ավելացնել սեւ հագած մայրերի թվաքանակը մեր լռությամբ, դա անթույլատրելի է։ Ամբողջ աշխարհը՝ Եվրոպան, Ամերիկան, գերտերություններն ընդամենը լռությամբ նայում են։ Գուցե նրանք հայի արյունով հագուրդ են տալիս իրենց կրքերի՞ն։ Այսինքն՝ ամբողջ աշխարհում այսքան պատերազմներից ու արյունահեղություններից գուցե նրանք վամպիրի հատկությո՞ւն են ձեռք բերել, նրանց ատամներն արյո՞ւն են ուզում։ Բավական է, եկեք կանխեք միասին։ Ինձ համար հիմա առաջնային է մեկ բան՝ ամբողջ աշխարհին կոչ անել ուշադրությունը դարձնել դեպի Արցախ, արցախահայություն»,- հավելեց Այսեր Իսայանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031